Գլխավոր Լրահոս

44-օրյայի մասին զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում․ Քոչարյան

44-օրյայի մասին զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում․ Քոչարյան

2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում։ Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Հարցին, թե ինչո՞ւ ավելի շուտ զեկույցը չեն ներառում ԱԺ լիագումար նիստ, Քոչարյանը մեկնաբանեց, որ սեպտեմբերին քաղաքական, և բոլոր առումներով, կրքերը հանգստացած կլինեն, բացի այդ, ըստ Քոչարյանի, ընտրված շրջանը սիմվոլիկ է։

«‎Քանի որ սեպտեմբերի 27-ը շաբաթ է, լիագումար նիստը կսկսվի 30-ին։ ԱԺ նախագահը հարցը կներառի խորհրդի նիստում և օրը վերջնական կորոշվի։ Կարծում եմ շատ կարևոր է, որ հենց այդ օրը ներկայացվի լիագումար նիստում, քանի որ շատ կարևոր, սիմվոլիկ օր է (սեպտեմբերի 27-ին սկսվել է 44-օրյա պատերազմը, խմբ․)»,- ասել է Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով, զեկույցը լինելու է գաղտնի բաժնում: Հաշվի առնելով գաղտնիության ծավալը՝ նիստը լինելու է դռնփակ։ Զեկույցը հասանելի է լինելու պատկան մարմիններին։  

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն աշխատանքների ավարտի մասին հայտարարել էր 2024-ի սեպտեմբերին։ Անդրանիկ Քոչարյանն այն ժամանակ հայտարարել էր, որ հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, և ներկայացվելու էր «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»։ Նա նաև ասել էր, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ հատվածների, բայց ոչ ամբողջական զեկույցին, քանի որ փաստաթուղթը գաղտնի տեղեկություն է պարունակվում։

2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։ Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ այն համարելով քաղաքական պատվեր կատարող մարմին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում