Գլխավոր Լրահոս

Ալեն Սիմոնյանը Մոսկվայի կողմից Հայաստանում հեղաշրջման վտանգ չի տեսնում

Ալեն Սիմոնյանը Մոսկվայի կողմից Հայաստանում հեղաշրջման վտանգ չի տեսնում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Մոսկվայի կողմից հեղաշրջման վտանգ չի տեսնում. այս մասին այսօր նա հայտարարել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում։ Հարցին՝ Մոսկվայի կողմից Հայաստանում հեղաշրջման վտանգներ տեսնում է, Սիմոնյանը պատասխանել է․ «Ես որևիցե կողմից Հայաստանում հեղաշրջման վտանգ չեմ տեսնում, որովհետև ես վստահում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Ու սա ինձ համար ուղղակի խոսքեր չեն։ Սա ես կարող եմ ասել՝ հենվելով փորձի վրա, որովհետև 2020-ից սկսած՝ Հայաստանում իշխանություն փոխելու նպատակը տարբեր բևեռներից, տարբեր կողմերից եղել է գեր և կարևոր նպատակ»,- ասել է Սիմոնյանը։

Մայիսի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցելու է  Հայրենական  մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ Սիմոնյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն անցանկալի անձ չէ Ռուսաստանի համար։

Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմ է տարվում Հայաստանի դեմ։

«Ես հասկանում եմ՝ մեծաքանակ փող է ծախսվում։ Փող է գալիս դրսից, տարբեր տեղերից, մասնավորապես՝ հյուսիսային մեր հարևանի՝ ՌԴ կողմից։ Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ։ Այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ, օրինակ, ռուսական հեռուստաալիքներով տարբեր մեկնաբաններ, հաճախ հեռու-հեռու հայկական ազգանունների նշմարում ունեցող մարդկանցով, փորձում են Հայաստանում իշխանություն փոխել, միտինգների անոնսներ անել։ Եվ դա, ասեմ, զգուշացնեմ՝ 2026-ին ավելի է ակտիվանալու։ Եվ չեմ վախենում բարձրաձայնելուց՝ դա հակառակ ազդեցությունն է ունենալու, և ձեր ասած X վարկանիշը, որ ունի գործող իշխանությունը, կրկնապատկելու է»,- ասել է ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը պատմական իրադարձությունների բերումով իր պետականության և «անկախության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ հստակ քայլեր է անում, և դա ոչ բոլորին է դուր գալիս»։ 

«Որովհետև Հայաստանը պետք է միշտ կախված լինի ինչ-որ կենտրոնից, Հայաստանը միշտ պետք է ունենա մեծ եղբայր՝  որևիցե դեմքով, Հայաստանը պետք է միշտ նայի և մտածի, որ այդ մեծ եղբայրն ու այդ գերտերությունը եթե չլինեն, Հայաստանին կուտեն։

Այդ իրողությունն այսօր վերանում է։ Եվ դա հաճելի տարբերակ չի [նրանց համար], որովհետև Հայաստանն այնքան կառավարելի չէ, որքան նախկինում էր»,- ասել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահի ճեպազրույցին նախորդել էր նրա հանդիպումը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Սիմոնյանն ու Կոպերկինն անդրադարձել են ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարելիք առաջիկա պաշտոնական այցին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են նաև երկկողմ, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաներ: 


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում