Չինաստանի հիմնական շահագրգռվածությունը Հրվ․ Կովկասի կայունությունն է․ Բենիամին Պողոսյան

Ինն ամիս թափուր մնալուց հետո Չինաստանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել։ Ապրիլի 28-ին Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին:
APRI Armenia-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանն այն կարծիքին չէ, որ ամիսներ շարունակ Հայաստանում դեսպան չնշանակելով Չինաստանը փորձում էր իր դժգոհությունն արտահայտել։
«Ես այն համոզմանը չեմ, որ Չինաստանը փորձում էր ուղերձ հղել Հայաստանի կառավարությանը: Դա կարող էր ընթացակարգային խնդիր լինել»,- ասել է Պողոսյանը։
Նրա խոսքով՝ Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը և ռազմական կցորդն այս ընթացքում ակտիվ են մնացել, ինչը նշանակում է, որ դեսպանի բացակայությունը, հավանաբար, քիչ ազդեցություն է ունեցել երկու երկրների հարաբերությունների վրա։ Բենիամին Պողոսյանի խոսքով՝ Հայաստան-Չինաստան հարաբերությունները դեռևս հեռու են իրենց առավելագույն ներուժի կիրառումից։
«Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են 2019-ին, նույնիսկ COVID-19 համավարակից և 2020-ի Լեռնային Ղարաբաղում պատերազմից առաջ», - նշել է նա։
Պողոսյանն ընդգծել է, որ չնայած Չինաստանը Հարավային Կովկասը դիտարկում է հիմնականում որպես Եվրոպա արտահանման տարանցիկ ուղի, մասնավորապես՝ շատ քննարկվող Տրանսկասպյան միջանցքի միջոցով, Հայաստանը դեռևս չի դիրքավորվել որպես այդ շրջանակներում հիմնական խաղացող։ Պողոսյանը մեկնաբանել է, որ Չինաստանի հիմնական շահագրգռվածությունը տարածաշրջանում կայունության պահպանումն է՝ այդ տրանսպորտային ուղիներով ապրանքների անխափան հոսքն ապահովելու համար:
«Չինաստանը չի ցանկանում տարածաշրջանում ևս մեկ մեծ պատերազմ»,- ասել է նա։ Չնայած Պողոսյանն ընդունել է, որ նման սցենարը չափազանց կարևոր չի լինի Պեկինի համար՝ հաշվի առնելով աշխարհագրական հեռավորությունը, այնուամենայնիվ, այն կվնասի Չինաստանի ռազմավարական շահերին՝ Եվրոպա տանող անվտանգ և բազմազան առևտրային ուղիների հարցում։ Պողոսյանը հավելել է, որ Հայաստանը պետք է Պեկինի հետ իր հաղորդակցության մեջ ընդգծի, որ վերսկսված հակամարտությունը կարող է ներքաշել տարածաշրջանային տերությունների, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, ինչը ավելի կվնասի Չինաստանի երկարաժամկետ տնտեսական նպատակներին։
Ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, որտեղ Չինաստանը տարածաշրջանային նշանակալի ներդրումներ է կատարել, նրա տնտեսական հետքը Հայաստանում մնում է համեստ։
«Հայաստանում չինական խոշոր ներդրումներ չկան։ Չինաստան-Հայաստան հարաբերությունները այս փուլում ավելի շատ վերաբերում են մեղմ ուժին, այնպիսի նախագծերի, ինչպիսիք են ավտոբուսների և շտապօգնության մեքենաների նվիրաբերումը կամ չինարեն լեզվով դպրոցի բացումը»,- ասել է Պողոսյանը։
Civilnet










