Գլխավոր Լրահոս

Գյումրիի ավագանու անդամը հրաժարվել է մանդատից, հետո՝ մտափոխվել ու անհետացել

Գյումրիի ավագանու անդամը հրաժարվել է մանդատից, հետո՝ մտափոխվել ու անհետացել

Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանը հրաժարվել է մանդատից, սակայն օրեր անց փոխել է որոշումը։ Այժմ նա դատարանի միջոցով փորձում է վերականգնել մանդատը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է դաշինքի քաղաքապետի նախկին թեկնածու Մարտուն Գրիգորյանը։

«Կարենը ներկայացրել էր անձնական պատճառներ, համոզել ու հիմնավորել, որ ցանկանում է վայր դնել մանդատը։ Քաղաքապետն էլ կազմել է համապատասխան արձանագրություն և ուղարկել ընտրատարածքային հանձնաժողով։ Իսկ հետո պարզվել է, որ փոխել է որոշումը և ցանկանում է մանդատը հետ վերցնել։ Սակայն քաղաքապետը իրավասու չէ հետ կանչել արդեն կազմված արձանագրությունն ու նոր արձանագրություն կազմել»,- նշել է Գրիգորյանը։

Վերջինիս խոսքով, մանդատից հրաժարվելու դիմումից անմիջապես հետո Բադալյանը քաղաքապետարան է ուղարկել ևս մեկ նամակ՝ հայտնելով, որ ցանկանում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։

Մարտուն Գրիգորյանը նշել է, որ մտերիմ հարաբերություններ է ունեցել Բադալյանի հետ, սակայն մանդատից հրաժարվելուց հետո չի հաջողվել կապ հաստատել նրա հետ։

Գրիգորյանի թիմը ենթադրում է, որ այս պատմության հետևում կանգնած է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որին այդպես էլ չհաջողեց ստանձնել Գյումրիի ղեկավարությունը։

«‎Կարենը խնդրել է, համոզել է ինձ, որ պետք է պարտադիր վայր դնի մանդատը։ Այն ժամանակ ինձ համար հասկանալի չէր ինչ խնդիր կա։  Այդքան սկզբունքային մանդատից հրաժարվելուց հետո, այսօր Կարենը կպած այդ մանդատը հետ է ուզում։ Դրանից հետո այդ մարդու հետ չենք կարողանում կապ հաստատել։ Այս ամենից հետևություն կարող ենք անել, որ ՔՊ-ն չի հանդարտվել, և այս ամենը դրա հետևանքն է»,- ասել է Գրիգորյանը։

Մամուլում շրջանառվում են տարաբնույթ մեկնաբանություններ Բադալյանի մանդատից հրաժարվելու վերաբերյալ՝ ենթադրելով, թե ՔՊ-ն փորձում է Գյումրիում մանդատ «գողանալ»։ Այս մեղադրանքներին անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մի հոգի որոշել է մանդատը դնի, հետո որոշել է հետ վերցնի, ահա՝ այստեղ ՔՊ-ն կապ ունի: Պատգամավորներ կան «Հայաստան» դաշինքից, որ դուրս են եկել խմբակցությունից, պատգամավորներ կան, որ ՔՊ-ից են դուրս եկել. հիմա ինչ-որ մեկը փորձում է Աղազարյանին, Ասլանյանին և Գեղամ Նազարյանին մեկը մյուսից գողանա՞լ. էլ չեմ ասում, որ կան պատգամավորներ, որ ՔՊ-ով դարձան քաղաքական գործիչ, հիմա «Հայաստան» դաշինքում են: Բոլոր տեղերում այդպիսի բաներ կան: Ես հասկանում եմ, որ դրա շուրջ ուզում են քաղաքական բան եռացնել»,- ԱԺ-ում լրագողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրություններում ոչ մի քաղաքական ուժ չէր հաղթահարել անհրաժեշտ 50+ տոկոս շեմը՝ ինքնուրույն քաղաքապետ առաջադրելու համար։ «Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը» և «Մեր քաղաքը» դաշինքները համաձայնել էին աջակցել Վարդան Ղուկասյանի առաջնորդած ուժին։

Ներկա պահին Գյումրու ավագանու 33 մանդատից 14-ը պատկանում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, սակայն դա բավարար չէ մեծամասնություն կազմելու և սեփական քաղաքապետին առաջադրելու համար. ՔՊ-ին պակասում է երեք մանդատ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում