Շահույթի 15% աճի պայմաններում կապիտալի եկամտաբերությունը (ROE) բանկային համակարգում անցած տարի նվազել է 1,35-տոկոսային կետով՝ մինչև 11,2%, ակտիվների շահութաբերության մակարդակը (ROA)՝ 0,36-տոկոսային կետով՝ մինչև 2%։
Հայաստանի բանկերի միության ու «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի խոսքով՝ ROA-ի նվազումը պայմանավորված է նրանով, որ 2012թ. ավանդների միջին տոկոսադրույքը մնացել է անփոփոխ, այնինչ վարկերինը նվազել է 1-տոկոսային կետով. արդյունքում կրճատվել է սպրեդը։
Երեկ, ներկայացնելով 2012թ. բանկային համակարգի գործունեությունը, Օսիպյանը նշեց, որ բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 10,5%-ով կամ Դ38,8 մլրդ-ով՝ կազմելով Դ409,5 մլրդ։ Ակտիվներն աճել են Դ368,5 մլրդ-ով կամ 18%-ով՝ մինչև Դ2,4 տրլն: 2011թ. համեմատ բանկային համակարգի պարտավորություններն աճել են Դ329,6 մլրդ-ով կամ 19,7%-ով և կազմել Դ2 տրլն: Հաճախորդների նկատմամբ պարտավորությունների աճը կազմել է Դ187,9 մլրդ կամ 17,9%՝ տարեվերջին հասնելով Դ1,23 տրլն-ի։
Ըստ Օսիպյանի՝ անցած տարի բանկային համակարգում չաշխատող վարկերի ծավալի նվազում է արձանագրվել. տարեվերջին խնդրահարույց վարկերի մասնաբաժինը վարկային պորտֆելում կազմել է 3,6%՝ տարեսկզբի 4%-ի դիմաց։ Բանկերի միության նախագահի խոսքով՝ սա բավական լավ ցուցանիշ է։ Ռուսաստանում, օրինակ, չաշխատող վարկերն ընդհանուր պորտֆելում կազմել են 8%, Վրաստանում՝ 12%։
Անցած տարի բանկային համակարգի ընդհանուր շահույթը տարվա վերջին կազմել է Դ42,7 մլրդ, որը 2011թ. համեմատ ավելի է Դ5,6 մլրդ-ով կամ 15%-ով: 2012թ. արդյունքներով՝ բանկերի ROE-ն (կապիտալի եկամտաբերության մակարդակ) կազմել է 11,2%, ROA-ն (ակտիվների շահութաբերության մակարդակ)՝ 2%։
Վերջին 8 տարիների կտրվածքով ROA-ի ավելի ցածր մակարդակ արձանագրվել է միայն ճգնաժամային 2009թ.։ Ընդ որում՝ այս ընթացքում բանկային համակարգում տեղի է ունեցել ROE-ի և ROA-ի նվազում. նման միտումների պահպանման դեպքում բաժնետերերի և ներդրողների համար բանկերը, որպես բիզնես, կորցնելու են գրավչությունը։
Խնդիրն այն է, որ անցած տարվա ROE-ն ավելի փոքր է, քան բանկային համակարգում ավանդների միջին տոկոսադրույքը (մեկ տարուց ավելի ժամկետով դրամային ավանդների միջին տոկոսադրույքը 2012թ. կազմել է 12,39%)։ Պարզ ասած՝ եթե բանկի բաժնետերը միջոցները ներդներ որպես ավանդ, ավելի շատ եկամուտ կստանար, քան ստանում է՝ հանդիսանալով բանկի բաժնետեր։
Հարցին, թե Պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների 2013թ. տարեկան ծրագրում հայտնվել է 5 բանկ, արդյոք նշանակելու է, որ բանկային համակարգում առկա է «ստվերի» ռիսկ, Օսիպյանը պատասխանեց, որ բանկային համակարգում ստվեր գոյություն չունի, իսկ բանկերի ընդգրկումը ցուցակում պարզապես պայմանավորված է պլանային ստուգումներով, որոնք իրականացվում են ամեն տարի։
Մեկ այլ հարցի՝ ավանդների և վարկերի պորտֆելի դոլարիզացիայի բարձր մակարդակը արդյոք չի ստեղծում ռիսկեր, Օսիպյանն արձագանքեց, որ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ այսօր ամենակարևորը կայունությունն է և ոչ թե դոլարիզացիայի մակարդակը։ Ըստ նրա՝ անցած տարի փոխարժեքն ընդհանուր առմամբ կայուն է եղել, իսկ արտարժութային ռիսկերի նվազեցման համար բանկերը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել են ազգային արժույթով արտահայտված միջոցներ։ «Մենք ընդհանուր կայունության կողմնակից ենք և փոխարժեքի հետ խնդիրներ չենք տեսնում»,– ասաց Օսիպյանը։

Civilnet










