Ջերմուկից հետո կառավարությունը որոշել է զբոսաշրջությունը զարգացնել նաև Գորիսում։ Էկոնոմիկայի նախարարությունը մշակել և կառավարության հաստատմանն է ներկայացրել «Գորիսի զբոսաշրջության զարգացման ծրագիրը»։
Գորիսը պետական մեկ գերատեսչությունից տեղափոխվում է մյուսի տիրույթ՝ այդպես էլ չվերածվելով զբոսաշրջային կենտրոնի։ 2011թ. հունիսին մշակույթի նախարարությունը կառավարության հաստատմանն էր ներկայացրել «Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման մասին» որոշման նախագիծը։ Գործադիրի այս տարվա հունվարի 31-ի նիստին էլ էկոնոմիկայի նախարարությունն է ներկայացնելու «Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։
Մշակույթի նախարարության կողմից մշակված «Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման մասին» որոշման մեջ նշվում էր, որ էկոնոմիկայի նախարարությունը պետք է ապահովի Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակումը և այն ներկայացնի կառավարության հաստատմանը։ Այդ ամենը նախարարությունը պետք է կատարի վեցամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև 2011թ. վերջ։ Ծրագիրը միայն այժմ է ներկայացվում կառավարության հաստատմանը։
Գորիսում զբոսաշրջության զարգացման ծրագիրը ենթադրում է քաղաքի պատմամշակութային միջավայրի վերականգնում, զբոսաշրջային ռեսուրսների տվյալների բազայի ստեղծում, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավում և այլն։ Արդյունքում Գորիսը հավակնում է վերածվել տարածաշրջանային ամենամյա ավանդական փառատոներ կազմակերպող միջազգային կենտրոնի։
Էկոնոմիկայի նախարարության հավակնություններն ավելի համեստ են։ Մշակույթի նախարարությունը նախատեսել է մինչև 2016թ. Գորիսը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող՝ տարվա չորս եղանակի զբոսաշրջային կենտրոն։ Վերջին այս դրույթը մշակույթի նախարարությունը պարզապես վերցրել է Ջերմուկի զարգացման հայեցակարգից, միայն այն տարբերությամբ, որ Ջերմուկը նման կենտրոնի պետք է վերածվեր մինչև 2012թ.։ Մշակույթի նախարարությանը Գորիսը տեսնում էր նաև էկոլոգիական, այլընտրանքային և արկածային զբոսաշրջության կենտրոն։
Թե որքանով կառավարությանը կհաջողվի Գորիսը դարձնել զբոսաշրջային կենտրոն, ցույց կտա ժամանակը, ինչպես նաև նմանատիպ նախորդ ծրագրերի փորձը։
Խնդիրն այն է, որ 2008թ. կառավարությունը հաստատել է «Ջերմուկ քաղաքը հայտարարել զբոսաշրջային կենտրոն» որոշումը: Ջերմուկը այդ ժամանակ համեմատվում էր անգամ չեխական Կառլովի Վարի առողջարանային քաղաքի հետ, նշվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում Ջերմուկը հնարավոր է վերածել համաշխարհային հեղինակավոր զբոսաշրջավայրերին այլընտրանքային զբոսաշրջավայրի։
Մինչև 2012թ. Ջերմուկը պետք է դառնար «միջազգային չափանիշներին համապատասխանող, տարվա չորս եղանակի զբոսաշրջային կենտրոն՝ առողջարանային և ձմեռային զբոսաշրջային կենտրոն, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, համահայկական, ինչպես նաև միջազգային մանկապատանեկան և երիտասարդական ճամբարատեղի, մշակութային զբոսաշրջության կենտրոն»։ Ընդ որում՝ քաղաքը պետք է ապահովեր տարեկան 100 հազ. զբոսաշրջային այցելություն, զբոսաշրջությունից ստացվող եկամուտը պետք է հասցվեր տարեկան $100 մլն-ի, ստեղծվեր 4 հազ. լրացուցիչ աշխատատեղ։
Ակնհայտ է, որ Ջերմուկը այս ընթացքում այդպես էլ չի դարձել զբոսաշրջային կենտրոն, չեն կատարվել ծրագրում նախանշված ցուցանիշները։ Ինչ ճակատագիր կվիճակվի Գորիսի զարգացման ծրագրին՝ ցույց կտա ժամանակը, առավելևս, երբ դադարել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր ալիքի մասին հայտարարությունները։
Civilnet











