Անցած տարի 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել Դ558,5 մլրդ-ի հարկեր, ինչը 2011թ. համեմատ ավելի է Դ75 մլրդ-ով կամ 15,5%-ով։ Նրանց բաժին է ընկել հարկային մուտքերի 77,1%-ը, այն դեպքում, երբ 2011թ. ցուցանիշը 76,7% էր։
Անցած տարի ավելացել է խոշոր հարկատուների մասնաբաժինն ընդհանուր հարկային մուտքերում, ինչից, սակայն, չի նվազել նրանց «ստվերայնության» աստիճանը։ 2012թ. պետբյուջեի հարկային մուտքերում ուղղակի հարկերի (եկամտահարկ, շահութահարկ) մասնաբաժինը կազմել է 29%, այն դեպքում, երբ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերում ուղղակի հարկերի մասնաբաժինը 24,8% է, 300 խոշոր հարկատուների դեպքում՝ 24,5%։ 1000 խոշոր հարկ վճարողներն ապահովել են պետբյուջե մուտքագրված Դ210,32 մլրդ ուղղակի հարկերի 65,8%-ը։
Խոշոր հարկատուների վճարած հարկերում ուղղակի հարկերի փոքր մասնաբաժինը խոսում է այն մասին, որ մյուս հարկատուների մոտ, որոնք ապահովել են ընդհանուր հարկային մուտքերի 22,9%-ը, գերակշռել են ուղղակի հարկերը։ Պարզ ասած՝ խոշոր հարկատուների ուղղակի հարկերի ցածր մասնաբաժինը խոսում է նրանց «ստվերայնության» բարձր աստիճանի մասին, քանի որ այդ հարկատեսակները, ի տարբերություն անուղղակի հարկերի, վճարում են հենց տնտեսավարողները։
Կանխավճարի հաշվին
2012թ. Հայաստանի թիվ մեկ հարկատուն, ինչպես և 2011թ., «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ վճարած հարկերի Դ31,67 մլրդ ծավալով, ինչն անցած տարվա համեմատ ավելի է Դ1,9 մլրդ-ով կամ 6,4%-ով։ Ուշագրավ է, որ 2012թ. երեք եռամսյակներում ընկերությունն այս ցանկում եղել է երկրորդը։ Չորրորդ եռամսյակում Զանգեզուրի կոմբինատը վճարել է միանգամից Դ9 մլրդ-ի հարկեր, որը 2011թ. նույն եռամսյակի համեմատ ավելի է 30%-ով։ Նման աճը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է կանխավճարների հանգամանքով։ Խնդիրն այն է, որ 2012թ. պետբյուջեով նախատեսված լրացուցիչ Դ101 մլրդ հարկերից Դ50 մլրդ-ը բաժին է ընկել հենց չորրորդ եռամսյակին, իսկ հավաքագրումն ապահովվել է «լոյալ» ընկերությունների կանխավճարների հաշվին։
Ցանկի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «ՀայՌուսգազարդը»՝ վճարելով Դ30,9 մլրդ, ինչը 2011թ. ցուցանիշը գերազանցում է Դ9 մլրդ-ով կամ 41%-ով։ Անցած տարի ընկերության կողմից գազի իրացման ծավալներն աճել են ընդամենը 4,8%-ով, իսկ վերջնական սպառողների համար սակագնի փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս պայմաններում վճարած հարկերի 41-տոկոսանոց աճը ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ 2012թ. Հայաստան առաքվող ռուսական գազի գինը 1000 խմ-ի հաշվով բարձրացել է մոտ $60-ով, ինչի արդյունքում էլ ավելացել է ընկերության վճարած հարկերի ծավալը։
Հայաստանի երրորդ խոշոր հարկատուն «Ղ-Տելեկոմն» է՝ Դ21,7 մլրդ-ով, որը 2011թ. ցուցանիշը գերազանցում է Դ4 մլրդ-ով կամ 22,5%-ով՝ հիմնականում ուղղակի հարկերի հաշվին։ Եթե հաշվի առնենք, որ անցած տարի ընկերությունում աշխատավարձերի էական բարձրացում տեղի չի ունեցել, իսկ հեռահաղորդակցության ոլորտում շարունակում են բարդ մնալ մրցակցության պայմանները, ինչը նվազեցնում է շահույթի հավանականությունը, ապա ուղղակի հարկերի Դ3,7 մլրդ աճը փոքր-ինչ անհասկանալի է։ Նման աճ կարող էր գրանցվել կանխավճարների հաշվին։ «Շահութահարկի մասին» օրենքի համաձայն՝ տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ։ Մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ՝ նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի կամ շահութահարկի հաշվարկային մեծության 18,75%-ի չափով։
Խոշոր հարկատուների ցանկում չորրորդը «Ալեքս Գրիգ» ընկերությունն է (փոխկապակցված է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ)՝ Դ17,4 մլրդ վճարած հարկերով, որը 2011թ. համեմատ քիչ է Դ0,3 մլրդ-ով կամ 1,7%-ով։ Ընկերությունը, ի դեպ, գերիշխող դիրք է զբաղեցնում մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում։ Այս պայմաններում հարկերի ծավալի նվազումը հուշում է «ստվերի» մասին, ինչի վկայություն կարող է լինել նաև վճարած ուղղակի հարկերի ծավալը։ Ընկերության վճարած ընդհանուր հարկերում ուղղակի հարկերի մասնաբաժինը 5,6% է, մնացածը անուղղակի հարկերն են (ԱԱՀ, ակցիզային հարկ), որն իրականում վճարում են սպառողները։
Հինգերորդ տեղում «ԱրմենՏել» ընկերությունն է՝ վճարած հարկերի 11,4 մլրդ ծավալով (2011թ. համեմատ նվազումը՝ Դ1,2 մլրդ-ով կամ 9,8%-ով)։ Հարկերի ծավալի կրճատումն ամենայն հավանականությամբ պայմանավորված է հեռահաղորդակցության շուկայում մրցակցային պայմաններով. պարբերաբար նվազեցվում են սակագները, ինչի արդյունքում նվազում է նաև հարկերի ծավալը։
Վեցերորդ հորիզոնականը, Դ11,1 մլրդ հարկերով, զբաղեցրել է բենզինի և դիզվառելիքի շուկայի խոշոր խաղորդ «Ֆլեշ» ընկերությունը։ 2011թ. համեմատ ընկերության վճարած հարկերի ծավալն ավելացել է Դ0,7 մլրդ-ով կամ 6,7%-ով։ Աճը պայմանավորված է ինչպես 2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններով, այնպես էլ կառավարության կողմից գյուղացիների համար դիզվառելիքի սուբսիդավորման ծրագրով. վառելիքը մատակարարել է «Ֆլեշը»։
Վառելիքի շուկայի մեկ այլ խոշոր խաղորդ՝ «Սիթի պետրոլ գրուպ» ընկերությունը զբաղեցրել է յոթերորդ տեղը՝ վճարելով Դ9,2 մլրդ-ի հարկեր (2011թ. համեմատ՝ Դ1,3 մլրդ-ով կամ 12,3%-ով պակաս)։ Նվազումը պայմանավորված է շուկայի կառուցվածքի փոփոխությամբ, ինչպես նաև բենզինի և դիզվառելիքի գների բարձրացման հետևանքով իրացման ծավալների կրճատումով։
Ութերորդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝ վճարելով Դ7,96 մլրդ-ի հարկեր (2011թ. համեմատ՝ ծավալը կրճատվել է Դ1,68 մլրդ-ով կամ 17,4%-ով)։ Ցանկում իններորդը «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունն է՝ Դ7,12 մլրդ հարկերով (2011թ. համեմատ՝ Դ3,32 մլրդ-ով կամ 87,4%-ով ավելի)։ Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է ծխախոտի ներկրմամբ զբաղվող «Ավերս» ընկերությունը՝ վճարելով Դ6,88 մլրդ-ի հարկեր (2011թ. համեմատ՝ Դ2,63 մլրդ-ով կամ 62%-ով ավելի)։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկը՝ այստեղ։
Civilnet











