Հայաստանում «տեղեկատվություն և կապն» աճում է, դրա բաղկացուցիչ ՏՏ-ն նվազո՞ւմ

Հայաստանում «տեղեկատվություն և կապ» ոլորտը 2025 թվականի առաջին ամիսներին գրանցել է նշանակալի աճ՝ վերականգնելով նախորդ տարվա աննշան անկման միտումը։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվարին ոլորտի ծավալը կազմել է 120,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 17,7 տոկոսով։ Հիշեցնենք, որ 2024-ի նույն ամիսներին այս ոլորտում գրանցվել էր 0,2% անկում։
«Տեղեկատվություն և կապ» ոլորտը ծառայությունների ոլորտում շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր՝ զիջելով միայն ֆինանսական և ապահովագրական գործունեությանը։ Վերջինս, 2025 թվականի առաջին երկու ամիսներին կազմելով 185 մլրդ դրամ, ծառայությունների ընդհանուր ծավալի 33,4% է, և նախորդ տարվա համեմատ աճել է 21,5%-ով։ Միևնույն ժամանակ, «տեղեկատվություն և կապ» ոլորտը հաշվետու ժամանակահատվածում ապահովել է ՀՀ ծառայությունների ընդհանուր ծավալի 21,7%-ը։
Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այս ցուցանիշները վերաբերում են ողջ «տեղեկատվություն և կապ» ոլորտին՝ ներառյալ հեռահաղորդակցությունը, կապի ծառայությունները և տեղեկատվական տեխնոլոգիաները միասին։ Այսպիսով, տվյալները չեն արտացոլում բացառապես ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտի վիճակը։ ՏՏ-ի վերաբերյալ առանձնացված տվյալներ հրապարակվում են եռամսյակային կտրվածքով, և դրանց բացակայության պայմաններում ոլորտի ընթացիկ միտումները գնահատվում են այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության միջոցով։
Խոշոր ՏՏ ընկերությունների վճարած հարկերի դինամիկան համարվում է ոլորտի ակտիվության կարևոր ցուցիչ։ Modex խորհրդատվական ընկերության ուսումնասիրության համաձայն՝ 2025թ. առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել են 76 ՏՏ ընկերություններ։ Դրանք պետական բյուջե փոխանցել են ընդհանուր 19 մլրդ դրամի հարկային վճարումներ, ինչը 337,5 մլն դրամով պակաս է 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ըստ նույն աղբյուրի՝ այս ընկերությունները միասին ապահովել են ՊԵԿ-ի հավաքագրած եկամուտների 3,4%-ը: Նշված 76 ընկերություններից հավաքագրված շահութահարկը կազմել է 1,4 միլիարդ դրամ, որի 14,1%-ը՝ մոտ 205 մլն դրամ, բաժին է հասել ոլորտի առաջատարներից մեկին՝ Synopsys Armenia ընկերությանը։
Այնուամենայնիվ, հարկային վճարումների ծավալը ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունների մի մասի համար նվազել է։ 20 ամենախոշոր ՏՏ հարկատուներից 11-ի դեպքում արձանագրվել է վճարած հարկերի անկում։ Հատկապես զգալի է նվազումը Veeam Armenia ընկերության պարագայում, ինչը պայմանավորված է հիմնականում եկամտային հարկի նվազումով։
Ըստ Modex-ի զեկույցի՝ հաշվարկները կատարվել են պետական բյուջե ընկերությունների կողմից փոխանցված ընդհանուր գումարների և ԱԱՀ ու ակցիզային հարկի գծով միասնական հաշվից վերադարձված գումարների տարբերության հիման վրա։
Արշալույս Մղդեսյան
Civilnet










