Գլխավոր Լրահոս

Հարկայինը ինստիտուցիոնալացնում է վախի մթնոլորտը. գործարար  

Հարկայինը ինստիտուցիոնալացնում է վախի մթնոլորտը. գործարար  

Վահրամ Միրաքյան

Հայաստանի հարկային մարմինների գործունեության հիմնական խնդիրն այն է, որ նրանք հաճախ ավելի շատ հանրային վնաս են պատճառում իրենց անհամաչափ խիստ մոտեցման արդյունքում, քան օգուտ։ Օրինակ, x բիզնեսի մոտ իրենց նախնական հաշվարկով նկատել են 100 մլն  դրամի հարկեր թաքցնելու դեպք, ինչի արդյունքում կալանավորում են հիմնադիրներին, պլոմբում են վաճառքի կետերը, հավաքում են համակարգիչները և այլն։ Հաճախ այս ամեն ինչն անում են այնպես, կարծես միջազգային ահաբեկչական խմբավորում են հայտնաբերել։ 

Հետագայում պարզվում է, որ խախտումը ոչ թե 100 մլն դրամի էր, այլ ասենք՝ 40-ի,  որ համակարգիչները հավաքելու, գործարարին, օրինակ, երեք շաբաթով կալանավորելու, վաճառքի կետերը պլոմբելու արդյունքում հարկայինը պետությանը 80 մլն դրամի վնաս է պատճառել, քանի որ եթե բիզնեսը շարունակեր բնականոն աշխատել, այդ երկու-երեք ամսում վճարելու էր 80 միլիոն դրամ հարկ։ Բայց հարկայինին հանրային շահը հետաքրքիր չէ։ Նրանք պատրաստ են 40 մլն հարկի համար կաթվածահար անել բիզնեսը, սթրեսի ենթարկում նրա թիմին և հիասթափեցնել գործարարին (որն ամենայն հավանականությամբ՝ սկսում է մտածել կապիտալը այլ երկիր տեղափոխելու մասին)։

Բնականաբար հարկայինի տեսուչներն ու քրեականի նրանց թիմակիցները սխալ հաշվարկների ու անհամաչափ պատժի համար հետագայում որևէ պատասխանատվություն չեն կրում ու շարունակում են իրենց «ահաբեկչական գործունեությունը»։ 

Թեմայի վերաբերյալ մի փոքր նայեցի այլ երկրների օրինակներ։ 

Օրինակ, Գերմանիայում կա Համաչափության սկզբունքը (Verhältnismäßigkeitsgrundsatz), որը ներառվում է բոլոր վարչական և քրեական գործերում։ Այս սկզբունքը իրավական գրեթե բոլոր փաստաթղթերում ենթադրվում է որպես պարտադիր գործիք՝ հատկապես պետական միջամտության դեպքում։

Բիզնեսի գործունեության շարունակականությունը դիտարկվում է որպես հանրային շահ, հետևաբար՝ պետական գործակալությունները պարտավոր են նախընտրել այնպիսի լուծում, որը թույլ է տալիս կազմակերպությանը գոյատևել ու զարգանալ։

Սա նշանակում է, որ եթե բիզնեսի կալանավորումը կամ փակումը ավելի մեծ վնաս է առաջացնում հանրության, աշխատատեղերի և տնտեսության համար, քան օգուտ՝ որպես պատիժ, ապա պետությունը պարտավոր է ընտրել ավելի մեղմ լուծում։ 

Հայաստանի հարկայինը առաջնորդվո՞ւմ է համաչափության սկզբունքով։ Իհարկե՝ ոչ։ Մեզ մոտ սկզբունքներն այլ են՝ շատ տուգանել բիզնեսին ու շատ բոնուս ստանալ, շատ քրեական գործեր բացել և աշխատանքի իմիտացիա ցուցադրել վերադասին և այլն։ 

Եթե ամփոփենք, ապա այս ենթատեքստում Հայաստանի հարկայինի հիմնական խնդիրներն են.

