Հարկային վարչարարության բնագավառում դեռևս առկա են խնդիրներ՝ կապված գործընթացների արդյունավետության, արդարացիության և թափանցիկության հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին։
Հափիի խոսքով՝ Հայաստանում հարկային վարչարարության բարեփոխումները խիստ անհրաժեշտ են ոչ միայն մասնավոր հատվածի զարգացման, այլև մակրոտնտեսական միջավայրի կայունացման համար։ «Այդ բարեփոխումների շրջանակում սերտորեն աշխատում ենք Պետական եկամուտների կոմիտեի հետ՝ բարելավելու ոչ միայն հարկային վարչարարության տեխնիկական բաղադրիչը, այլև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ քայլեր ենք ձեռնարկում հարկային քաղաքականության բարելավման ուղղությամբ»,- ասաց ՀԲ ներկայացուցիչը։
Անցած տարի հուլիսին Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրով» Հայաստանին $12 մլն վարկային միջոցների տրամադրումը։ Ծրագիրն ուղղված է Պետական եկամուտների կոմիտեում էլեկտրոնային կառավարման համակարգի կիրառման ընդլայնմանը (ներառյալ հարկային հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգի ներդրում) ու հարկային պարտավորությունների կատարման առավել հասցեական ու ռիսկերի գնահատման վրա հիմնված ռազմավարության ներդմանը, որը հենվում է հարկային պարտավորությունների կամավոր կատարման վրա։
Civilnet











