Ստամբուլից՝ Վատիկան․ ռուս-ուկրաինական խաղաղության հեռանկար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին կայացած երկժամյա հեռախոսազրույցից հետո հանդես են եկել խաղաղ բանակցությունների հեռանկարը ակնարկող հայտարարություններով՝ ռուս-ուկրաինական պատերազմը կարգավորելու նպատակով։
Հեռախոսազրույցից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ Վլադիմիր Պուտինը, խոսելով բանակցությունների բովանդակության մասին, նշել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ համագործակցության համար։ Ըստ Պուտինի, նման հուշագիրը կարող է ներառել կարգավորման սկզբունքները, հնարավոր ժամկետները, ինչպես նաև հրադադարի մասին կետեր։
«Մենք պարզապես պետք է որոշենք խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները», - ասել է ՌԴ նախագահը՝ շեշտելով, որ զրույցը Թրամփի հետ «շատ կառուցողական էր»։
Պուտինն ընդգծել է Ստամբուլում վերսկսած բանակցությունների կարևորությունը, որն, ըստ նրա, հիմք է տալիս ենթադրելու, որ իրենք ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են։
Նա հավելել է, որ ռուսական կողմի առաջնահերթությունը մնում է «ճգնաժամի արմատական պատճառների վերացումը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր հերթին հայտարարել է, որ «Ռուսաստանն ու Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցություններ»՝ զինադադարի և պատերազմի վերաբերյալ։ Թրամփը բարձր է գնահատել զրույցի «տոնն ու ոգին»՝ նշելով, որ Ռուսաստանը ցանկանում է խորը տնտեսական հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ՝ «այս աղետալի արյունահեղության ավարտից հետո»։
ԱՄՆ նախագահը նաև շեշտել է Ռուսաստանի «անսահման» տնտեսական ներուժը և նկատել, որ Ուկրաինան կարող է «հսկայական օգուտ քաղել» հետպատերազմյան վերակառուցման փուլում միջազգային առևտրի ակտիվացման միջոցով։
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ զրույցից անմիջապես հետո արդեն տեղեկացրել է մի շարք համաշխարհային առաջնորդների՝ ներառյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին, Գերմանիայի ՔԴՄ առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին և Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբին։
Թրամփի խոսքով՝ Վատիկանը կարող է դիտարկվել որպես հնարավոր հանդիպման վայր։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը և Թրամփը քննարկել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ռուսաստանի նախագահի անմիջական շփման հարցը:
Civilnet










