Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «ՌուսՀիդրո» ԲԲԸ-ին $25 մլն վարկ կհատկացնի Հայաստանում «Սևան-Հրազդան Կասկադ ՀԷԿ»-ի արդիականացման համար: «ԱրմԻնֆո» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նշված է «ՌուսՀիդրոյի» դուստր ձեռնարկություն «Միջազգային էներգետիկ կորպոռացիա» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրությունում:
«ՌուսՀիդրոն» և ՎԶԵԲ-ը ստորագրել են վարկի երաշխիքի պայմանագիր, որով ՄԷԿ ՓԲԸ-ն ներգրավվում է «Սևան-Հրազդան Կասկադի» արդիականացման գործընթացում: Փաստաթուղթը ստորագրել են«ՌուսՀիդրոյի» վարչության անդամ Կոնստանտին Բեսմերտնին և ՎԶԵԲ-ի էներգետիկայի գծով տնօրեն Նանդիտա Պարշադը:
Վարկը կտրամադրվի 16 տարի ժամկետով: Միջոցները կուղղվեն «Սևան-Հրազդան Կասկադի» 7 կայանների արդիականացմանը, որից հետո Կասկադի կայանների ընդհանուր հզորությունը կկազմի 561 ՄՎՏ՝ ապահովելով Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի գրեթե 10%-ը:
««ՌուսՀիդրոյի» և ՎԶԵԲ-ի միջև գոյություն ունեն վաղեմի և արդյունավետ հարաբերություններ: Վստահ եմ, որ բանկի աջակցությամբ «Սևան-Հրազդան Կասկադի» արդիականացումը հաջողությամբ կիրականացվի: Հատկապես որ բանկի կողմից տրամադրվող երկարաժամկետ վարկը համապատասխանում է ՄԷԿ-ի պահանջներին, իսկ նախագիծն արդյունավետ է և, ամենակարևորը, բավարարում է սակագների ձևավորման գծով Հայաստանի օրենսդրության պահանջները»,– նշել է Բեսսմերտնին:
«Մենք շատ ուրախ ենք աջակցելու ՄԷԿ-ին կարևոր նախագծի իրականացման գործում, ինչը նաև նպաստում է «ՌուսՀիդրոյի» հետ մեր երկարատև համագործությանը: Երկու ընկերություններն էլ հիդրոէներգետիկայի ոլորտում ունեն լուրջ փորձ, ինչն անկասկած, կապահովի այս պրոդուկտի իրացումը: Իրացման ընթացքում կկիրառվեն Հայաստանում «կանաչ» էլեկտրաէներգիայի արտադրության ամենաժամանակակից տեխնոլոգիաները»- ասել է ՎԶԵԲ-ի էներգետիկայի գծով տնօրեն Նանդիտա Պարշադը:
ՄԷԿ ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակում հաստատված կայանների հուսալի աշխատանքն ապահովելու, վերանորոգման և շահագործման ծախսերը կրճատելու, էլեկտրաէներգիայի արտադրության մեծացման և կասկադի սահմանված հզորության ավելացման ծրագրով նախատեսվում է ծախսել $66 մլն, այդ թվում՝ $16 մլն՝ սեփական, $50 մլն՝ փոխառու միջոցների հաշվին:
Արդիականացման և վերակառուցման ծրագրով նախատեսվում է մինչև 2017թ. վերակառուցել Երևանի հէկը՝ փոխարինելով յուրաքանչյուրը՝ 25 ՄՎտ հզորությամբ 2 ագրեգատները, Քանաքեռի հէկի 12,5 ՄՎտ հզորությամբ 2 ագրեգատները, Սևանի հէկի 2 ստատորները, Արգելի և Սևանի հէկերի գրգռիչ համակարգերի փոփոխությունը, էլեկտրատեխնիկական համակարգի սարքավորումների ամբողջությամբ փոփոխությունը՝ 110/10, Երևանի հէկի օրական կարգավորման ավազանի մաքրումը և աղբի մաքրման սարքավորման ընդունիչի վերանորոգումը, ինչպես նաև Սևանի և Արգելի հէկերի դերիվացիոն կապուղիների վերանորոգումը:

Civilnet










