Գլխավոր Լրահոս

Հինգ տարի անց

Հինգ տարի անց

Այսօր՝ ժամը 16:00-ին, «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում «Սիվիլիթաս» հիմնադրամը ներկայացնելու է իր հերթական տարեկան զեկույցը, որը վերնագրված է «Հայաստան 2012. ընտրության տարի»: Զեկույցի շնորհանդեսից հետո Հիմնադրամը նշելու է նաև իր գործունեության հինգերորդ տարին: Ինչպես նախորդ տարիների, 2012թ. տարեկան զեկույցը ևս վերլուծում և գնահատում է տարվա կարևորագույն ներքին և միջազգային իրադարձությունները, նախանշում զարգացումների հնարավոր սցենարները և լուծման տարբերակները: Զեկույցից որոշ հատվածներ ներկայացված են 5-րդ էջում, իսկ ներածական հատվածը՝ ստորև:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ «Սիվիլիթաս» հիմնադրամը, հետ նայելով անցած տարվան, փորձում է գնահատել Հայաստանում և նրա շուրջ իրողություններն ու զարգացումները: Միշտ էլ խնդիր կա, որ տարեկան այս զեկույցը չվերածվի սոսկ իրադարձությունների շարադրման: Մեր նպատակն է կենտրոնանալ միտումների և ինստիտուցիոնալ փոփոխությունների վրա: Յուրաքանչյուր տարի, սակայն, ավելի ու ավելի դժվար է դառնում որևէ նոր բան ասել այս առումով՝ հաշվի առնելով կառուցվածքային փոփոխությունների դժկամ ընթացքը:

2012-ը տարբերվում էր նախորդ տարիներից միայն նրանով, որ թե՛ ժողովրդի, թե՛ իշխանության համար ընտրության ավելի մեծ հնարավորություններ կային: Մեր հյուսիսային հարևանները իրենց ընտրությունն արեցին՝ զարմանալի հետևանքներով, բայց նաև գիտակցությամբ, որ դա իրե՛նց ընտրությունն է:

Հայաստանում, որտեղ տարին և՛ ընտրական էր, և՛ նախընտրական, քաղաքական տարբեր ուժեր նույնպես ընտրության հնարավորություն ունեին՝ կա՛մ լրջորեն համագործակցել և մրցակցել, կա՛մ անել նվազագույնը դաշտում մնալու համար: Իշխող կուսակցությունը նույնպես ընտրության հնարավորություններ ուներ՝ կա՛մ ընտրությունների գնալ՝ ընտրողների պահանջները բավարարելով, կա՛մ ձևացնել, որ անում է դա: Ընտրության հնարավորություններ ուներ նաև կառավարությունը՝ կա՛մ բոլորի համար հավասար տնտեսական դաշտ ապահովել, կա՛մ դա չանելով՝ ընկնել մանրի հետևից: Գործարար էլիտան ևս զուրկ չէր ընտրության հնարավորություններից՝ կա՛մ գործել օրինական դաշտում և ստեղծված արդյունքը կիսել հանրության հետ, կա՛մ շարունակել ստվերային եկամուտներ ստանալ ու ապրել պետության հաշվին: Տարածաշրջանում և աշխարհում էլ ընտրության հնարավորություն կար՝ կա՛մ ձայն տալ գաղափարներին, կա՛մ տուրք՝ բնազդային հակազդեցություններին: Վերջապես, հասարակության ակտիվ մասն էլ ուներ ընտրություն՝ ո՛ր մարտը կռվել և ո՛ր դաշինքին միանալ:

Ստեղծված հուսազուրկ իրավիճակում մարդիկ նույնպես ընտրություն ունեին: Նրանք հուսահատությանը պատասխանելու երկու ձև ունեին: Ինչպես տնտեսագետ Ալբերտ Հիրշմանը կասեր, «մարդիկ ընտրում են կա՛մ ոտքի ճանապարհը, կա՛մ մնալու և բողոքելու»: Այս տարի ևս շատերն ընտրեցին առաջին տարբերակը: Ովքեր ընտրեցին երկրորդ տարբերակը, դա արեցին առանց խանդավառության:
Երկու բացառությամբ, իհարկե: Առաջինը նրանք էին, ովքեր ավելի մեծ քաղաքական իշխանություն և պատասխանատվություն էին ցանկանում և կարողացան հետևում թողնել միմյանց նկատմամբ թշնամանքն ու վիրավորանքները և համագործակցել հանուն փոփոխությունների՝ թեկուզ տարբեր ձևերով ու ընկալումներով: Երկրորդը այն փոքր նոր խմբերն էին, որոնք հպարտորեն հայտարարում են քաղաքականությունից հեռու մնալու մասին, բայց ընդվզում, պահանջում և պայքարում իրենց իրավունքների համար:

Գալիք տարում ավելի շատ ընտրության հնարավորություններ են լինելու՝ թե՛ Հայաստանում և Ադրբեջանում, թե՛ Վրաստանում: Այնուհետ այս ժողովուրդներից յուրաքանչյուրը ստիպված է ցույց տալ, որ ինքը ընտրություն կատարելու իրավունք է ցանկանում և պաշտպանելու է այդ իրավունքը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում