Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ում այժմ գրեթե անհնար է բացահայտ խոսել Գազայում տեղի ունեցող ցեղասպանության մասին. Թաներ Աքչամ

ԱՄՆ-ում այժմ գրեթե անհնար է բացահայտ խոսել Գազայում տեղի ունեցող ցեղասպանության մասին. Թաներ Աքչամ

Թուրք նշանավոր պատմաբան Թաներ Աքչամը, որը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր աշխատանքներով, ահազանգ է հնչեցնում ԱՄՆ համալսարաններում խոսքի ազատության ճգնաժամի մասին, ինչը, ըստ նրա, վտանգում է ժողովրդավարությունը, պատմական ճշմարտությունը և ցեղասպանագիտության ապագան:

«Ամերիկյան համալսարաններում խոսքի ազատության ճգնաժամն անհավատալի է: Սա մի երկիր էր, որը հպարտանում էր ազատություններով: Այժմ գրեթե անհնար է բացահայտ խոսել Գազայում տեղի ունեցող ցեղասպանության մասին»:

Երևան այցի ընթացքում ՍիվիլՆեթին տված հարցազրույցում Աքչամը նշել է, որ ուսանողները և պրոֆեսորները, որոնք քննադատում են Իսրայելի գործողությունները Գազայում, լռեցվում են, պատժվում և որոշ դեպքերում՝ հեռացվում: «Օտարերկրյա ուսանողներին արտաքսում են: Պրոֆեսորները վտանգում են իրենց աշխատանքը պարզապես ակնհայտն արձանագրելու համար, որ ցեղասպանություն է տեղի ունենում մեր աչքի առաջ»: Աքչամը նշել է, որ իր նախկին ուսանողներից մեկը Մինեսոտայի համալսարանում մրցույթում հաղթել է, ապա կորցրել աշխատանքի հնարավորությունը Գազայի վերաբերյալ իր տեսակետների պատճառով:

Նա նշում է, որ ճնշումների այս ալիքը բացահայտում է ամերիկյան գիտական շրջանակներում առկա խորը փտածությունը, ինչի դեմ կարիք կա համակարգված արձագանքի: Աքչամն ու նրա գործընկերները վերջերս հիմնադրել են Ցեղասպանագիտության և Հոլոքոստի ուսումնասիրությունների ճգնաժամային ցանցը՝ նպատակ ունենալով պաշտպանել ակադեմիական ազատությունը և առերեսվել «խորը ճգնաժամին» հենց ցեղասպանագիտության ոլորտում:

«Հաստատությունները, որոնք հիմնադրվել էին զանգվածային ոճրագործությունները կանխելու համար, այժմ օգտագործվում են դրանք արդարացնելու համար»,- ասում է Աքչամը: «Հոլոքոստի հիշողությունը զենք է դարձել քաղաքացիական անձանց սպանությունն արդարացնելու համար: Գիտնականները, որոնք պետք է պաշտպանեն համընդհանուր մարդու իրավունքները, փոխարենը աջակցում են պետության բռնությանը: Մենք ոչ միայն առերեսվում ենք ցեղասպանագիտության, այլև քաղաքակրթական ճգնաժամի»:

Աքչամը, որն ամբողջ կյանքում կենտրոնացել է Հայոց ցեղասպանության ճշմարտությունը բացահայտելու վրա՝ հակառակ թուրքական պետության տասնամյակների ժխտման, մտահոգիչ զուգահեռներ է տեսնում այսօր Գազայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և այն փորձառության միջև, որն ինքը և այլ գիտնականներ ունեցել են Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարելիս:

«Մենք այս ամենը տեսել ենք նախկինում,- ասում է նա:- «Հակաթուրքական» օրենքների զենքայնացումը, ազգային անվտանգության հռետորաբանությունը, ահաբեկչության մեղադրանքները՝ այս ամենը ծանոթ է: Գազայի վերաբերյալ Իսրայելի փաստարկները գրեթե նույնությամբ կրկնօրինակում են այն մարտավարությունը, որը Թուրքիան կիրառել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար»:

Աքչամը պնդում է, որ ժխտումը երբեք չի վերաբերում միայն անցյալին. «Ժխտողականությունը ձևավորում է արտաքին քաղաքականությունը: Թուրքիայի մոտեցումը Հայաստանի, Սիրիայի, քրդերի հանդեպ՝ այս ամենը արմատավորված է 1915-ին առերեսվելուց հրաժարվելու մեջ: Նմանապես, Իսրայելի գործողությունները Գազայում չեն կարող առանձնացվել այն ամենից, թե ինչպես է այն պատմականորեն դիրքավորվել որպես զոհերի պետություն»:

Աքչամը նշում է, որ նրանք, ովքեր մտահոգված են Հայոց ցեղասպանության արդարության համար, պետք է մտահոգված լինեն նաև պաղեստինցիների արդարության համար. «Հակառակ դեպքում, մենք չենք կարող հավակնել բարոյական հետևողականության: Արդարությունը պետք է համընդհանուր լինի, այլապես այն ընդհանրապես արդարություն չէ»:

Աքչամը զգուշացնում է, որ պատմական ցեղասպանությունների միջազգային ճանաչումը կարող է դառնալ դատարկ ժեստ: Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից հետո մտահոգիչ փոփոխություն կա. «Աշխարհն ասաց՝ մենք կատարեցինք մեր պարտքը: Այժմ շարունակենք առաջ շարժվել»:

Նա ընդգծում է, որ ճանաչումը չպետք է սահմանափակվի խորհրդանշական հայտարարություններով. «Անցյալի ոճրագործությունների ճանաչումը պետք է հանգեցնի գործողությունների այսօր՝ փոքրամասնությունների իրավունքների ապահովմանը, խաղաղ հարաբերությունների կառուցմանը, ագրեսիվ ազգայնական քաղաքականության ապամոնտաժմանը: Հակառակ դեպքում, դրանք ընդամենը դատարկ խոսքեր են»:

Խոսելով այսօրվա Թուրքիայում զարգացումների մասին՝ Աքչամը խորհուրդ է տալիս լավատեսության մեջ զգուշավոր լինել: Չնայած Էրդողանի ռեժիմի աճող ավտորիտարիզմին, ըստ նրա, տեղի է ունեցել հոգեբանական զգալի փոփոխություն. «Թուրքիայում մենք հաղթեցինք հոգեբանական պատերազմում։ Նրանք այլևս բացահայտ չեն հարձակվում մեզ վրա: Նրանց բառապաշարը մեղմացել է, չնայած պաշտոնական ժխտումը շարունակվում է»:

Աքչամը նշում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ապրիլի 24-ի հայտարարությունը, որտեղ նա ցավ էր հայտնում 1915-ին հայերի կորուստների համար, ինչը հեռու է նախկին ուղղակի ժխտումներից: Այնուամենայնիվ, Աքչամն ընդգծում է, որ Թուրքիայում իրական փոփոխությունը կապված է մնում ավելի լայն ժողովրդավարացման ջանքերի հետ. «Հայոց ցեղասպանության արդարությունը և Թուրքիայի ժողովրդավարացումը գնում են ձեռք ձեռքի: Ազատության ուղղությամբ յուրաքանչյուր փոքր քայլ ամրապնդում է արդարության գործը»:

Անդրադառնալով Հայաստանում, Գազայում և այլուր խաղաղության ու արդարության համար պայքարին՝ Աքչամն ընդգծում է այս հարցերի ցավալի բարդությունը. «Միշտ լարվածություն կա խաղաղության և արդարության միջև: Երբեմն քաղաքական զիջումներ պետք է արվեն: Բայց միայն բաց, ժողովրդավարական բանավեճի միջոցով հասարակությունները կարող են հաղթահարել այս երկընտրանքները»:

Ավտորիտար համակարգերում նման բանավեճն անհնար է, և դա է պատճառը, որ Ամերիկայում խոսքի ազատության ճգնաժամն այդքան մտահոգիչ է. «Երբ համալսարաններն են լռեցնում քննադատական ձայները, նրանք ոչնչացնում են հենց այն տարածքը, որտեղ ծնվում է արդարությունը»:

Պրոֆեսոր Թաներ Աքչամը Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի (UCLA) «Փրոմիս» հայկական ինստիտուտի (Promise Armenian Institute) Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի առաջին տնօրենն է: Ավելի վաղ նա Քլարկի համալսարանում Սթրասլեր Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնում (Strassler Center for Holocaust and Genocide Studies) ղեկավարել է Գալուստեան/Մուգար ժամանակակից հայոց պատմության և ցեղասպանության ամբիոնը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում