ԱՄՆ կառավարությունը ցանկանում է Հայաստանի կառավարության հետ կնքել ժողովրդավարության և կառավարման ոլորտի ծրագրերի աջակցման նոր համաձայնագիր, որն իր տեսակի մեջ բացառիկ կլինի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանում: Այս մասին այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Հիլիարդին նշել է, որ Հայաստանի ժողովրդավարության և կառավարման ոլորտում նախատեսվող օժանդակության նպատակն է խթանել ավելի մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական կառավարման համակարգի ձևավորմանը, օտարերկրյա ներդրումների ավելացմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանն ու ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:
Նախատեսվող համաձայնագրի շրջանակում USAID-ն ծրագրում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ժողովրդավարության և կառավարման բարեփոխումներին աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրել $32 մլն ֆինանսական աջակցություն:
«Սա մեր երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության նոր մակարդակ է, որը կարող է նախադեպ դառնալ տարածաշրջանի երկրների համար, քանի որ որևէ այլ երկրի հետ դեռևս նման ծրագիր չենք իրականացնում», - ասել է USAID հայաստանյան գրասենյակի ղեկավարը:
Տիգրան Սարգսյանը ողջունել է նոր ծրագիրը` նշելով, որ Հայաստանը պատրաստ է երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը:
Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչ մարտի 31-ը:
Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Վերջինս ընդգծել է, որ USAID նոր ծրագրով Հայաստանը և Միացյալ Նահանգները կթևակոխեն համագործակցության նոր փուլ:
Civilnet











