Գլխավոր Լրահոս

Թուրք-իսրայելական հնարավոր բախումը Ադրբեջանին երկընտրանքի առաջ կկանգնեցնի

Թուրք-իսրայելական հնարավոր բախումը Ադրբեջանին երկընտրանքի առաջ կկանգնեցնի

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները գնալով վատթարանում են և  պատմական հակառեկորդներ գրանցում։ Երկրները Գազայի հատվածում պաղեստինցիների հարցի շուրջ և Սիրիայում ընթացող զարգացումներով պայմանավորված՝ ռազմական բախման եզրին են։ Ներկայում երկրները դիվանագիտական շփումներ չունեն, իսկ երկկողմ առևտուրն ամբողջությամբ դադարեցված է։ Նման պայմաններում Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ Թուրքիայի և Իսրայելի միջև խորացող ճգնաժամը սպառնում է նրանց հետ ունեցած Ադրբեջանի սերտ կապերին։ Այդ իրավիճակը ստիպում է Ադրբեջանին ավելի ակտիվ միջնորդական դեր խաղալ կողմերի միջև։

Մայիսի 7-11-ը նախատեսված՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բաքու այցի չեղարկման փաստը կապված է Թուրքիայի և Իսրայելի միջև առկա լարվածության հետ։ Իսրայելական կողմը այցի չեղարկման պաշտոնական պատճառ է նշել Իսրայելի շուրջ «դիվանագիտական և անվտանգային» հարցերը, մինչդեռ իսրայելական հեղինակավոր որոշ լրատվամիջոցներ հերքել են այդ պատճառաբանությունը՝ նշելով որ իրական պատճառը Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումն է եղել։ Ըստ այդ տեղեկությունների՝ Անկարան չի տրամադրել սեփական օդային տարածքը Իսրայելի վարչապետին Բաքու հասնելու համար։

Սա ընդամենը մի օրինակ է, թե ինչպես Բաքուն կարող է տուժել թուրք-իսրայելական լարվածության պատճառով։ Նախորդ անգամ էլ՝ նոյեմբերին, Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը չմասնակցեց Բաքվում ընթացող COP-29 համաժողովին՝ դարձյալ Թուրքիայի կողմից օդային տարածքը չտրամադրելու պատճառով։

Թուրքիա-Իսրայել այս լարվածության համատեքստում Ադրբեջանը կարող է վճռորոշ դեր ունենալ. մի կողմից՝ Թուրքիայի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, իսկ մյուս կողմից՝ Իսրայելի հետ ռազմավարական սերտ գործընկերությունը Ադրբեջանին ստիպում են ակտիվ միջնորդական նախաձեռնություններով հանդես գալ, այլապես Թուրքիայի և Իսրայելի լարվածության խորացումը կարող է երկընտրանքի առջև կանգնեցնել Բաքվին՝ վնասելով կողմերից մեկի հետ կապերի ամրությունը։ 

Նման հեռանկարի խիստ անցանկալիությունը դրդում է Ադրբեջանին նախկինի պես ակտիվ միջնորդական ջանքերով հանդես գալ: Վերջին մեկ ամսում Ադրբեջանը երկրորդ անգամ է հանդես գալիս որպես հարթակ՝ թուրք-իսրայելական ներկայացուցիչների միջև բանակցություններ կազմակերպելու նպատակով. առաջին անգամ՝ ապրիլի 9-ին, երկրորդ անգամ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մայիսի 8-ին։

Իսրայել-Ադրբեջան գործընկերություն՝ նավթից մինչև զենք

2023-ին Գազայում բռնկված պատերազմից հետո Իսրայելի հետ բարեկամական կապեր ունեցող միակ իսլամական պետությունը շարունակում է մնալ շիական Ադրբեջանը, որն, ի տարբերություն բազմաթիվ երկրների, իր հայտարարություններում չի քննադատել Իսրայելի գործողությունները Գազայում, արտահայտվելիս էլ փորձել է միայն դիվանագիտական ժեստեր հղել Պաղեստինին և նրա ժողովրդին։ 

Անշուշտ, նման գործելաոճը հակասում է իսլամական աշխարհի, հատկապես Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիայի դիրքորոշմանը, որը 2023-ի հոկտեմբերից հետո հանդես է գալիս ընդգծված հակաիսրայելական կեցվածքով՝ հավակնելով Իսրայելի դեմ պայքարում առաջամարտիկի դերին։

Ադրբեջանը այն քիչ երկրներից է, որն Իսրայելի հետ հարաբերությունները երբևէ չի պայմանավորել իսրայելա-պաղեստինյան հակամարտությամբ։  Ավելին՝ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները, չնայած անգամ Թուրքիայի դիրքորոշմանը, շարունակում են զարգանալ, իսկ Բաքուն շարունակում է նավթամթերք արտահանել Թուրքիայի տարածքով Իսրայել, այն դեպքում, երբ Թուրքիան պաշտոնապես, ի համերաշխություն պաղեստինցիների, ինքն է կտրել սեփական մեծածավալ կապերը Իսրայելի հետ։ 

Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ ռազմաքաղաքական շահերի վրա, դեռևս 1990-2000-ականներից ի վեր ունեցել են հետևյալ տրամաբանությունը․ Իսրայելը նավթամթերքի ստացման դիմաց, որն ապահովում է Իսրայելի էներգետիկ կարիքների զգալի տոկոսը, Ադրբեջանին սպառազինություն է վաճառում։ Բացի այդ, Իսրայելի համար Ադրբեջանի հետ սերտ կապերն ունեն աշխարհաքաղաքական լուրջ կոնտեքստ։ Այդ կապերը լուրջ հորիզոններ են բացում Իրանի դեմ պայքարում․ 2020-ի Արցախյան պատերազմից հետո Իրանը բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանին անցած տարածքներում Իսրայելի ռազմական ներկայության մասին։

Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Իսրայելի էներգետիկ անվտանգության համար։ ՄԱԿ-ի COMTRADE առևտրի տվյալների բազայի համաձայն՝ 2023-ին Բաքու արտահանած նավթամթերքի արժեքը կազմել է 1,39 մլրդ դոլար, իսկ 2022-ին՝ 1,67 մլրդ։ Արտահանված նավթամթերքի ընհանուր արժեքը 2024-ին կազմել է համեմատաբար ավելի քիչ՝ 713 մլն դոլար, սակայն որևէ կերպ չի նվազեցնում Իսրայել-Ադրբեջան սերտ կապերի նշանակությունը։

Ավելին՝ Գազայում տեղի ունեցող զարգացումների հետևանքով Իսրայելի դեմ ճնշումների ավելացման պայմաններում Ադրբեջանն ու Իսրայելը նախորդ ամիս էներգետիկ ոլորտում հասել են մեկ այլ կարևոր համաձայնության։ Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերությունը, ի թիվս բրիտանական British Petroleum և իսրայելական NewMed Energy ընկերությունների, ստացել է արտոնագիր՝ իսրայելական ջրերում գազի արդյունահանման ուղղությամբ հետախուզական աշխատանքներ կատարելու համար։ Դրա շուրջ վերջնական համաձայնությունը ամրագրվել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի և Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենի միջև հանդիպմամբ։ 

Այդ համաձայնությունը ենթադրում է, որ գազի պաշարների արդյունահանման պարագայում ադրբեջանական SOCAR-ի միջոցով Իսրայելը պետք է գազ արտահանի Թուրքիա, սակայն Իսրայել-Թուրքիա անկայուն կապերով պայմանավորված՝ այդ ծրագրի իրագործումը դեռևս մշուշոտ է թվում։ 

Ադրբեջան-Իսրայել կապերի մյուս բաղադրիչը ռազմական համագործակցությունն է, որն ուղղակիորեն առնչվում է Հայաստանին և շարունակում է զարգացման միտումներ ցույց տալ։ 

Ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ 2017-2020թթ․ Իսրայելը Ադրբեջանի սպառազինությունների մատակարարման առաջին երկիրն է եղել՝ արտահանելով Ադրբեջանի ապառազինությունների 60 տոկոսը։  

Թուրք-իսրայելական կապերն ու ադրբեջանական միջնորդությունը

Նորագույն պատմության ընթացքում Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները խիստ անկանոն բնույթ են կրել՝ հաճախ անցնելով ճգնաժամերի միջով, որոնք մեծամասամբ պայմանավորված են եղել Պաղեստինի հարցով։ Դրանց մեջ առանձնացել է 2010-ին թուրքական «Մավի Մարմարա» նավի դեպքը։ Թուրքական նավահանգստից դուրս եկած նավը, որը հումանիտար օգնություն էր տանում իսրայելական ուժերի կողմից շրջափակված Գազայի հատված, հանդիպել էր իսրայելական իրավապահների արգելքին, որի հետևանքով առաջացած զինված միջադեպում թուրքական կողմը կրել էր 9 կորուստ։  

Երկար ժամանակ սառեցված հարաբերությունները վերականգնվեցին 2016 թվականի համաձայնությամբ։ Իսրայելը, ընդունելով թուրքական նավի հետ կատարվածը, մահացած թուրք զինվորականների ընտանիքներին 20 մլն դոլարի փոխհատուցում էր տրամադրել։ Սակայն երկկողմ հարաբերությունները կրկին վատթարացան 2018-ին, և դա կապված էր պաղեստինցիների նկատմամբ իսրայելական կողմի գործողություններով, իսկ երկրների միջև դիվանագիտական մակարդակը դեսպանների պաշտոնավարումից իջեցվեց հավատարմատարերի աստիճանի։ 

2022-ին կողմերը հերթական դադարից հետո որոշեցին ամբողջապես վերականգնել դիվանագիտական կապերը, և 2007-ից ի վեր առաջին անգամ Անկարա մեկնեց Իսրայելի նախագահը։ 

Երկու երկրների միջև լարվածության ժամանակ՝ 2010-2018թթ․ ընթացքում, նկատելի էին Ադրբեջանի միջնորդական փորձերը։ Հատկապես կարևոր էր 2022-ի փորձը, երբ Իսահակ Հերցոգի՝ Անկարա կատարած այցի ժամանակամիջոցում Թուրքիա մեկնեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Թուրքիա-Իսրայել առևտրի դադարեցումը՝ աննախադեպ քայլ

Թուրքիա-Իսրայել ներկայիս հարաբերություններում առկա լարվածությունը առանձնանում է նախորդ ժամանակահատվածներից նրանով, որ թերևս առաջին անգամ է, որ Թուրքիան դադարեցնում է իր առևտուրը Իսրայելի հետ։ Անգամ «Մավի Մարմարայի» ժամանակ ոչ միայն առևտրային կապերը չէին ընդհատվել, այլև տնտեսական հարաբերությունները շարունակում էին զարգանալ, ինչը Թուրքիայի ներսում ազգայնականների բացասական վերաբերմունքի էր հանգեցնում։

Ըստ Թուրքիայի վիճակագրական կազմակերպության՝ 2022-ին երկկողմ առևտրի ծավալը կազմել է 8,8 մլրդ դոլար, որից առյուծի բաժինը՝ 6,7 մլրդը, Թուրքիայի արտահանման ծավալն էր։

Թուրք-իսրայելական կապերի վերջին լարվածությանը մեծապես նպաստեցին ոչ միայն Գազայում ընթացող պատերազմն ու Իսրայելի գործողությունները, այլև Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո Սիրիայում ստեղծված նոր իրավիճակը։ Քաղաքական նոր իրադրության պայմաններում ազդեցության պայքար է ծավալվում Իսրայելի ու Թուրքիայի միջև։ Մասնավորապես, Իսրայելը փորձում է Սիրիայում թույլ չտալ Թուրքիայի քաղաքական և ռազմական ազդեցության տարածում։ Թուրքիան ձգտում է ռազմական ներկայություն ապահովել Թիյասի ռազմաբազայում, որը հայտնի է որպես T4 անվանումով։

Թուրքիան ու Իսրայելը լարվածության ներկա փուլում ընդհանուր հայտարարի գալու երկրորդ փորձն են անում, կարծես։ Միջնորդի դերում նորից Ադրբեջանն է, որի համար շատ կարևոր է սերտ կապերի պահպանումը թե՛ Իսրայելի, թե՛ Թուրքիայի հետ, այլապես այս երկուսի ռազմական հակամարտության պարագայում Բաքուն կարող է հայտնվել ընտրության առաջ։ Ավելին՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հավանական բախման դեպքում հարվածի տակ կհայտնվեն ադրբեջանական տնտեսական ծրագրերը, մասնավորապես՝ նավթամթերքի արտահանումը Իսրայել, որի վրա պաշտոնական Անկարան դեռևս աչք է փակում։ 

Հետևաբար, Ադրբեջանին այլ ելք չի մնում, քան ակտիվորեն աշխատել Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում