Կոնդ թաղամասի վերակառուցման մրցութային գործընթացում հաղթող չի ընտրվել։ Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի ապրիլի 21-ի աշխատանքային նիստի ընթացքում։
«Չի արձանագրվել մի հայեցակարգ, որը լիարժեքորեն բավարարեր հանձնաժողովի պահանջներին։ Ներկայում իրականացվում է աշխատանք՝ առկա հայեցակարգերի և ճարտարապետական լուծումների համադրման ուղղությամբ՝ նպատակ ունենալով մշակել ամբողջական մի նոր հայեցակարգ։ Այն պետք է անցնի մասնագիտական քննարկումներ, որից հետո հնարավոր կլինի խոսել դրա գործնական կիրառման, ներդրողների ներգրավման և Կոնդի վերակառուցման նախագծի հաջորդ փուլերի մասին», – հայտարարեց քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ գործընթացը մեկնարկել է դեռևս այն ժամանակ, երբ ինքը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը՝ չորս տարի առաջ։ «Ենթադրվում էր, որ ծրագիրը կավարտվի մեկ տարվա ընթացքում, սակայն մինչ օրս մրցութային գործընթացի հաղթող չենք ունեցել»,- նշեց Ավինյանը։
***
Կոնդի հարցը ծագել է վաղուց։ Ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ Հայաստանի անկախացումից հետո քննարկվել է Կոնդի վերակառուցման հարցը։ Նման մրցույթ, օրինակ, եղել է 1985-ին։ Վերջինը հայտարարվեց 2021-ին։ Հետո լռություն տիրեց, միայն 2023-ի հուլիսին քաղաքային իշխանությունը հիշեց Կոնդի վերակառուցման նախագծի մասին` հայտարարելով, որ վերակառուցման գործընթացը գործնական փուլ է մտնում, բայց այդպես էլ հայտարարությունները մնացին միայն պաշտոնական լրահոսերում։
Կոնդեցիներն էլ սպասում են սեփականության վկայականների տրամադրմանը։ Հետո կքննարկեն մյուս հարցերը։ Նաև ասում են, որ Կոնդի շուրջ աղմուկն արհեստածին է։ Կոնդեցիների կարծիքով՝ Կոնդն անհրաժեշտ է կոնդեցիներով և նախկին տեսքով։ Նրանք դեմ են, որ այստեղ շենքեր կառուցվեն, ինչպես եղել է թաղամասի որոշ հատվածներում։
Դիտեք նաև՝
Civilnet











