Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։
-Ի՞նչ փուլում են գտնվում սահմանազատման աշխատանքները: Արդյոք կա՞ պայմանավորվածություն Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ:
-Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա: Կողմերն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ և առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ:
***
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:
2024-ի մայիսին Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատել են Տավուշ-Ղազախ հատվածը։
Ազգային ժողովը 2024-ի հոկտեմբերին ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու օրենքի նախագիծը։
Civilnet











