Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 21-ին հայտարարեց, որ կոռուպցիոն դրսևորումներն անընդունելի են քաղաքապետարանում։ Նա անդրադարձավ Շենգավիթի թաղապետարանում նախորդ շաբաթ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված քննչական գործողություններին՝ իրականացված քրեական վարույթի շրջանակում։
«Էլ ինչքա՞ն պետք է այս գործողությունները կրկնվեն, որ բոլորս հասկանանք՝ խաղի կանոնները փոխվել են»,- ընդգծեց Ավինյանը։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց իրավապահներին և նշեց, որ ինքը կապ չունի տվյալ իրադարձությունների հետ։
«Մի շարք լրատվամիջոցներ տարածեցին լուսանկարներ, որոնք տպավորություն էին ստեղծում, թե իբր ինձ են ձերբակալել։ Պետք է նշեմ, որ դեպքը տեղի չի ունեցել վարչական շենքում և ոչ էլ իմ ներկայությամբ։ Մեր աշխատակիցներից մեկը այս պահին տնային կալանքի տակ է։ Նախաքննությունը շարունակվում է։ Կարող եմ հստակ ասել՝ համայնքի բյուջեից թեկուզ մեկ լումայի գողությունը մեզ համար սրիկայություն է», – ասաց Մկրտչյանը։
Ավինյանն ընդգծեց, որ խնդիրը համակարգային է, քանի որ նման դեպքերը շարունակաբար կրկնվում են նույն մակարդակում։
Կիրակի օրը լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Հակակոռուպցիոն կոմիտեի հետ համատեղ քննչական գործողություններ են իրականացնում Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում։ Նշվում էր, որ աշխատակազմի երկու աշխատակից են ներգրավված եղել, որոնք կասկածվում են կաշառք պահանջելու և ստանալու համար։
Civilnet











