Հայաստան առաքվող ռուսական գազի գնի շուրջ բանակցությունները գտնվում են ավարտական փուլում, այսօր լրագրողներին ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Հարցին, թե հայկական կողմը ինչ սպասումներ ունի բանակցություններից, նախարարը նշեց՝ «դա այն հարցը չի, որ սպասումներով խոսենք, ամեն դեպքում՝ բոլորից էժանը (գազը – խմբ.) մերը կլինի»։
Ի դեպ, անցած տարվա դեկտեմբերի 13-ին նախարարը հայտարարել էր, թե ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, և գազի գնի հարցը կհստակեցվի մինչև տարեվերջ։
Թեև էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պնդում է, որ Հայաստան առաքվող ռուսական գազի գինը կազմում է $180/1000 խմ, Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2012թ. տարվա առաջին կիսամյակում ներկրված 1000 խմ ռուսական գազի մաքսային արժեքը կազմել է $219, ինը ամիսներին՝ $225, երրորդ եռամսյակում՝ է $244։
Հայաստան առաքվող գազի գնի բարձրացման փաստը գաղտնի պահելը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է մինչև նախագահական ընտրությունները ներքին սպառողների համար սակագնի անփոփոխ պահելու կառավարության ցանկությամբ։ Ձեռքբերման գնի ու սակագնի միջև առաջացած տարբերությունը գործադիրը ֆինանսավորելու է սեփական միջոցներով, մասնավորապես՝ «Գազպրոմին» փոխանցելով «ՀայՌուսգազարդում» իր 20% մասնաբաժնի մի մասը՝ մոտ10%-ը:
«Գազպրոմի» կողմից Եվրոպա մատակարարվող գազի միջին գինը 2013-ին կկազմի $415/1000 խմ, Մոլդովայի համար՝ $370/1000 խմ, Ուկրաինայի համար՝ $352/1000 խմ, Բելառուսի համար՝ $168/1000 խմ։
Civilnet











