Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար։ Մեր կառավարությունը հաստատակամորեն նվիրված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղման գործին։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի ժամանակ։
«Մենք հետևողականորեն ձգտում ենք Ադրբեջանի հետ համապարփակ և ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատման։ Ինչպես գիտեք, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ Խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել և վավերացնել այս փաստաթուղթը։ Թեև դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Ադրբեջանն ունի անկեղծ մտահոգություններ, թե՞ արհեստականորեն ձգձգում է գործընթացը, բայց փաստն այն է, որ երկու երկրների միջև համաձայնեցված Խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել։ Եթե մտահոգություններն անկեղծ են, օրինակ՝ սահմանադրական հարցի վերաբերյալ, ապա առանց մանրամասների մեջ խորանալու, կարող եմ հավաստիացնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը պայմանագրի ստորագրումն ու դրա վավերացումն է Խորհրդարանի կողմից՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունից հետո»,- ասել է նախարարը։
Միրզոյանը կոչով դիմել է Եվրոպական միության ներկայացուցիչներին՝ հորդորելով նրանց ակտիվացնել իրենց աջակցությունը խաղաղության գործընթացին։
«Մենք ակնկալում ենք, որ մեր ԵՄ գործընկերները հետևողականորեն ընդգծեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը՝ թե՛ Բաքվի հետ իրենց ուղղակի շփումներում, թե՛ իրենց հրապարակային հայտարարություններում և հաղորդակցություններում»,- նշել է Միրզոյանը։
Նա անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը, իր խոսքով, առաջարկում է, որ բոլոր ենթակառուցվածքները գործեն պետությունների ինքնիշխանության և իրավազորության ներքո, և հիմնված լինեն փոխադարձության ու հավասարության սկզբունքների վրա։
«Մենք այս նախաձեռնությունը համարում ենք լիովին համադրելի ԵՄ «Համաշխարհային դարպասի» և «Միջին միջանցքի» գաղափարների հետ»,- ընդգծել է նախարարը։
Միրզոյանի խոսքով՝ հիմա է ճիշտ պահը, որպեսզի Հայաստանը դառնա խորը վերափոխման ենթարկվող տարածաշրջանի սրտում գտնվող, կանխատեսելի, ժողովրդավար և սկզբունքային գործընկեր՝ ԵՄ հետ փոխկապակցվածության շրջանակում։ Նա հավելել է, որ Հայաստանը նաև ուսումնասիրում է Սև ծովը Կասպից ծովին կապող միջանցքները՝ Կենտրոնական Ասիայի շուկաներին և ռեսուրսներին հասանելիություն ապահովելու համար։
Նախարարը հիշատակել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքը․ «Հայաստանի սահմանների բացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կդառնա խաղի կանոնները փոխող իրադարձություն։ Եվ դա Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի միմյանց առավել քան երբևէ»։
Հայաստանի գլխավոր դիվանագետը նաև ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ կապող օղակ տարածաշրջանների միջև՝ ոչ միայն ենթակառուցվածքների, այլև թվային, էներգետիկ և նորմատիվ փոխգործելիության ոլորտներում։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման թեմային անդրադառնալով՝ նախարարն ասել է․ «Բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվում է՝ ներառյալ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումները, ինչպես նաև իմ շփումներն արտաքին գործերի նախարարի հետ»։
Նրա գնահատմամբ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը զգալի հնարավորություններ կբացեն ինչպես Հայաստանի և Թուրքիայի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։
Միրզոյանը նաև հավելել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները արդեն ամուր և ինտենսիվ են, իսկ Իրանի հետ համագործակցությունը ռազմավարական խորություն է հաղորդում ողջ տարածաշրջանի կապակցվածությանը։
Civilnet











