Ո՞վ է հիշում Սերժ Սարգսյանի 2008թ. խոստումները
Հայաստան առաքվող ռուսական գազի գնի շուրջ բանակցությունները ավարտական փուլում են, երեկ լրագրողներին ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Դեկտեմբերի սկզբին էլ նախարարը հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, և գազի գնի հարցը կհստակեցվի մինչև տարեվերջ: Նա տարբեր առիթներով լրագրողների հարցումներին պատասխանել է, թե Հայաստան առաքվող ռուսական գազի գինը դեռ չի փոխվել և կազմում է $180/1000 խմ-ի դիմաց: Պետական եկամուտների կոմիտեի տվյալները, սակայն, փաստում են, որ գազի գինը անցած տարվա ընթացքում տատանվել է 220-240 դոլարի սահմաններում:
Ինչո՞ւ է Հայաստանում գազի գինն այսքան հանելուկային հարց դարձել, և ինչո՞ւ են պաշտոնյաները խուսափում այս թեման արծարծելուց:
Պատասխանը չի փոխվել՝ գազի գինը սոցիալական լուրջ հետևանքներ ենթադրող հարց է, և նախընտրական շրջանում թանկացման լուրը կարող է լուրջ հարված լինել իշխանություններին և հատկապես գործող նախագահ Սերժ Սարգսյանին, որը դեռ 2008թ. խոստանում էր երկրում աղքատությունը կրկնակի կրճատել (իրականում ստացվել է ճիշտ հակառակը):
Ավելին՝ գազի թանկացման փաստի հրապարակումը լուրջ հարված է լինելու նաև նախագահական ընտրություններից հետո ձևավորվելիք նոր կառավարությանը: Անկախ կառավարության կազմից ու որակից՝ պարզ է, որ գազի թանկացումով գործունեության մեկնարկը կհարվածի նաև հաջորդ վարչապետի հեղինակությանը: Ավելին, եթե հաստատվեն լուրերը, որ բնակչության համար գազի գինը սուբսիդավորելու համար Հայաստանը հրաժարվում է «ՀայՌուսգազարդում» իր 20 տոկոս բաժնեմասի կեսից, ավելի կխորանա անվստահությունը կառավարության նկատմամբ:
Որ բնակչության համար գազի գինը բարձրանալու է, որևէ կասկած չկա: Ինչպես է դա մատուցվելու բնակչությանը, ընտրություններից հետո իշխանության համար թերևս արդեն էական չի լինի:
Հիմա ո՞վ է հիշում Սերժ Սարգսյանի 2008թ. խոստումները:
Civilnet