  1. Տնտեսական հետևանքների հաշվարկման բացակայություն՝ որպես համակարգային խնդիր

Հայաստանում հարկային և հետաքննող մարմինները գործնականում չունեն մեխանիզմ կամ պարտադիր գործառույթ՝ գնահատելու իրենց գործողությունների հետևանքով հնարավոր տնտեսական վնասը։

Օրինակ՝ վաճառքի կետի պլոմբումը, ակտիվների արգելափակումը կամ ղեկավարի կալանավորումը մեկ ամսով կարող է պետությանը զրկել հարյուր միլիոնավոր դրամ հարկային եկամտից, բայց որևէ պահի այդ հետևանքները ոչ հաշվարկվում են, ոչ էլ դառնում են գործելու սահմանափակում։

  1. Վախի մթնոլորտի ինստիտուցիոնալացում 

Այսօր Հայաստանում բիզնես միջավայրը հաճախ ձևավորվում է ոչ թե կանխատեսելի հարկային ու ֆինանսական օրենսդրության հիման վրա, այլ վախի մթնոլորտով՝ ստեղծված տուգանելու, ձերբակալելու և սանկցիաներ կիրառելու սպառնալիքով։ Այս քաղաքականության արդյունքում առաջանում է այն, ինչ տնտեսագիտական գրականության մեջ անվանում են «բիզնեսի ռիսկի պրեմիա», երբ գործարարներն ստիպված են ներառել ավելորդ ռեսուրսներ՝ չպաշտպանվածության ռիսկը կառավարելու համար։

  1. Մարդկային կապիտալի խաթարում

Երբ հարկային խստափակման արդյունքում ձերբակալվում է գործատուն կամ պլոմբվում են գրասենյակները, գործազրկության ռիսկի տակ են հայտնվում աշխատակիցները, խաթարվում են նրանց աշխատանքային ռիթմն ու բարոյահոգեբանական վիճակը։

Ի վերջո՝ պետական կառույցները, գործելով կոշտ, հաճախ դիտավորյալ կամ սխալ հիմքերի վրա, վնասում են իրենց իսկ հավաքագրվելիք հարկային բազան, որովհետև հիասթափված ու ճնշված աշխատողները չեն ստեղծում արժեք, իսկ գործատուները սկսում են փնտրել ուղիներ՝ տեղափոխվելու այլ իրավաբանական միջավայր։

  1. Անարդյունավետության վերարտադրություն

Այսօրվա մոտեցումը ոչ միայն հանրային վնաս է առաջացնում, այլև վերածվում է ինստիտուցիոնալ անարդյունավետության։ Քանի որ տեսուչներն ու քննիչները գնահատվում են քրեական գործերի քանակով, ոչ թե վերականգնված պետական եկամտով կամ տնտեսության կայունությամբ, համակարգը ոչ թե լուծում է խնդիրներ, այլ վերարտադրում է դրանք։

Եթե Հայաստանն իրապես ցանկանում է ունենալ տնտեսապես գրավիչ, ներդրումներին բաց և միջազգային ստանդարտներին համահունչ հարկային միջավայր, ապա անհրաժեշտ է օրենսդրորեն ներդնել համաչափության սկզբունքը, որի կիրառումը կլինի պարտադիր ոչ միայն դատարանների, այլև հարկային մարմինների ու նախաքննական մարմինների համար։

Պետական կառույցների գործելաոճը չի կարող հիմնվել վախի, պատժի և ուժի ցուցադրության վրա։ Այն պետք է հիմնված լինի համաչափության, կանխատեսելիության և պատասխանատվության սկզբունքների վրա։

Բիզնեսը պետք է զգա, որ պետության խնդիրը ոչ թե բիզնեսի սխալները որսալն ու առավելագույն խիստ պատիժ տալն է, այլ համապատասխան պայմաններ ստեղծելը, համատեղ ուժեղ պետություն կառուցելու համար։ 

Վահրամ Միրաքյանը «Մանթաշյանց» գործարարների միության նախագահն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում