Գլխավոր Լրահոս

«Լելե Թեփե»-ի գործով փաստաբանը քննադատում է Հ1-ի ռեպորտաժը

«Լելե Թեփե»-ի գործով փաստաբանը քննադատում է Հ1-ի ռեպորտաժը

«Դատախազության տարածած հաղորդագրությունում և տեսանյութում ներկայացված մեղադրանքն անհիմն է, քանի որ ինչպես զորամասը, այնպես էլ դրա ողջ անձնակազմը երբեք չի հրաժարվել որևէ հրաման կատարելուց»,- ասված է 2020-ի հոկտեմբերի 7-ի բանակային հակահարվածի գործով մեղադրվող «ՑՕՐ» զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գեղամ Աբրահամյանի պաշտպան Մհեր Հակոբյանի տարածած հաղորդագրությունում։

Ըստ Դատախազության՝ «ՑՕՐ» (8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի) զորամասի հրամանատար Արթուր Օհանյանը (Հայաստանի և Արցախի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որդին), հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունք է դրսևորել, դրանք կատարել է ոչ պատշաճ, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Իսկ «ՑՕՐ» զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար փոխգնդապետ Գեղամ Աբրահամյանը և նույն զորամասի տանկային գումարտակի հրամանատար փոխգնդապետ Գառնիկ Մնացականյանը մեղադրվում են այն բանի համար, որ հոկտեմբերի 7-ին հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ։

Գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանի պաշտպանի տարածած հաղորդագրությունում նաև ասվում է, որ զորամասն իր ուժերի չափով կատարել է մարտի մեջ մտնելուց ընդամենը մեկ ժամ առաջ տրված մարտական կարգադրության պահանջները.  «Իսկ զորամասի անձնակազմի կողմից դրսևորված բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում հոկտեմբերի 7-ին հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ զոհերից»։

Հայտարարությունը առաջին հերթին անդրադառնում է «Ինչու է ձախողվել «Լելե թեփե» կոչվող օպերացիան. Սեյրան Օհանյանի գնդապետ որդու գործը դատարանում է» վերնագրով Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժին։

«Դրան զուգահեռ լրատվականը քաղաքականացնում է քրեական գործը, քանի որ տեսանյութում անընդհատ օգտագործվում է Արցախի հերոս, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի անունն ու լուսանկարը, թեև այդ անձը վերոհիշյալ քրեական գործի հետ որևէ առնչություն չի ունեցել ու որևէ կարգավիճակով քրեական վարույթին ներգրավված չի եղել։ Կարծում ենք, որ լրատվականի նման վարքագիծն իրականում հետապնդում է այլ հեռահար նպատակ, այն է՝ բացասական կերպարի ներքո ներկայացնել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց, նրանց վերաբերյալ ձևավորել «հաստատված մեղավորի» հասարակական կարծիք և այդ կերպ ճնշում գործադրել դատարանի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Հակահարվածի գործով ավելի վաղ արդարացվել էր Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը․ ըստ 11 ռազմագետների 306-էջանոց եզրակացության՝ Ջալալ Հարությունյանը հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ։

Ըստ Քննչական կոմիտեի՝ բանակային հակահարվածի ժամանակ զոհվել է 20 զինծառայող, խնդրի կատարմանն ընդգրկված 44 տանկից խոցվել է 19-ը, 29 հետևակի մարտական մեքենայից՝ 3-ը։ Ըստ այն ժամանակվա Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի, որը առաջարկել է այս օպերացիան, հակահարվածի ժամանակ հայկական կողմից երեք զոհ է եղել․ երկու հոգի տանկային բրիգադից և մեկ հոգի՝ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադից։

Բանակային հակահարվածին ներգրավված են եղել Պաշտպանության բանակի ռեզերվային զորամասերը՝ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը, Իվանյանի տանկային բրիգադը, ինչպես նաև 18-րդ լեռնահրաձգային (Հադրութի) դիվիզիան։ Ըստ մտահաղացման՝ անհրաժեշտ էր ներթափանցած ադրբեջանական խմբավորումներին շրջափակել և զրկել սնուցումից։

2020-ի հոկտեմբերի 8-ին հայկական կողմը բանակային հակահարվածից հետո որոշում է կայացրել իրականացնել ռեյդային գործողություններ, որը դարձյալ պսակվել է անհաջողությամբ։

Ըստ տարբեր փորձագետների՝ բանակային հակահարվածի ձախողումից հետո Պաշտպանության բանակի ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ։

Հայկ Ղազարյան

2020-ի հակահարվածի մասին ավելի մանրամասն՝ այստեղ.

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում