Վարժական հավաքից խուսափելը կարող է հանգեցնել վարչական կամ քրեական պատասխանատվության։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։ Օրենքի նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախարարությունը։
Փոփոխության համաձայն, եթե քաղաքացին, չունենալով օրենքով սահմանված հիմքեր, չի ներկայանում զինվորական կոմիսարիատ՝ վարժական հավաքին մասնակցելու նպատակով, չի անցնում առողջական վիճակի ստուգում կամ հրաժարվում է մասնակցել վարժական հավաքին, ապա նրան կարող է սպառնալ տուգանք՝ տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 2 ամսով, կամ ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով։
Եթե քաղաքացին վարժական հավաքից խուսափի մարմնական վնասվածք պատճառելով, հիվանդության սիմուլյացիայի, փաստաթղթերի կեղծման կամ խաբեության այլ եղանակով, ապա սահմանվում է ավելի խիստ պատիժ՝ ազատազրկում՝ 2–5 տարի ժամկետով։
Միևնույն ժամանակ, օրենքը հնարավորություն է տալիս ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե անձը կամովին ներկայանում և մասնակցում է վարժական հավաքին։
Փոփոխությունները կմտնեն ուժի մեջ պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Civilnet











