Էլեն Մուրադյան
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանի՝ մայիսի 16-ին Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում հնչեցրած հայտարարությունները քննադատության ալիք են բարձրացրել լրագրողական համայնքում։
Հակոբյանը, խոսելով լրատվամիջոցների ֆինանսավորման հիմնադրամ ստեղծելու կառավարության որոշման և այդ որոշումը քննադատող կազմակերպությունների մասին, հեգնական արտահայտություններ է արել քննադատների մասին։
Հայաստանի առավարությունն ապրիլի 17-ին որշում է ընդունել ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ, որի միջոցով նախատեսվում է աջակցել հեռուստաընկերություններին հանրային նշանակության հաղորդումների ստեղծման համար։ Հասարակական մի շարք կազմակերպություններ քննադատել են այս քայլը՝ նշելով, որ կառավարությունն ծրագիրն ընդունել է առանց լրագրողական կազմակերպությունների հետ քննարկման և մասնակցության։ Մասնագիտացած կառույցները տարակուսում են նաև, թե ինչ է կառավարությունը գումար հատկացնելու հանրային նշանակության հաղորդումների ստեղծման համար, երբ այդ նպատակով արդեն իսկ հանրային միջոցներից ֆինանսավորվում են Հանրային հեռուստաընկերությունը, Հանրային ռադիոն և այլն։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը զբաղվում է երկրում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լիցենզավորմամբ, բովանդակության վերահսկմամբ և մեդիա ոլորտում կարգավորիչ գործառույթների իրականացմամբ:
«Այդ հասարակական կազմակերպությունները նեղսրտեցին, որ կառավարությունը դա արել է առանց իրենց հետ խորհրդակցության։ Չի կարելի ցանկացած լավ գործ արժեզրկել միայն նրա համար, որ դու դրա մեջ մասնակցություն չունես»,- ասել է ՀՌՀ նախագահը։
Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ ՀՌՀ նախագահի խոսքերը որակելով «իրականությունը խեղաթյուրող և անհիմն»։
«Բանախոսի՝ Տիգրան Հակոբյանի պնդումը, թե մեր քննադատությունը պայմանավորված էր նրանով, որ չենք մասնակցել հիմնադրամի ստեղծման գործընթացին, ակնհայտ խեղաթյուրում է մեր հայտարարության բովանդակությունը, ինչպես նաև բուն խնդիրը»,- նշված է հայտարարության մեջ։ Կազմակերպությունները շեշտում են, որ իրենց դիրքորոշումը եղել է այն, որ հիմնադրամից պետք է կարողանան օգտվել բոլոր մեդիա կազմակերպությունները՝ անկախ կարգավիճակից, եթե պատրաստ են ստեղծել հանրային շահ ունեցող բովանդակություն։
Կազմակերպություններն անընդունելի են համարում նաև Գորիսի մամուլի ակումբին թիրախավորելը, դրա գործունեությունն արժեզրկելու փորձն ու քամահրական վերաբերմունքը, որը դրսևորել է Տիգրան Հակոբյանը։
Հարցազրույցի ընթացքում Հակոբյանն ասել է, թե Գորիսի մամուլի ակումբը ստանում է մեծ ֆինանսավորում՝ շուրջ 380 միլիոն դրամ, բայց գործունեության մասին տեղեկություններ չեն հրապարակվում։ Հակոբյանը զարմանք է հայտնել, որ այդ կազմակերպությունը բարձրացնում է հարցեր, մինչդեռ իր գնահատմամբ՝ այն չի բացահայտում, թե ինչպես է ծախսում ստացած գումարները։
«Դուք լսե՞լ եք այդպիսի մամուլի ակումբ։ Ինչո՞վ է զբաղվում, ի՞նչ է անում։ Մենք փնտրեցինք և գտանք, որ նրանք ամեն տարի պետք է իրենց ֆինանսական հաշվետվությունը ներկայացնեն կայքում, բայց կայքում ֆինանսական հաշվետվությունը չկար։ ՊԵԿ-ից ստացանք ինֆորմացիա, որ իրենց տարեկան բյուջեն կազմում է մոտ 380 միլիոն դրամ։ Այն հիմնադրամը, որ ստեղծվում էր տասնյակ հեռուստաընկերությունների համար, ընդամենը 250 միլիոն դրամ էր»,- ասել է ՀՌՀ նախագահը։
Լրագրողական կազմակերպություններն ի պաշտպանություն Գորիսի մամուլի ակումբի նշել են, որ հասարակական ոլորտում մարզային այս կառույցը ճանաչված է թե՛ լրագրողական, թե՛ սոցիալական և հումանիտար, թե՛ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանն ուղղված գործունեությամբ։
«Հենց դրա համար է միջազգային դոնոր կազմակերպությունից ստացել խոշոր դրամաշնորհ, ինչը վկայում է ոչ միայն կարողությունների ու հմտությունների, այլև տարիների ընթացքում ձեռք բերած վստահության մասին»,- նշվում է հայտարարությունում։
Լրագրողական կազմակերպությունները կտրուկ են արձագանքել Հակոբյանի այն դիտարկումներին, թե իրենք չեն պայքարում ապատեղեկատվության կամ մասնագիտական էթիկայի խախտումների դեմ։
«Դժվար է ասել՝ սա անտեղյակությա՞ն հետևանք է, թե՞ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու փորձ։ Ամեն դեպքում նշենք, որ այդ խնդիրները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են եղել։ Դրանց անդրադարձել ենք բազմաթիվ հայտարարություններում, վերլուծություններում ու փաստաթղթերում»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության վերջում լրագրողական կազմակերպությունները ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին կոչ են անում «յուրաքանչյուր ՀԿ-ի գործունեության մասին դատողություններ անելուց առաջ մանրակրկիտ ուսումնասիրել այդ կառույցի աշխատանքը, հակառակ դեպքում հրապարակային գնահատականները դառնում են խոցելի»։
Համատեղ հայտարարություն տարածած կազմակերպություններն են՝
- ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
- ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
- ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
- ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
- ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
- «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
- «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
- «ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ» ՀԿ
Civilnet











