Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին։ Այս մասին հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունցի։
Մարզպետը շրջել է դպրոցում, այցելել մի շարք դասասենյակներ, զրուցել դպրոցի ղեկավար կազմի, մանկավարժների և աշակերտների հետ, տեղում գնահատել նաև շենքային պայմանները։
Մանկավարժական անձնակազմի և դպրոցի տնօրենության հետ զրույցի ընթացքում քննարկել են վերջին օրերին հասարակական լայն արձագանք ստացած միջադեպը։
Մարզի ղեկավարը լսել է կողմերի պարզաբանումները, զրուցել պատմության ուսուցչուհու հետ, անդրադարձել բարձրացված հարցերին։
Մարզպետը կարևորել է դպրոցում առողջ մթնոլորտի պահպանումը և հորդորել բոլոր կողմերին դրսևորել զսպվածություն, հանդուրժողականություն ու կառուցողական մոտեցում՝ ուսումնական գործընթացը չխաթարելու և նմանատիպ իրավիճակները բացառելու նպատակով։
Մայիսի 13-ին համացանցում տեսանյութեր էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ ծնողներ և աշակերտներ հավաքվել Մերձավանի միջնակարգ դպրոցի միջանցքում և բարձր տոնայնությամբ մեղադրանքներ հնչեցնում ուսուցչի հասցեին, ով տեսախցիկների առաջ կանգնած փորձում է պարզաբանումներ տալ։ Տարածվող տեսանյութերում լսվում է, որ ծնողներն ու աշակերտները վարկաբեկող և վիրավորական արտահայտություններ են հնչեցնում ուսուցչի հասցեին։
Ծնողները դժգոհում էին ուսուցչից, ասելով, թե նա թուրքերին սիրելու քարոզչություն է անում պատմության դասերի ընթացքում, անպատվում է աշակերտներին։
Civilnet











