ԵՄ–Ադրբեջան հարաբերությունները. ավտորիտարիզմի ուղեցույց

OC Media, խմբագրական
ԵՄ-ն անտեսում է, երբ Ադրբեջանը բանտարկում է լրագրողներին և ճնշում այլախոհությունը։ Թբիլիսիի պաշտոնյաները, անշուշտ, ուշադրություն են դարձնում դրան։
Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասի նշանակումը ԵՄ բարձրաստիճան դիվանագիտական պաշտոնում կարևոր քայլ էր Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի դեմ ավելի վճռական դիրքորոշման և տարածաշրջանի ավտորիտար ղեկավարներին ուղերձ հղելու առումով։
Սակայն Կալլասի՝ վերջերս Բաքու կատարած այցը բացահայտում է, որ ԵՄ-ն խնդիր ունի հակազդելու ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի ցինիկ մոտեցումներին՝ սկզբունքային, արժեքահեն արտաքին քաղաքականությամբ։ Փոխարենը, ԵՄ-ն կրկին զիջել է սեփական արժեքները՝ իջնելով այն բարոյական բարձր դիրքից, որին հաճախ հավակնում է։
Ադրբեջանը՝ 2003-ից ի վեր Իլհամ Ալիևի դինաստիական իշխանությամբ, աշխարհամասի մարդու իրավունքների և մամուլի ազատությունը ոտնահարող «առաջատար» երկրներից է։ Այնտեղ ներկայում կամայականորեն կալանավորված է 24 լրագրող՝ Ալիևի իշխանության գալուց ի վեր ամենաբարձր ցուցանիշը, այդ թվում՝ ընդդիմադիր երկու հեղինակավոր մեդիայի գլխավոր խմբագիրները՝ Սևինջ Վագիֆղըզըն (Abzas Media) և Այնուր Գամբարովան (Meydan TV)։
Կալլասի այցի վերաբերյալ ԵՄ-ի պաշտոնական հաղորդագրություններում շեշտվում է, որ «ԵՄ-ն Ադրբեջանի խոշորագույն առևտրային գործընկերն ու ամենամեծ ներդրողն է»՝ փաստ, որը ենթադրում է, թե իրական քաղաքականության տեսանկյունից հենց Ադրբեջանն է, որ պետք է հարմարվի ԵՄ արժեքներին։
Սակայն իրականում ամեն ինչ հակառակն է։
Տնտեսապես այս համագործակցությունն օգտակար է երկու կողմերի համար, սակայն անհամաչափ է։
Եվրոպայում հարաբերության կողմնակիցները մատնանշում են Ադրբեջանի դերը՝ որպես Կենտրոնական Ասիայից նավթի ու գազի տարանցիկ ուղի, և իհարկե՝ Իտալիայի, Հունաստանի և Բուլղարիայի կախվածությունը ադրբեջանական գազից, մինչդեռ ԵՄ ընդհանուր գազի ներմուծման ընդամենը մոտ 3%-ն է բաժին ընկնում Ադրբեջանին։ Մյուս կողմից, Ադրբեջանի համար ածխաջրածինները կազմում են արտահանման եկամուտների մոտ 90%-ը և ռեժիմի կայունության կենսական հիմքն են։ Քննադատները պնդում են, որ Եվրոպան պարզապես փոխարինում է մեկ ավտորիտար մատակարարին մյուսով, մինչդեռ ԵՄ ղեկավարները դա արդարացնում են՝ որպես անհրաժեշտ փոխզիջում էներգետիկ անվտանգության ապահովման և Ռուսաստանի կողմից էներգետիկ շանտաժից խուսափելու համար։
ԵՄ-ն նշում է, որ սա «հարաբերություն է, որը պետք է զարգանա փոխադարձ հարգանքի հիման վրա»՝ մտահոգիչ հարգանք դրսևորելով Ադրբեջանի «կարմիր գծերի» նկատմամբ, հատկապես՝ վերջինիս ազատության՝ կոշտ կերպով ճնշելու այն արժեքները, որոնք ԵՄ-ն հայտարարում է, թե կարևորում է։
ԵՄ-ի՝ Ադրբեջանի նկատմամբ մեղմ մոտեցումը, անկասկած, աննկատ չի մնացել Վրաստանում, որտեղ իշխող ռեժիմը, ամենայն հավանականությամբ, ոգեշնչվում է ադրբեջանական ռեժիմի երկարակեցությունից և դրա արտաքին քաղաքական հաջողություններից։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծես համադրում է այս մոտեցումը ռուսական հին դիվանագիտական ռազմավարության հետ՝ զոհաբերել հարաբերությունները Արևմուտքի հետ հանուն ավտորիտար շահերի՝ հետագայում աստիճանաբար վերականգնելու դրանք նոր ձևավորված ստատուս քվոյի պայմաններում։ Այս ռազմավարությունը հնարավոր է կրկին ապացուցի իր արդյունավետությունը, քանի որ ԱՄՆ-ն կարծես պատրաստվում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հազարավոր ուկրաինացիների գերեզմանների հաշվին։
Իրենց իշխանության միջազգային լեգիտիմացումը, անկասկած, «Վրացական երազանքի» ծրագրի առանցքային մասն է՝ Ադրբեջանին նմանվող ավտորիտար համակարգ հաստատելու նպատակով, և Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի կարևոր առաջին քայլ։
Ընդհանուր համաձայնություն կա այն հարցում, որ «Վրացական երազանքը» սկսել է արշավ՝ քաղաքական ընդդիմության, քննադատական քաղաքացիական հասարակության և անկախ մեդիայի ոչնչացման ուղղությամբ։ Վրաստանի ամենահարգված մեդիա կազմակերպություններից մեկի տնօրեն Մզիա Ամաղլոբելին շարունակում է մնալ կալանքի տակ։ ԵՄ-ն չի ճանաչել հոկտեմբերին կայացած խորհրդարանական վիճահարույց ընտրությունների արդյունքները և դադարեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացն ու ֆինանսական աջակցությունը, սակայն արդեն ի հայտ են գալիս հարաբերությունների կարգավորման նշաններ։
Անցած շաբաթ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, թեև Թբիլիսիին սպառնացել էր հնարավոր նոր պատժամիջոցներով, բայց չէր բացառել Վրաստանի կառավարության հետ երկխոսության վերականգնման հնարավորությունը։
Մարտին Բելգիայի, Կիպրոսի և Լյուքսեմբուրգի ոչ ռեզիդենտ դեսպանները իրենց հավատարմագրերն են ներկայացրել «Վրացական երազանքի» կողմից ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլուն՝ մի քայլ, որից կարելի էր խուսափել։ ԵՄ երկրները հրաժարվել են հավատարմագրեր հանձնել Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսում 2020-ի կեղծված ընտրություններից ի վեր։
Հավելյալ վկայությունն այն մասին, որ ԵՄ-ի ընկալմամբ Բիձինա Իվանիշվիլին ոչ մի դեպքում Լուկաշենկոյի չափ վատը չէ, Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլու վերջին այցն է Վիեննա, որտեղ նրան պաշտոնապես ընդունել է նրա ավստրիացի պաշտոնակիցը։ Չնայած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բեատե Մայնլ-Ռայզինգերի կտրուկ արտահայտություններին՝ Բոչորիշվիլին դրանց դիմացել է գլուխը բարձր՝ դա համարելով փոքր գին՝ իմանալով, որ Ադրբեջանին բնորոշ «միայն բիզնես» մոտեցումը կարող է աստիճանաբար արմատավորվել։
ԵՄ-ի՝ Վրաստանի ավտորիտար կառավարության հետ կապերը չխզելու պատրաստակամությունն ավելի է ընդգծվում պատժամիջոցների սահմանափակ ծավալով։ Չնայած լայնորեն հայտնի է, որ ԵՄ միասնական պատժամիջոցները արգելափակվել են Վիկտոր Օրբանի Հունգարիայի և Ռոբերտ Ֆիցոյի Սլովակիայի կողմից, ԵՄ անդամ երկրների միայն մի քանի մասն է ինքնուրույն պատժամիջոցներ սահմանել վիճահարույց պաշտոնյաների, կոռումպացված դատավորների և խաղաղ ցուցարարների ու մեդիա աշխատողների դեմ բռնություն կիրառած անձանց նկատմամբ։
Քանի դեռ Գամբարովան, Վագիֆղըզըն և Ամաղլոբելին հետևում են կարգավորման այս գործընթացին իրենց բանտախցերից, Վրաստանի և Ադրբեջանի օրինակները հնարավոր է ապացուցեն, որ ավտորիտարիզմի այս մոդելը կայուն է և կարող է դառնալ նմանատիպ լուծումների խթան ԵՄ հարևանության տարածքում կամ հենց ԵՄ ներսում։
Civilnet










