Վիզաների ազատականացման գործընթացում առկա են դրական տեղաշարժեր։ Այս մասին ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։
Մարագոսը կարևորել է երկկողմ հետևողական աշխատանքն այդ ուղղությամբ:
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին և ընդգծել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության նոր ձևաչափեր և ոլորտներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մի շարք ոլորտային ծրագրերի և նախաձեռնությունների, որոնք իրականացվում են ԵՄ աջակցությամբ։ Մտքեր են փոխանակվել էներգետիկայի, կրթության, տնտեսական զարգացման և մի շարք այլ ոլորտներում առկա համագործակցության ներուժի և դրա իրացման հնարավորությունների վերաբերյալ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ԵՄ-Հայաստան նոր «Գործընկերության օրակարգի» ընթացքի վերաբերյալ:
ԵՄ պատվիրակության ղեկավարը նախագահին ներկայացրել է նաև առաջիկայում նախատեսվող Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ծրագիրը՝ շեշտելով դրանց ներառական բնույթն ու կարևորությունը, որոնք միտված են Հայաստանի քաղաքացիների իրազեկվածության ու ԵՄ-Հայաստան հարաբերություններում ներգրավվածության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին, ինչպես նաև հումանիտար և սոցիալական աջակցության ծրագրերին, որոնք իրականացվում են ԵՄ աջակցությամբ։
Երկուստեք կարևորվել է նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա խորացման և նոր նախաձեռնությունների համատեղ իրագործման անհրաժեշտությունը։
Civilnet











