Գլխավոր Լրահոս

Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերություններում․ Միրզոյան

Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական ԶԼՄ-ների հետ զրույցում չի բացառել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել Թուրքիայում։ Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է նախարարի հարցազրույցը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում` Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների հետ։

«Ինչ վերաբերում է ստորագրման վայրին, դա էական չէ: Կա գաղափար՝ այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը: Չեմ բացառում որևէ տարբերակ», - ասել է նախարարը։

Նախարարն՝ ի պատասխան լրագրողների հարցադրումների, անդրադարձել է Ադրբեջանի պահանջներին։ Ադրբեջանական կողմը շարունակաբար հղում է անում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ պահանջելով փոփոխություն: Նրանք նշում են, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում կա հղում Անկախության հռչակագրին, որում, ըստ նրանց, առկա է տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Այդքան էլ ճիշտ չէ, քանի որ Անկախության հռչակագրի միայն այն մասերն ունեն պարտադիր իրավական ուժ Սահմանադրության իմաստով, որոնք բառացիորեն մեջբերված են Սահմանադրության մեջ», - ասել է Միրզոյանը:

Նախարարի խոսքով, ստորագրման նախապատրաստվող համաձայնագիրն արդեն անդրադառնում է այդ խնդրին: Համաձայնագրով կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել որպես Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններ՝ Խորհրդային Միության փլուզման պահին, և որոնք հետագայում դարձել են միջազգային ճանաչում ստացած  

«Եթե պայմանագիրը ստորագրվի և ուղարկվի վավերացման, այն պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության համար։ Եթե Սահմանադրական դատարանն արձանագրի, որ այդ կետը լիովին համապատասխանում է Սահմանադրությանը, այսինքն՝ չի պարունակում որևէ տարածքային հավակնություն սահմաններից դուրս, ապա դա նշանակում է, որ որևէ խնդիր չկա։

Չի բացառվում Սահմանադրական դատարանի կողմից բացասական եզրակացություն տալու հավանականությունը, թե համապատասխան կետը չի համապատասխանում Սահմանադրությանը։ Այնուամենայնիվ, ես լուրջ հիմքեր ունեմ ենթադրելու, որ ամենայն հավանականությամբ դատարանը կարտահայտի դրական դիրքորոշում», - ասել է նախարարը: 

Արտգործնախարար Միրզոյանը ներկայացրել է նաև հայկական կողմի մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ: 

«Ադրբեջանի Սահմանադրության մեջ կա հղում իրենց Անկախության հռչակագրին, որտեղ նրանք հայտարարում են, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն առաջին Ադրբեջանական (Դեմոկրատական) Հանրապետության իրավահաջորդն է, ոչ թե Խորհրդայինի:

Առաջին Ադրբեջանական Հանրապետությունը, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը, հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան այսօրվա Ադրբեջանն է: Այն ներառում է այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ը»,- նշել է նախարարը:

Հայաստանի գլխավոր դիվանագետի խոսքով, Հայաստանը սակայն այս հարցը շարունակաբար չի բարձրացնում, որովհետև համարում է, որ լուծումը խաղաղության համաձայնագրի մեջ է: 

«Մենք ստորագրում ենք այն և լուծում ենք խնդիրը: Վերջ», - ընդգծել է Միրզոյանը:

Թուրքական լրատվամիջոցներից մեկի լրագրողն Արարատ Միրզոյանին հարց է ուղղել, արդյոք Ադրբեջանի պահանջները միայն ՀՀ Սահմանադրության նախաբանի փոփոխությունը, ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելը կամ թեկուզ ԵՄ մոնիթորինգային առաքելության դուրս բերումն է, թե Ադրբեջանն ավելի լայն պատկերացում կամ օրակարգ  ունի։

Հայաստանի ԱԳ նախարարը տեղին համարելով թուրք լրագրողի  հարցը, նշել է, որ երբեմն հայկական կողմին թվում է, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։ 

«‎Թե ինչ հաշվարկներից ելնելով՝ չեմ կարող ասել, բայց մենք իսկապես մտահոգություն ունենք, որ նրանք չեն ցանկանում ավարտին հասցնել կարգավորումը, չեն ցանկանում ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է Միրզոյանը։

Նախարարն այս համատեքստում հիշատակել է Ադրբեջանի ղեկավարության՝ լարվածություն դրսևորող հռետորաբանությունը, որը կարող է հանգեցնել նաև գետնի վրա էսկալացիայի։ Միրզոյանը խոսել է այս իրավիճակի վերաբերյալ նաև հայ հասարակության կարծիքից, թե Ադրբեջանը հետագա ծրագրեր ունի՝ հարձակվել և վերահսկողություն հաստատել Հայաստանի ինքնիշխան տարածքների որոշ հատվածների վրա։

«Կարգավորման գործընթացում կան նաև այլ ուղղություններ։ Մենք ներկայացրել ենք մի շարք առաջարկներ՝ հաղորդակցության վերականգնման, փոխադարձ վստահության ամրապնդման, այդ թվում՝ փոխադարձ վերիֆիկացիայի և սպառազինությունների վերահսկման ուղղություններով։ Դրանք եղել են հիմնավորված և իրատեսական առաջարկներ։ Սակայն, ցավոք, որևէ կառուցողական արձագանք չենք ստացել։ Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը պարզապես շահագրգռված չէ կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու մեջ և իրականում պատրաստակամ չէ խաղաղություն կառուցելու»,- ասել է Միրզոյանը։

Լրագրողի հարցին, արդյոք Թուրքիան կարո՞ղ է կառուցողական դեր խաղալ՝ երկու կողմերին մոտեցնելու համար, օրինակ՝ առաջնորդների մակարդակով, Միրզոյանը դրական է պատասխանել։ «Այո՛, Թուրքիան կարող է»։ Նախարարի տպավորությամբ, Թուրքիայի հրապարակային դիրքորոշումն այն է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը լավ է ընթանում։ 

«Սա իմ անձնական մեկնաբանությունն է։ Ես բառացիորեն չեմ մեջբերում որևէ թուրք պաշտոնյայի հայտարարություն, բայց ընդհանուր տպավորությունս հետևյալն է՝ Թուրքիան ասում է, այո, մեր երկկողմ գործընթացը լավ է ընթանում, ունենք այս ծրագիրը, այն ծրագիրը, ունենք Հայաստան–Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման մտադրություն, բայց չենք կարող այն ամբողջությամբ ավարտին հասցնել, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը լիովին իրականացված չէ»,- ասել է Միրզոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում