Կիրիենկոն զբաղվելու է Հայաստանում ռուսական շահերի առաջմղմամբ. «Վեդոմոստի»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն ստանձնել է Հայաստանի հարցերի համակարգումը, հայտնում է ռուսաստանյան «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով դաշնային մակարդակի չորս պաշտոնյաների և ՌԴ նախագահի աշխատակազմի հետ աշխատող երկու զրուցակցի։
Համաձայն հրապարակման՝ Հայաստանի ուղղությամբ աշխատանքների համակարգման գործառույթը Կրեմլի ներքաղաքական բլոկին է անցել նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակից:
Ավելի վաղ Կիրիենկոյին հանձնարարվել էին արտաքին ուղղությամբ այլ աշխատանքներ: Մասնավորապես, այժմ նրա թիմը պատասխանատու է Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի (ինչպես նաև Մերձդնեստրի, որը չի ճանաչել ՌԴ-ն) հետ աշխատանքների համար:
Չնայած 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին, ըստ հրապարկման, Հայաստանի պարագայում ներկա փուլում իրականացվելու է տեղեկատվական, այլ ոչ թե նախընտրական աշխատանք։
«Հայաստանի ղեկավարությունն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք, ինչն անթույլատրելի է ռուսական պետական քաղաքականության տեսանկյունից», - կարծում է զրուցակիցներից մեկը:
Հոդվածում նշվում է, որ այս փուլում աշխատանք է տարվում Հայաստանում տեղեկատվական օրակարգի հետ: Աղբյուրը նշում է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026-ին և «դրանց մոտենալուն զուգընթաց նոր խնդիրներ կառաջադրվեն»:
ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Հայաստանում Կիրիենկոյի առջև դրվելու է «փափուկ ուժի» կիրառման միջոցով ռուսական շահերի առաջմղման խնդիր. «Աշխատելու են մոտավորապես այնպես, ինչպես Աբխազիայում վերջին ընտրությունների ժամանակ»:
Թերթի աղբյուրը նշել է, որ առաջիկա ընտրություններում միևնույն է՝ հաղթելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Բայց հիմա խնդիրն ընտրությունները չեն, այլ Ռուսաստանի ներկայությունն այնտեղ»: Աղբյուրը նշում է, որ ներկայում Հայաստանում ռուսամետ քաղաքական գործիչներ չկան, բացի նախկին նախագահներից՝ Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից. «Հետևաբար, այնտեղ ոչ ոք չկա, ով կարող է խոսել Ռուսաստանի անունից»:
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն էականորեն վատթարացել են վերջին տարիներին: Հատկապես բեկումնային էր 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ: Այդ ժամանակ պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ խնդրելով ռազմական օգնություն և չստացավ ականկալվող աջակցությունը: Այս իրադարձությունից հետո Ռուսաստանի հետ հարաբերությույններում Հայաստանի քաղաքականությունը փոխվեց, և 2024-ի փետրվարին Երևանը սառեցրեց իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում: Չնայած այս ամենին՝ ապրիլի 28-ին Փաշինյանն Էստոնիա կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը չի ձգտում «սրել, խզել կամ վնասել հարաբերությունները Ռուսաստանի հետ»:
Civilnet










