Գործընկերային բովանդակություն
Ապրիլի 17-ին Հայաստանում Ֆրանսիական համալսարանում բացառիկ դասախոսությամբ հանդես եկավ քաղաքագետ և ժամանակակից իսլամի մասնագետ Ժիլ Կեպելը։ Դասախոսության թեման էր՝ «Աշխարհի կարգի խաթարումը․ հոկտեմբերի 7-ից մինչև Դոնալդ Թրամփի ընտրություն»։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի բնակավայրերի վրա պաղեստինյան «Համաս» խմբավորման հարձակումից հետո իսրայելա-պաղեստինյան պատերազմ սկսվեց։ Դասախոսության ընթացքում Ժիլ Կեպելը վերլուծեց այդ իրադարձությունից հետո աշխարհում տեղի ունեցող քաղաքական, գաղափարական և աշխարհաքաղաքական վերափոխումները, ինչպես նաև դրանց անդրադարձը ցեղասպանության միջազգային ընկալման, Հայաստանի տարածաշրջանային դիրքի ու Արևմուտքի ներսում կատարվող քաղաքական վերադասավորումների վրա։
Համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին իր ելույթում կարևորեց նման դասախոսությունները ուսանողների համար.
«Ժիլ Կեպելը Միջին Արևելքի ամբողջ տարածաշրջանի մասնագետ է, որտեղ 40 տարի շարունակ ծայրից ծայր անցել է Եգիպտոսից Լիբանան, Սիրիա, այլ երկրներ և այս ամենի արդյունքում ունի համապարփակ հայացք։ Նա իր վերլուծությունների մեջ համադրում է մի շարք համակարգեր, ինչը նրան հնարավորություն է տալիս ավելի ընդհանրական, ավելի գլոբալ հայացք ունենալ, քան գիտնականների մի մասը, որոնք ավելի նեղ հայացք ունեն», - նշեց ռեկտորը։

Հայաստանում Ֆրանսիական համալսարանում դասախոսությամբ Ժիլ Կեպելը տվեց նաև իր նոր գրքի համաշխարհային մեկնարկը. գիրքը վերաբերում է հենց հոկտեմբերի 7-ից մինչև ԱՄՆ նախագահ Թրամփի ընտրությունն ընկած ժամանակահատվածին։
«Չէի պատկերացնում, որ գրքի համաշխարհային մեկնարկը Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կտրվի։ Ֆրանսիայում դա կարվի ավելի ուշ, բայց Հայաստանում կարծես ավելի շուտ ազդարարվեց, ինչի համար շատ ուրախ եմ»,- ասաց հեղինակը։
Քաղաքագետի խոսքով՝ հոկտեմբերի 7-ին սկսված իսրայելա-պաղեստինյան պատերազմը ցնցեց աշխարհը:
«Հոկտեմբերի 7-ից հետո աշխարհակարգի խաթարումը ոչ միայն քաղաքական կամ ռազմական, այլև պատմամշակութային մի գործընթաց է, որի հետևանքները դեռ ամբողջությամբ չենք ըմբռնել», - նշեց Կեպելը՝ հավելելով, որ Հայաստանը աշխարհագրական առումով գտնվում է առանձնահատուկ իրավիճակում՝ Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի խաչմերուկում, և շատ մոտ է Միջին Արևելքին, իսկ հոկտեմբերի 7-ի ազդեցությունն այս տարածքում ավելի ընդգծված է։
Քաղաքագետի խոսքով՝ հոկտեմբերի 7-ից հետո «Արևելք» և «Արևմուտք» այլևս չկա. դրանք փոխարինվել են մի կողմից՝ «գլոբալ Հարավով», մյուս կողմից՝ «Հյուսիսով»։ Նոր ձևավորվող այս աշխարհակարգում մեծ արձագանք է ստանում Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծությունների դատապարտումը, որը Կեպելը ներկայացնում է իբրև «Հյուսիսի» (Արևմուտք) պատմական գործունեության՝ հատկապես «Հարավի» (Արևելք) նկատմամբ հարստահարման և ստրկացման գագաթնակետ։ Այսինքն՝ Աֆրիկայի և «Հարավի» այլ երկրների գաղութացումը, ստրկացումը դիտվում է որպես գլոբալ անարդարության հիմնական օրինակ։
Կեպելն անդրադարձավ նաև հոկտեմբերի 7-ից հետո ցեղասպանության ընկալումների փոփոխությանը. «Ցեղասպանություն հասկացությունը դարձել է բազմաչափ։ Այն գործիքավորվում է տարբեր ուժերի կողմից իրենց քաղաքական օրակարգը առաջ տանելու համար։ Այն կորցնում է իր իրավական հստակությունը»։
Քաղաքական իսլամի, միջազգային ճնշման ենթարկվող Իրանի ապագայի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարների շուրջ Ժիլ Կեպելը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին։
Սիրանուշ Ադամյան
Civilnet











