Գլխավոր Լրահոս

Հայտարարագրումն ու նույնականացման քարտերը. զրույց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի հետ

Հայտարարագրումն ու նույնականացման քարտերը. զրույց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի հետ

Հայտարարագրման օրենքի ընդունումը շատ մարտահրավերային էր թվում՝ հաշվի առնելով մեր կարողությունները. ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

«Մենք կառավարության գործընկերներին տեղյակ ենք պահել, որ այս վիճակում, այս փուլում, որում գտնվում էր այդ պահին մեր ենթակառուցվածքը, չի կարող իրականացվել այդ մասշտաբի դիմումների ընդունում և սպասարկում և առաջարկել ենք հետաձգել հայտարարագրումը, բայց որոշում է կայացվել չհետաձգել այն և ոչ թե ռեֆորմը հարմարացնել մեր կարողություններին, այլ մեր կարողությունները զարգացնել», - նշում է Նելլի Դավթյանը։

Հարցին, թե մինչև նոյեմբերի մեկը՝ եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը, Միգրացիոն ծառայությունը կհասցնի՞ սպասարկել քաղաքացիներին՝ տրամադրելով նույնականացման քարտեր, Դավթյանը պատասխանեց, որ «այդպես են պլանավորում»։

«Եթե նայեք մեր վերջին տարիների ID քարտերի տրամադրման վիճակագրությունը, օրինակ, 2023-ի ընթացքում 64,000-ը մի փոքր գերազանցող թիվ ենք ունեցել։ Ամենամեծ ցուցանիշը վերջին տասը տարիների կտրվածքով ունեցել ենք հենց 2024-ին՝ 160,000 քարտ, մեր թողունակությունը ակնհայտորեն ավելացած է»,- ասում է Դավթյանը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը բարձրաձայնում է նաև ենթակառուցվածքների հնամաշության խնդիրը․ «Գաղտնիք չեմ բացահայտի, որ ասեմ մեր՝ թողարկած նույնականացման քարտերը արդեն լուսանկարի ու որակի խնդիր էլ ունեն և դա, բնականաբար, խոսուն վկայությունն է, որ ենթակառուցվածքը հնամաշ է։ Մենք նոր տպիչ սարքեր չենք գնում, վերանորոգում ենք այդ տպիչ սարքերի մասերը, ինչը կրկնակի կարող է ավելացնել թողունակությունը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նաև հայտնեց, որ տպիչ մեկ սարքի փոխարեն երկու սարքով են աշխատում․ «Մեր թողունակությունը պայմանավորված չէ միայն տպիչ մեքենայի ծավալով, այլ պայմանավորված է մեր տարածքային գրասենյակների թվաքանակով և այնտեղ յուրաքանչյուրում տեղադրված է մեկ նկարահանող սարք, մեկ լուսանկարահանող սարք և մեկ պատուհան է սպասարկում նույնականացման քարտի դիմումները: Սա ավելացնել այս փուլում արդեն խելամիտ չենք համարում, որովհետև մի ամբողջ ծրագրային ապահովում պետք է փոխվի, մինչև փոխենք, արդեն մյուս տարի կգա մեր մասնավոր գործընկերը և այդ ծախսը նախատեսված է»,- ասում է Դավթյանը։

2026-ի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։ Կենսաչափական անձնագրերի արտադրությունը կիրականացնի IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. Կոնսորցիումը։

«Նախագծած ռեֆորմի ամենակարևոր բաղադրիչը ամենևին էլ պետություն և մասնավոր գործընկերության այս պայմանագիրը չէ, սա գործիք է, միջոց է, իսկ նպատակն է՝ ունենալ բարեփոխված և նոր տրամաբանությամբ, ծրագրային լուծումներով բնակչության պետական ռեգիստր. դրա շուրջ են մեր մնացած բոլոր գործողությունները, այդ թվում՝ այս պայմանագիրը և անձնագրային այս ծառայությունների արտապատվիրակումը»,- ասաց Դավթյանը։

Պատրաստեց Լիա Ավագյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում