Գլխավոր Լրահոս

Բուհերում դասավանդող անձնակազմի 51 տոկոսը գիտական աստիճան ընդհանրապես չունի․ նախարար

Բուհերում դասավանդող անձնակազմի 51 տոկոսը գիտական աստիճան ընդհանրապես չունի․ նախարար

Մայիսի 15-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը և դրան կից մի շարք այլ օրենքներում փոփոխությունների լայնածավալ փաթեթը։ Այս նախաձեռնությունն առաջին հերթին միտված է բուհական և գիտական համակարգերի կառուցվածքային վերափոխմանը, կրթության որակի բարձրացմանը, կառավարման արդիականացմանը և համակարգի համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին։

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ներառելով ավելի քան երկու տասնյակ օրենքներում փոփոխություններ։ Այն ամրագրում է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ (բակալավր, մագիստրոս, դոկտոր), սահմանում է «հետազոտական համալսարան» և «ակադեմիական քաղաք» հասկացությունները, խստացնում է լիցենզավորման և հավատարմագրման չափանիշները, նաև վերանայում է բուհերի կառավարման կառուցվածքները։

«Բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահենք կրթության օրակարգից՝ ձևափոխվելով առավելապես դասախոսությունների վրա հիմնված գործընթացի»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ 2015 թվականից առ այսօր անցում չի կատարվել բարձրագույն կրթության երրորդ մակարդակին ու չեն ներդրվել միջազգային պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստման օրենսդրական հիմքերը։ Ուստի, նախարարի խոսքով, չի գործում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը։

Անդրեասյանը նաև հայտնեց, որ բուհական համակարգում ներգրավված ակադեմիական անձնակազմի միայն վեց տոկոսն է հանդիսանում գիտական աշխատող։ Նրա խոսքով՝ 60 բուհերից 45-ում կրթությունն իրականացվում է բացառապես դասավանդման մակարդակով․ «Մեր բուհերում դասավանդող անձնակազմի 51 տոկոսը գիտական աստիճան ընդհանրապես չունի»,- շեշտեց նախարարը։

Բուհերը՝ դեպի որակ, խոշորացում և միջազգային համապատասխանություն

Նոր օրենսդրությամբ նախատեսվում է խթանել պետական բուհերի խոշորացումը, վերջիններիս միավորումը գիտահետազոտական կենտրոնների հետ և բուհական ձեռնարկատիրության զարգացումը։ Օրենքը սահմանում է նոր կարգավորումներ կրթական ծրագրերի որակի, ուսանող/դասախոս հարաբերակցության, ֆինանսավորման մրցակցային մոտեցումների վերաբերյալ։

Բուհերում իրականացվող կրթական ծրագրերը կհավաստագրվեն ոչ միայն ազգային, այլ նաև եվրոպական չափանիշներին համապատասխան։ Համակարգը կառուցվելու է ուսանողակենտրոն մոտեցմամբ՝ ապահովելով ուսանողների մասնակցությունը կրթական ծրագրերի ձևավորման գործընթացին։

Բուհական համակարգը՝ զերծ քաղաքական ազդեցությունից

Առանձնահատուկ շեշտադրում է արվել բուհերի ապաքաղաքականացման վրա։ Օրենքով արգելվում է կուսակցական անձանց ներգրավումը բուհերի ու գիտական հաստատությունների կառավարման խորհուրդներում։ Այդպիսի անձանց ներգրավման դեպքում օրենքը սահմանում է նրանց պաշտոններից ազատման հիմք։ Սա նախատեսված է բուհերի ակադեմիական ազատության, անկողմնակալության ու ինքնավարության երաշխավորման նպատակով։

Նախագիծն ընդգծում է՝ բուհական համակարգը պետք է ծառայի ոչ թե քաղաքական շահերին, այլ ուսանողի իրավունքին, գիտության ազատ զարգացմանն ու մասնագիտական բազմազանությանը։

Նախարարը շեշտեց, որ արգելվելու է բուհերում կուսակցական գործունեությունը կամ քարոզը։

Ֆինանսավորում, ինստիտուցիոնալ արդյունավետություն և սերնդափոխություն

Օրենքով վերանայվում են բուհերի ֆինանսավորման սկզբունքները՝ առանձնացնելով բազային և մրցակցային ֆինանսավորման մոդելներ։ Վերահսկվում է ակադեմիական անձնակազմի որակավորումը, ինչպես նաև խթանվում է երիտասարդների ներգրավումն ու սերնդափոխությունը գիտական համակարգում։

Կառավարությունը նպատակ ունի մինչև 2030 թվականը ունենալ առնվազն չորս բուհ, որոնք կընդգրկվեն միջազգային վարկանիշավորման առաջին 500-ում։ Սա ենթադրում է ինչպես կառավարման փոփոխություն, այնպես էլ բուհերի տեխնիկական ու հետազոտական վերազինում։

Նշվում է, որ օրենսդրական փաթեթը հիմք է դնում մի կրթական համակարգի, որտեղ որակը, միջազգային ճանաչելիությունը և ակադեմիական ազատությունը դառնում են ոչ թե ցանկալի, այլ պարտադիր չափանիշներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում