Գլխավոր Լրահոս

Բուռն բանավեճ «նացիստական Գերմանիան կարող էր միացյալ Հայաստան ստեղծել»-ու շուրջ

Բուռն բանավեճ «նացիստական Գերմանիան կարող էր միացյալ Հայաստան ստեղծել»-ու շուրջ

Մայիսի 9-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ռազմական փորձագետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, թե  Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի հաղթանակը կարող էր հնարավորություն լինել Հայաստանի համար։ Նա «միֆ» է անվանել այն, որ 1942-43 թվականների Ստալինգրադի ճակատամարտը կանխել է Թուրքիայի ներխուժումը Հայաստան և եղել է փրկություն նաև հայ ժողովրդի համար։

Պատմաբաններից շատերը պնդում են, որ եթե Երկրորդ աշխարհամարտի ամենավճռորոշ՝ Ստալինգրադի ճակատամարտում Խորհրդային Միությունը պարտվեր, Թուրքիան խախտելու էր իր չեզոքությունը և ներխուժելու էր Հարավային Կովկաս։

«Ամենածանր միֆերից մեկը և հետաքրքիր միֆերից մեկը Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից, որովհետև Թուրքիան Գերմանիայի հետ ուներ չեզոքության որոշակի պայմանագիր և որոշակի նյութեր էր մատակարարում Երրորդ ռեյխին, բայց հարցն այն է, որ Թուրքիան այդ ժամանակ որևէ էական ուժ չուներ հարձակվելու, Կովկասում նոր ճակատ բացելու։ Դա միֆ է, և կան արխիվային փաստաթղթեր»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի՝ Գերմանիան ունեցել է ծրագիր` Ստալինգրադից հետո իջնել և վերցնել Կովկասը, ապա գրավել Թուրքիան, «այդ ծրագիրը ենթադրում էր նաև միացյալ Հայաստանի, պատմական Հայաստանի ստեղծում»։

Հովհաննիսյանն ասել է, թե գերմանական կողմում հայ ռազմագերիներից ձևավորվելու էին հայկական լեգեոններ, այդ ուղղությամբ գերմանացիների հետ աշխատում էին Գարեգին Նժդեհը և Դրաստամատ Կանայանը։

Պատմաբան Սուրեն Մանուկյանը, արձագանքելով Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրորդ Աշխարհամարտում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակը մարդկության ամենամեծ հաղթանակներից է, քանի որ պատմության ընթացքում շատ քիչ են եղել Հիտլերի ստեղծած վարչակարգի նույնչափ չարիքի մարմնացում իշխանություններ»։

Պատմաբան, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը, անդարդառնալով Հովհաննիսյանի թեզերին, ֆեյսբուքյան էջում գրել է, թե «փրթել-թափելը, կացնով ամեն հասկացություն և արժեք ջախջախելը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է».

«Մենք չենք կարող հենց այնպես, առօրեական պատեհությունից ելնելով վերցնել ու աղբարկղը նետել ազգաստեղծման սովետական շրջափուլը։ Սա պատմագիտության հետ մեծ հաշվով կապ չունի, քանի որ ըստ չոր ու ցամաք պատմության ՍՍՀՄ կազմում հայ ժողովուրդը մեծ հաշվով աշխարհամարտին մասնակցել-չմասնակցելու երկընտրանք չի ունեցել։ Նա ապրել է տոտալիտար հասարակարգի տիրապետության պայմաններում՝ մաս կազմելով այն քաղաքականությանը, որը թելադրված է կենտրոնից։ Սա չոր փաստ է, որից հնարավոր չէ խուսափել, բայց նաև փաստ է, որ այդ մասնակցությունն ու ներգրավվածությունը բերել է մշակութային խորքային հետևանքների։ Դա անդառնալի ազդեցություն է թողել մեր ժողովրդի ճակատագրի վրա՝ կանխորոշելով նրա հետագա ընթացքը»։ 

Փաշոյանի խոսքով՝ այս բանավեճը պատմագրության հետ կապ չունի․ «Մենք նորից գերին ենք դառնում մեր հերձվածող ընկալումների։ Մեր պատմական հայրենիքի քաղաքներն ու գյուղերը, եկեղեցիներն ու սրբությունները ոչնչացրած՝ ամենաթշվառ ողորմելիի պես իրավարար վճիռներ ենք աղերսել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Սովետական Միությունից, իսկ հիմա էլ նաև Նացիստական Գերմանիայից։ Զուգահեռ փորձում ենք քանդել արդեն իսկ գոյություն ունեցող, կայացած ավանդույթը` գլխիվայր շուռ տալով ամեն ինչ՝ Ղարաբաղյան հարցը, Ցեղասպանությունը, հիմա էլ արդեն Հայրենական պատերազմը։ Սա մշակութային դիվերսիա է՝ շատ ավելի վտանգավոր քան ադրբեջանական ագրեսիան, պատերազմը և նույնիսկ Արցախի կորուստը։ Սա ոչ միայն հակագիտական ու հակամշակութային վարքագիծ է, այլ նաև՝ մարտնչող անբարոյականություն ու ցինիզմ»։

Արծրուն Հովհաննիսյանի պնդումներն ուշադրության են արժանացել նաև խորհրդարանում։ Երկուշաբթի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հորդորել է իրավական ուսումնասիրություն իրականացնել Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ.

«Գնահատական հնչեցրեք հատկապես մարդկության դեմ իրականացրած հանցագործություն կատարած նացիստական Գերմանիայի և Հիտլերի կառավարման ռեժիմն արդարացնելու կամ վտանգավորությունը մեղմացնելուն ուղղված գործողությունների, ու ոչ ավել, ոչ պակաս՝ խեղաթյուրելով ողջ պատմությունը։ Դեռ մի հատ էլ հայերիս էմոցիոնալ ֆոնը բարձրացնելու համար հայտարարում է, թե հիտլերյան Գերմանիան անկախ Հայաստան էր ուզում, ընդ որում՝ մեր պատմական Հայաստանն էր ուզում կերտել»,- հայտարարել է Մինասյանը:

Հրապարակախոս Գոռ Մադոյանը Հ1-ի եթերում Արծրուն Հովհաննիսյանի պնդումների մասին գրել է.
«Ինձ համար Արծրունի կերպարը մնալու ա 44-օրյա  պատերազմի, մեր կոլեկտիվ պարտության, մեր կոլեկտիվ նվաստացման ու մեր պետության ջախջախման խորհրդանիշ։

Արծրունի կերպարը նախորդ ու ներկա իշխանություններին անխտրական ծառայելու մարմնացում է։ Նա խորհրդանիշ է, որ երկրում ոչինչ չի փոխվել ու չի փոխվի։ Որ Փաշինյանի ու Սարգսյանի իշխանությունը նույն արժեհամակարգը, նույն որակն ու նույն բարքերը ունեն։ Նա նախորդ ու ներկա իշխանությունների կողմից հանրությանը մոլորեցնելու, հանրությանը խաբելու, անպատկառության ու անսկզբունքայնության մարմնացումն է։

Քարոզիչ, որ պատերազմից հետո մեղադրում էր գերի ընկածներին և ասում թե իսկական սպան պետք է կռվով մեռնի, քարոզիչ, որ իրեն քննադատողներին թուրք էր ասում, իր հանրային կերպարով արատավորում ու արժեզրկում է զինվորականի մասնագիտությունը, կոչումն ու հանրային պատիվը»։

Լիա Ավագյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում