Գլխավոր Լրահոս

Հարկայինը մնաց առանց ներկայացուցչի

Հարկայինը մնաց առանց ներկայացուցչի

Տապալելով հարկային ներկայացուցչի ինստիտուտը՝ կառավարությունը վերահսկման նոր գործիք է ներդնում։ Այս ամռանից խոշոր հարկատուները պարտավոր են լինելու ոչ միայն հաշվապահական հաշվառումը վարել համակարգչային միևնույն ծրագրերով, այլև էլեկտրոնային կրիչով տրամադրել այդ ծրագրերով ստեղծված ֆայլի պատճենը։ Չտրամադրելու դեպքում սահմանվել է ֌3 մլն-ի կամ ֌5 մլն-ի տուգանք։ Չի բացառվում, որ հարկային մարմիններն այս հնարավորությունն օգտագործեն կոմերցիոն գաղտնիք ներկայացնող տեղեկատվություն ստանալու համար։

Այս տարվա հուլիսի 1-ից ֌1 մլրդ-ը, իսկ 2014թ. հուլիսից՝ նաև ֌500 մլն-ը գերազանցող եկամուտ ունեցող հարկ վճարողները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել կառավարության կողմից սահմանվելիք հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով։

Ընկերությունները ստիպված են լինելու ներդնել գործադիրի կողմից առաջարկված համակարգչային ծրագիրը, քանի որ պարտավոր են լինելու ստուգում իրականացնող գերատեսչությունների գրավոր պահանջով էլեկտրոնային կրիչով տրամադրել հաշվապահական հաշվառման այդ ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը։ Չտրամադրելու դեպքում ֌1 մլրդ-ից ավելի եկամուտ ունեցողների համար սահմանվել է ֌5 մլն-ի տուգանք, ֌500 մլն-ի դեպքում՝ ֌3 մլն-ի տուգանք։

«Հարկերի մասին» օրենքում հստակեցված չէ, թե ինչ է իրենից ենթադրում «ֆայլ» ասվածը, և չի բացառվում, որ օրենսդրական այս բացը հարկային մարմիններն օգտագործեն կոմերցիոն գաղտնիք ներկայացնող տեղեկատվություն ստանալու համար։ Չի բացառվում նաև, որ միասնական ծրագրային ապահովում ներդնելու պահանջը կատարվել է կոնկրետ ընկերության շահերից ելնելով։

Կառավարությունը և ՊԵԿ-ը պարբերաբար ցանկացել են տնօրինել ընկերությունների կոմերցիոն գաղտնիք հանդիսացող տեղեկատվությանը։ Մասնավորապես՝ 2009թ. հարկային ներկայացուցչի ինստիտուտի ներդրման համար կատարվելիք հարկային փոփոխությունների օրենսդրական փաթեթով նախատեսվում էր, որ հարկայինի ներկայացուցիչներին կարող է հասանելի լիներ ընկերության արտադրական գործունեությանն առնչվող, ինչպես նաև ֆինանսական տեղեկատվությունը։ Գործարար պատգամավորների դիմադրության արդյունքում կառավարությունն օրինագծում մի քանի առանցքային փոփոխություններ կատարեց, ինչի հետևանքով հարկային ներկայացուցչի գործունեության շրջանակը բավականին սահմանափակվեց։

Անցած երեք տարիները ցույց տվեցին, որ թեև այս ինստիտուտն ուղղված էր խոշոր հարկատուների վերահսկողության ավելացմանն ու ստվերի կրճատմանը, այն ի սկզբանե մեռելածին էր։ Անցած տարվա վերջին կառավարությունը ԱԺ ներկայացրած հարկային փոփոխությունների փաթեթով առաջարկել է վերացնել հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտը։ Պատգամավորներն ընդունել են առաջարկը։

Ինչու չկայացավ ներկայացուցիչը
«Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանվում էր, որ հարկային ներկայացուցիչ կարող է նշանակվել այն հարկ վճարողների մոտ, որոնց տարեկան հասույթը գերազանցում է ֌4 մլրդ-ը, կամ երեք ամսվա ընթացքում հարկ վճարողի կողմից «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը անցնում է ֌500 մլն-ից։ Հարկային մարմնի ներկայացուցչի հիմնական գործառույթը պետք է լիներ հաշվառել և ուսումնասիրել առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալներն ու գները։ Բացի այդ՝ ներկայացուցիչը պետք է ուսումնասիրեր հարկ վճարողի մոտ առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող ապրանքի, արտադրանքի, մատուցվող ծառայությունների փաստաթղթավորման, հաշվառման և գրանցման ընթացակարգերը։

Հարկային մարմնի ներկայացուցիչներ նշանակվել են 2010թ. և 2012թ.։ Այս ինստիտուտի անարդյունավետության մասին է վկայում թերևս այն, որ 2010թ. 24 ընկերություններից, որտեղ նշանակվել է հարկային ներկայացուցիչ, 10-ը եղել են սիգարետ արտադրող և ներկրող։ Այս ընկերություններում հարկային ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտությունն անհասկանալի է այնքանով, որքանով դրանք գործում են ակցիզային հարկի դաշտում, և շրջանառությունն ամբողջովին ֆիքսվում է հարկային մարմինների կողմից։

2012թ. սկսեցին մտահոգություններ հնչել, թե այս ինստիտուտը կարող է օգտագործվել մրցակիցներին ճնշելու նպատակով։ Խնդիրն այն է, որ թեև «Հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու համար հարկ վճարողների և հարկային մարմնի ներկայացուցիչների ընտրության և նշանակման կարգով» հարկ վճարողի մոտ հսկողության անցկացման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 183 օրացուցային օրը՝ մեկ օրացուցային տարվա համար, կամ 250 աշխատանքային օրը՝ երկու օրացուցային տարիների համար, իսկ «Հարկերի մասին» օրենքով հստակ սահմանված է, թե որ ընկերություններում կարող է հարկային ներկայացուցիչ նշանակվել, ՊԵԿ-ը երկու անգամ անընդմեջ ներկայացուցիչներ է նշանակել նույն ընկերություններում։ Բացի այդ՝ անցած տարի ՊԵԿ-ը որոշել է ներկայացուցիչ ունենալ «Գրանդ քենդի» ընկերությունում, այն դեպքում, երբ կոնֆետներ ներկրող խոշոր «Մեգաֆուդ» ընկերությունը (փոխկապված է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ) դուրս է մնացել այս ցանից։

Հայաստանում շատ չեն ընկերությունները, որոնց տարեկան հասույթը գերազանցում է ֌4 մլրդ-ը (շուրջ 100 ընկերություն), և դրանք փոխկապակցված են իշխանությունների հետ։ Այս պայմաններում հարկային ներկայացուցչի ինստիտուտի ճակատագիրը վճռված էր ներդրման առաջին իսկ օրվանից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում