Գլխավոր Լրահոս

ՀԲ-ն Հայաստանին ևս $45 մլն-ի վարկ է հատկացրել

ՀԲ-ն Հայաստանին ևս $45 մլն-ի վարկ է հատկացրել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիի գլխավորած պատվիրակությունը, 31 հունվարի 2013թ.

Կառավարությունը թեև հայտարարում է Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի (ՀՄԿ) կողմից Հայաստանում ծրագրերի վերսկսման հնարավորության մասին, սակայն գյուղական ճանապարհների վերանորոգման համար միջոցներ շարունակում է ներգրավել Համաշխարհային բանկից։ ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին ասում է, որ բանկի $45 մլն վարկային «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը» պետք չէ կապել Հազարամյակների մարտահրավերների ծրագրերի հետ, քանի որ գյուղական ճանապարհների վերանորոգում իրականացվում է նաև միջազգային ֆինանսական այլ կառույցների, մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի կողմից։

Այսօր՝ փետրվարի 1-ին հրավիրած ասուլիսին Ժան Միշել Հափին ասաց, որ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդի կողմից հաստատված վարկային ծրագիրը կաջակցի համայնքների հասանելիության բարելավման ուղղությամբ Հայաստանի կառավարության ընթացիկ աշխատանքներին՝ ապահովելով 170 կմ կենսական նշանակության ավտոճանապարհների վերականգնում, միևնույն ժամանակ աշխատատեղեր ստեղծելով հիմնականում գյուղական ազգաբնակչության համար։

Ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում նախատեսվում է վերակառուցել 73 կմ կենսական նշանակության ճանապարհներ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերի 31 համայնքներում (յոթ տեղամասեր)։ Այս ճանապարհներից օգտվում է շուրջ 70 հազ. մարդ։

Հափիի խոսքով՝ չնայած 2009թ. ի վեր արձանագրված տեսանելի դրական տեղաշարժերին՝ Հայաստանում կենսական նշանակության ճանապարհների մոտ 50%-ը շարունակում է մնալ վատ վիճակում, որոնց վերականգնման ու պահպանության համար դեռևս ներդրումների կարիք է զգացվում։ Բացի այդ՝ կենսական նշանակության ավտոճանապարհների անբարեկարգ հատվածների հետևանքով աճում են տրանսպորտային ծախսերը և ավելի շատ ժամանակ է ծախսվում ճանապարհն անցնելու համար, ինչն էլ հանգեցնում է գյուղատնտեսական շուկայի կամ հիմնական ծառայությունների, առողջապահական ու կրթական ծառայությունների հասանելիության սահմանափակումներին՝ բացասաբար անդրադառնալով երկրի մրցունակության վրա։

«Ինչպես ծրագրի սկզբում, այնպես էլ կենսական նշանակության ճանապարհների լրացուցիչ հատվածների վերականգնման ընթացքում գյուղական բնակավայրերում կստեղծվեն ժամանակավոր աշխատատեղեր և կբարելավվի հիմնական սոցիալական ծառայությունների հասանելիությունը»,- ասաց ՀԲ ներկայացուցիչը։

Հափին հիշեցրեց, որ 2009թ. «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով» Համաշխարհային բանկը հատկացրել է $101,6 մլն։ Արդյունքում բարեկարգվել են 433 կմ ճանապարհներ Հայաստանի մարզերում, վերակառուցվել կենսական նշանակության ճանապարհային ցանցի շուրջ 10%-ը: Ըստ Հափիի՝ նոր վարկային միջոցներով ծրագրի իրականացման նախաձեռնությունը եկել է կառավարությունից։

Հարցին, թե ինչու է կառավարությունը ներգրավում վարկային միջոցներ այն դեպքում, երբ հայտարարում է Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի կողմից ֆինանսավորման վերականգնման հնարավորության մասին, Հափին նշեց, որ պետք է ծանոթանալ Հայաստանի ճանապարհային քարտեզի հետ և պարզ կերևա ճանապարհների առկա խնդիրները։ «Հայաստանի ճանապարհների վերանորոգման հարցում ստեղծվել են գործընկերային հարաբերություններ բոլոր ֆինանսական կառույցների միջև։ Համագործակցություն է եղել նաև ՀԲ-ի և ՀՄԿ-ի միջև, մասնավորապես կառույցները փոխանակվել են ճանապարհային նախագծերով»,- ասաց ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենը։

Այդուհանդերձ, ՀԲ-ի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը» մեկնարկեց 2009թ., երբ ՀՄԿ տնօրենների խորհուրդը, հաշվի առնելով մի շարք ցուցանիշներով (ներառյալ՝ քաղաքական) Հայաստանի բավական ցածր կատարողականը, կասեցրեց Գյուղական ճանապարհների վերականգնման $67,1 մլն ընդհանուր արժողությամբ ծրագիրը։ ՀՄՀ-Հայաստանի կողմից կազմված ճանապարհների նախագծերը հանձնվեցեն ՀԲ-ին, դադարեցված՝ 171 կմ ճանապարհների վերականգնումը ֆինանսավորելու համար։

Հայաստանում գյուղական նշանակության ճանապարհները, իհարկե, գտնվում են անմխիթար վիճակում, բայց եթե կառավարությունը վստահ լիներ ՀՄԿ-ի կողմից ծրագրի վերականգնման հարցում, հազիվ թե դիմեր վարկային նոր միջոցներ ներգրավելուն, ընդ որում՝ լողացող տոկոսադրույքով։ ՀԲ-ի նոր վարկային միջոցները հատկացվել են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի պայմաններով՝ 25 տարի մարման ժամկետով, որից տասը տարին՝ արտոնյալ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում