Գլխավոր Լրահոս

Ապահովագրելով միմյանց

Ապահովագրելով միմյանց

Հայաստանի ապահովագրական շուկայի փոքր ծավալները ընկերություններին ստիպում են դիտարկել կլանման ու միաձուլման և ոչ թե ներքին ռեսուրսների հաշվին զարգացման ճանապարհը։ Այս պայմաններում «Ռոսգոստրախ Արմենիա» և «Գարանտ ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ակնկալվող միաձուլումը նոր լիցք կարող է հաղորդել ոլորտին՝ խոշորացման մղելով նաև մյուս ընկերություններին։

Հայաստանի ապահովագրական շուկայում շարունակվում է ընկերությունների խոշորացման գործընթացը։ «Ռոսգոսստրախ Արմենիան» ձեռք է բերում «Գարանտ ինշուրանս» ապահովագրական ընկերությունը։ Այս մասին news.am-ին ասել էր Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Գարանտ ինշուրանսի» հիմնադիր Արա Բաբլոյանը։

Գործարքն ապահովագրական շուկայում առաջինը չէ և ըստ էության 2011թ. մեկնարկած գործընթացների տրամաբանական շարունակությունը։ 2011թ. միաձուլվեցին «Ռասկո» և Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Այ-Էս-Ջի» ապահովագրական ընկերությունները, ինչի արդյունքում ստեղծվեց «Արմենիա ինշուրանսը»։ Անցած տարի հունիսին փակվեց «Ինգո Արմենիա» և «Կասկադ ինշուրանս» ապահովագրական ընկերությունների միաձուլման գործարքը։

Հայաստանի ապահովագրական շուկայում կլանումները շուկայի թույլ զարգացվածության և փոքր ծավալների արդյունք են։ Այսպես՝ անցած տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ (վերջին հասանելի տվյալներն են) ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալը կազմել է Դ13,2 մլրդ, ակտիվները՝ Դ39 մլրդ, ապահովագրական վճարների ծավալը՝ Դ29,3 մլրդ, որից 42%-ը բաժին է ընկել ԱՊՊԱ-ին։ Ապահովագրական ընկերությունների պորտֆելում խոշոր մյուս սեգմենտը պետական համակարգի աշխատակիցների համար պարտադիր բժշկական ապահովագրության պոլիսներն են։

«Ռոսգոստրախ Արմենիայի» կողմից «Գարանտ ինշուրանսի» ձեռքբերումը նոր թափ կհաղորդի շուկայի կոնսոլիդացիային։ Հայաստանի ապահովագրական շուկայում դեռևս գործում են երկու համեմատաբար փոքր ընկերություններ՝ «Ռեսոն» և «Սիլ ինշուրանսը», որոնք մրցակցությանը դիմագրավելու խնդիր են ունենալու։ Երկու այդ ընկերությունների միավորումը տեսականորեն հնարավոր է ինչպես «Արմենիա ինշուրանսի», այնպես էլ «Նաիրի ինշուրանսի» հետ։

Ապահովագրական շուկայում ընկերությունների խոշորացումը ողջունելի է։ Այն թույլ է տալիս ներդնել ռիսկերի գնահատման ժամանակակից և ծախսատար տեխնոլոգիաներ, դիվերսիֆիկացնել ապահովագրական պորտֆելը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, նվազեցնել կորուստները։

Դիվերսիֆիկացնելով պորտֆելը
Ձեռք բերելով «Գարանտ ինշուրանսը»՝ «Ռոսգոստրախ Արմենիան» ոչ միայն կընդլայնի մասնաբաժինը ապահովագրական շուկայում, այլև կդիվերսիֆիկացնի ապահովագրական պորտֆելը։ «Գարանտ ինշուրանսը» մասնագիտացած է առողջության ապահովագրության սեգմենտում, որում այժմ դիրքերն ամրապնդելու հնարավորություն է ստանում «Ռոսգոստրախ Արմենիան»։

2012թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ «Գարանտ ինշուրանսի» Դ1,1 մլրդ ապահովագրավճարների 80%-ը կազմել են առողջության գծով ապահովագրավճարները։ «Ռոսգոստրախ Արմենիայի» Դ7,8 մլրդ ապահովագրավճարներում բժշկական ապահովագրության մասնաբաժինը կազմել է 31% է, ԱՊՊԱ ապահովագրավճարներինը՝ 47%։

Բացի առողջության ապահովագրության սեգմենտում մասնաբաժնի ավելացումից՝ «Ռուսգոստրախ Արմենիան» այս գործարքով ոլորտում մասնագիտացված աշխատակիցներ կստանա՝ բարձրացնելով առողջության ապահովագրության պրոդուկտի սպասարկման որակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում