Հնդկաստանն ու Պակիստանը ռազմական գործողություններ են սկսել․ զոհեր կան

Հնդկաստանն ու Պակիստանը գիշերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց տարածքներում գտնվող թիրախներին։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Հնդկական կողմը հայտնել է, որ հրթիռային հարվածներն ուղղված են եղել «ահաբեկչական ենթակառուցվածքներին»՝ Պակիստանի Փենջաբ նահանգում և Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում։
Ռազմական գործողություններին նախորդել է երկու շաբաթ առաջ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Ջամու և Քաշմիր նահանգներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի համար Նյու Դելին մեղադրում է Պակիստանին։
Պակիստանի իշխանությունները հայտնել են, որ գիշերվա հարձակումների հետևանքով զոհվել է 8 մարդ՝ այդ թվում կանայք և երեք տարեկան մի աղջիկ, ևս 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Վարչապետ Շեհբազ Շարրիֆը հարվածները որակել է որպես «պատերազմական գործողություն»։
Հնդկաստանի ոստիկանությունը հայտնել է, որ Պակիստանի կողմից Ջամու և Քաշմիրի գնդակոծության հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 48-ը վիրավորվել են։
Civilnet










