Էլեն Մուրադյան
2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն այս տարի անպայման պետք է տեսնել. այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Այս տարի անպայման դա պետք է տեսնել, որովհետև պետք է նաև համապատասխան ճիշտ ընկալում լինի այս փաստերի հետ առերեսվելուց, քաղաքական շահարկումներ պետք է չլինեն, պետք է լինի դասեր քաղելու գործընթաց»,- ասել է Քոչարյանը երեքշաբթի երեկոյան հրապարակված հարցազրույցում։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն աշխատանքների ավարտի մասին հայտարարել էր 2024-ի սեպտեմբերին։ Անդրանիկ Քոչարյանն այն ժամանակ հայտարարել էր, որ հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, և ներկայացվելու էր «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»։ Նա նաև ասել էր, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ հատվածների, բայց ոչ ամբողջական զեկույցին, քանի որ փաստաթուղթը գաղտնի տեղեկություն է պարունակվում։
«Զեկույցը պատրաստ է։ Քանի որ Սահմանադրությունը մեզ տալիս է հնարավորություն, ժամկետը լրանալուց հետո, մինչ ԱԺ լիագումար նիստ ընդգրկելը նաև որոշ թերությունների վրա աշխատել: Մինչև զեկույցը ներկայացնելը, գիտեք, որ Քննչական կոմիտեում բազմաթիվ քրեական գործեր են հարուցված և քննվում են, և ավարտված են շատ-շատերը։ Այսինքն մեզ պետք է որակյալ զեկույց այն առումով, որ մենք հասկանանք՝ ինչու պարտվեցինք, մեղավորներին որտեղ փնտրենք, եթե կոնկրետ անուն են ման գալիս»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։ Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ այն համարելով քաղաքական պատվեր կատարող մարմին։
Civilnet











