Փոլ Վարդան Սուքիասյան
Կալիֆոռնիայում և Ֆլորիդայում ձերբակալվել է 13 անձ՝ հայկական կազմակերպված հանցավորության խմբավորումների հետ կապված։
Երեքշաբթի Կալիֆոռնիայում և Ֆլորիդայում ձերբակալվել է հայկական կազմակերպված հանցավոր խմբավորումների 13 ենթադրյալ անդամ և գործակից՝ Լոս Անջելես գավառում գործող խմբերի միջև իշխանության համար պայքարի ֆոնին:
Դաշնային իշխանությունները այդ անձանց նկատմամբ մեղադրանքներ են առաջադրել մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանության փորձ, առևանգում, հրազենի գործադրմամբ հանցագործություններ և բեռնափոխադրությունների գողություն։ Այս մասին տեղեկացնում է Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատախազության գրասենյակը:
Ձերբակալվածների թվում են 41-ամյա Արա Արթունին Պորտեր Ռանչից, որին մեղադրանք է առաջադրվել ռեկետի և սպանության փորձի համար, և 46-ամյա Ռոբերտ Ամիրյանը Հոլիվուդից, որին մեղադրանք է առաջադրվել առևանգման համար: Իշխանությունները պնդում են, որ երկու անձ էլ ավտորիտետներ են՝ հանցավոր հեղինակություներ, որոնք պայքարում են իշխանության համար այն ցանցի շրջանակներում, որը դատախազության գրասենյակի խոսքով ռուսական մաֆիայի հետ կապված է և հայտնի է «Հայկական կազմակերպված հանցախումբ» անվամբ:
2023-ին նրանց միջև մրցակցությունը կտրուկ սրվել է, երբ Արթունին, ըստ մեղադրանքի, հանձնարարել է սպանել Ամիրյանին, իսկ վերջինս հակահարված է ձեռնարկել՝ գաղտնի դավադրություն մտցնելով Արթունիի գործակիցներից մեկին առևանգելու և տանջելու համար:
Բացի այդ, Արթունին և նրա հանցավոր կազմակերպությունը մեղադրվում են լրացուցիչ հանցագործությունների մեջ, այդ թվում՝ բանկային խարդախություն, էլեկտրոնային խարդախություն և «բեռնափոխադրությունների գողություն»՝ առցանց խանութների, ինչպիսին Amazon-ն է: Արթունիի կազմակերպության անդամները գրանցվել են Amazon-ում որպես փոխադրողներ, պայմանագիր կնքել բեռնափոխադրական երթուղիների համար, այնուհետև ապրանքները փոխադրելիս գողացել են բեռներն ամբողջությամբ կամ մասամբ՝ ավելի քան 83 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:
Ձերբակալությունների ժամանակ ԱՄՆ իշխանությունները բռնագրավել են 100,000 դոլար կանխիկ գումար, 14 հրազեն և երեք զրահապատ տրանսպորտային միջոց: Ձերբակալվածների թվում են նաև 50-ամյա Վահան Հարությունյանը Հոլիվուդից, Ֆլորիդա, 45-ամյա Լևոն Առաքելյանը Լաս Վեգասից և 33-ամյա Իվան Բոյորկեսը Գարդենայից, Կալիֆոռնիա: Մեկ կասկածյալ դեռ հետախուզվում է:Ամբաստանյալներին 10 տարուց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։
Read the article in English.
Civilnet











