57,736 քաղաքացի տարեկան եկամուտների հայտարարագիր է ներկայացրել

Մայիսի 22-ի դրությամբ 57,736 քաղաքացի տարեկան եկամուտների հայտարարագիր է ներկայացրել, 23,175-ը ստացել է սոցիալական կրեդիտ։ Այս մասին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մամուլի ասուլիսի ընթացքում։
«2 մլրդ-ից ավելի սոցիալական կրեդիտներ են ստացել մեր քաղաքացիները։ Սա հնարավոր է դարձել, որովհետև հայտարարագրման գործընթացն այսօր շատ ավելի հասանելի է։ Մենք մի շարք որոշումներ ենք կայացրել, որոնց շնորհիվ գործընթացը դարձել է սահուն, մշակվել են ուղեցույցներ և ձևավորվել նոր հարթակի կոնցեպտ, որպեսզի քաղաքացիներն առանց դժվարության կարողանան լրացնել իրենց հայտարարագիրը»,- ընդգծել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ համակողմանի փոփոխություններ են կատարվել՝ քաղաքացիների մասնակցությունն ավելացնելու նպատակով։ «Մենք սահմանել ենք հստակ ժամկետներ հայտարարագրերի ներկայացման համար։ 2024-ի և 2025-ի համար դրանք սահմանվել են համապատասխանաբար՝ մինչև 2025-ի նոյեմբերի 1-ը և մինչև 2026-ի նոյեմբերի 1-ը։ Իսկ հետագա տարիների համար՝ հաշվետու տարվան հաջորդող մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը»,- նշել է ՊԵԿ նախագահը։
Անդրադառնալով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընդլայնված շրջանակին՝ Հակոբյանը պարզաբանել է.
«Այսուհետ փոխհատուցվում են ոչ միայն կրթական և առողջապահական ծախսերը, այլև՝ ատամնաբուժական ծառայությունները, արտադպրոցական ու ոչ ֆորմալ կրթական ծրագրերին կատարված վճարումները, ինչպես նաև դասագրքերի վարձակալության ծախսերը, եթե դրանք կատարվել են անկանխիկ եղանակով»։
ՊԵԿ նախագահը հավելել է նաև, որ որոշ խնդիրներ, որոնք առկա էին նախապես՝ օրինակ՝ սոցիալական կրեդիտ ստանալու սահմանափակումներ որոշ հաստատություններում, այժմ լուծվել են։
«Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի քաղաքացիները կարողանան փոխհատուցում ստանալ նույնիսկ այն ծախսերի համար, որոնք կատարվել են արվեստի դպրոցներում կամ խմբակներում»,- ասել է Հակոբյանը։
ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային մուտքերի աճի տվյալները։ Նրա խոսքով՝ հունվար-ապրիլի կտրվածքով 14 տոկոս աճ է գրանցվել՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ինչը, ըստ Հակոբյանի, ենթադրում է 120 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ։
Civilnet










