Գլխավոր Լրահոս

Վերացնել աճը խոչընդոտող գործոնները

Վերացնել աճը խոչընդոտող գործոնները

«Սիվիլիթաս» հիմնադրամը հրապարակել է իր հերթական տարեկան զեկույցը, որը վերնագրված է «Հայաստան 2012. ընտրության տարի»: Զեկույցի տնտեսական բաժինը վերնագրված է «Անհետևանք աճ», որտեղ խոսվում է այն մասին, որ 2012թ. երկրում արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշների բարելավումը ժողովրդի իրական կյանքում իր արտահայտությունը չի գտել: Բոլոր բաժինների մասով զեկույցը ներկայացնում է հնարավոր զարգացումները և խնդիրների լուծման տարբերակներ: Տնտեսական բաժնի այդ հատվածը ներկայացված է ստորև:

Հեռանկար
Համաշխարհային տնտեսության հեռանկարի կանխատեսումները 2013թ. համար ավելի լավատեսական են, քան վերջին տարիներինը: Եթե այդ կանխատեսումներն իրականանան, և Հայաստանի երկու ամենամեծ տնտեսական գործընկերներ Ռուսաստանն ու Եվրոպական Միությունը աճ արձանագրեն, ապա բնականաբար դրանից կշահի նաև Հայաստանը:

Համաշխարհային բանկը Հայաստանում 2013թ. 4,3 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, մինչդեռ Հայաստանի կառավարությունը՝ 7,1 տոկոս: Լավատեսական այս կանխատեսումը Հայաստանը կարող է իրականություն դարձնել միմիայն այն դեպքում, եթե նախորդ հինգ տարիներին վարած տնտեսական քաղաքականության և մտածողության մեջ լինեն հիմնարար փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավոր լինի երկրում անհրաժեշտ պայմաններ ու միջավայր ապահովել բիզնեսի զարգացման և օտարերկրյա ներդրումների համար, որոնք սրընթաց անկում ունեցան 2012թ.:

Նախագահական ընտրություններից հետո երեք հնարավոր զարգացում կարող է լինել՝ նոր կառավարություն՝ նոր ծրագրով, հին կառավարություն՝ նոր ծրագրով, հին կառավարություն՝ հին ծրագրով: Առավել հավանական է վերջին տարբերակը, ինչը կնշանակի նախորդ հինգ տարիների քաղաքականության շարունակություն և տնտեսական լճացած վիճակի ու ինստիտուցիոնալ արատների խորացում:

2013թ. Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերները կշարունակեն մնալ նույնը՝ տնտեսական աճին զուգահեռ իրական կյանքում արտացոլվող տեղաշարժեր՝ աղքատության կրճատում, աշխատատեղերի ստեղծում և աշխատավարձերի բարձրացում, հարկահավաքման ընդլայնում և հարկեր/ ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի էական փոփոխություն և, վերջապես, կառուցվածքային փոփոխությունների իրականացում:

Լուծումներ
Կառավարությունը, հաշվի առնելով անցած հինգ տարիներին իրականացրած տնտեսական քաղաքականության անարդյունավետությունը և մի կողմ դնելով ընտրական տրամադրություններն ու նախընտրական հռետորաբանությունը, շատ լուրջ գնահատական պետք է տա իր գործունեությանը և համարձակություն ունենա շեշտադրումների հստակ փոփոխություններով լուծումներ առաջարկել երկրի առջև ծառացած տնտեսական խնդիրներին:

Շեշտադրումը միանշանակ պետք է արվի տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման և կենսամակարդակի բարձրացման վրա: Սա ենթադրում է ընդլայնողական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն: Գնաճի խնդիրները և դրանց համապատասխան լուծումները պետք է դիտարկվեն տնտեսական քաղաքականության այս տրամաբանության շրջանակում:

Հաշվի առնելով, որ գործող նախագահն ամենայն հավանականությամբ երկրորդ ժամկետը կզբաղեցնի՝ նա հնարավորություն կունենա կատարելու նախընտրական խոստումները և վերացնելու տնտեսական աճը խոչընդոտող գործոնները՝ կոռուպցիան, հովանավորչությունը և մենաշնորհները:

2013թ. Հայաստանի առջև դրամաշնորհների լայն հնարավորություններ կարող են բացվել Եվրոպական Միության խոստացած դոնորների համաժողովի կազմակերպմամբ և Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի վերսկսմամբ: Նախընտրական, ընտրական և հետընտրական փուլում Հայաստանի իշխանությունները պետք է անեն ամեն հնարավորը, որպեսզի ապահովեն այդ գումարները հատկացնելու պահանջները՝ հնարավոր դարձնելով դրանց հոսքը Հայաստանի տնտեսություն:

Ավարտին պետք է հասցվի Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: Այս գործընթացին որևէ կերպ չպետք է խոչընդոտեն Հայաստանի՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը միանալու հարցում հնարավոր ճնշումները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում