Ֆինանսների նախարարությունն ամփոփել է խոշոր ձեռնարկությունների 2012թ. գործունեությունը, և 800 ընկերություն, օրենսդրության պահանջներին համապատասխան, պետք է հրապարակի իր ֆինանսական հաշվետվությունը` աուդիտորական եզրակացության հետ միասին: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հիշեցնելով, որ երեք տարի առաջ գործադիրը խոշոր ձեռնարկություններին պարտադրել էր հրապարակել ֆինանսական հաշվետվությունները` անկախ աուդիտորական եզրակացության հետ:
«Ճիշտ կլիներ, որ այս տեղեկատվությունը հրապարակվեր մեկ կայքում, այլ ոչ թե տարբեր թերթերում»,- ասաց վարչապետը` հավելելով, որ դա հնարավորություն կտա մեկ վայրում հավաքել այդ ընկերությունների վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ քաղաքացիները ստիպված չեն լինի այն փնտրել տարբեր թերթերում:
Տիգրան Սարգսյանի խոսքով` այն ընկերությունների նկատմամբ, որոնց աուդիտորական եզրակացությունները բացասական են եղել կամ կլինեն, պետք է խստացվի վերահսկողությունը: Նա նշեց, որ ընկերությունների գործունեության ֆինհաշվետվությունների հրապարակումը հասարակությանը և մամուլին հնարավորություն է տալիս վերլուծել տվյալ ձեռնարկությունների գործունեությունը:
Հիշեցնենք, որ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 26-րդ հոդվածների համաձայն` ֆինանսական հաշվետվություն պետք է հրապարակի այն կազմակերպությունը, որի տարեկան հասույթը գերազանցում է 1 մլրդ դրամը:
Civilnet











