Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է լուծել այն բազմաթիվ կարիքներն ու լարվածությունները, որոնք առաջանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Region Monitor-ի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի աշխատակազմի խորհրդական Սաադոլլահ Զարեին:
«Իսլամական հանրապետության առաջնորդ Այաթոլա Խամենեին իր Նոր տարվա ելույթում, տնտեսական խնդիրների վերաբերյալ խոսելիս, օրինակ բերեց «Հյուսիս-Հարավ միջանցքը»: Ադրբեջանի բոլոր պահանջները, Հայաստանի բոլոր պահանջները, Վրաստանի, մեր, Ռուսաստանի, նույնիսկ Թուրքիայի և Եվրոպայի պահանջները կարող են լուծվել այս լայնածավալ միջանցքի շրջանակում՝ առանց լարվածություն առաջացնելու։ Իմ կարծիքով՝ պարոն Փաշինյանի առաջարկը լիովին արժանի է ուսումնասիրության»,- ասել է Զարեին։
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականն անդրադառնալով տարածաշրջանում արտաքին ուժերի միջամտությանն ասել է, որ դրանք թեև կարող են խնդիրներ ստեղծել, բայց էականորեն չեն կարող փոխել իրավիճակը, որովհետև Իրանն այս տարածաշրջանի հանդեպ զգայուն է։ «Սա մի տարածաշրջան է, որը մի ժամանակ մաս է կազմել Իրանի հնագույն աշխարհագրության»,- ասել է նա։
Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի դերին, Զարեին նշել է, որ թույլատրելի է համարում որ Թուրքիան ակտիվ դեր ունենա Կովկասում, ինչպիսին Ռուսաստանն է։ Բայց, ըստ նրա, Թուրքիան չի կարող ի վնաս մյուս երկրների՝ առաջ տանել իր քաղաքականությունը:
«Ներկայումս Թուրքիան և անձամբ պարոն Էրդողանն ընդլայնում են հակամարտությունը Հարավային Կովկասում։ Սա տրամաբանական չէ։ Սա Թուրքիայի ազգային շահերի կամ անվտանգության մասին չէ, այլ մի քաոսային գաղափարախոսության մասին է, որը տարածվում է Կովկասում։ Եվ այդ գաղափարախոսությունն ի վերջո վնաս է տալիս հենց Թուրքիային, որովհետև հակամարտության պայմաններում Թուրքիան չի կարող առաջ տանել իր քաղաքականությունը։ Սա վնաս է նաև տարածաշրջանի մնացած երկրների համար։ Սա մի բան չէ, որ հնարավոր է անտեսել»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը։
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում:
Civilnet











