Հայաստանը այն երկրների շարքում չէ, որտեղ Համաշխարհային բանկի իրականացրած ծրագրերում կոռուպցիայի դեպքեր են հայտնաբերվել, լրագրողների հետ փետրվարի 1-ի հանդիպմանը ասել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին։
Նշենք, օրերս ՀԲ նախագահ Ջիմ Յոն Քիմը հայտարարել է, որ բանկի՝ վերջին չորս ու կես տարիներին իրականացրած ծրագրերում միջոցների ոչ նպատակային օգտագործման 600 դեպք է հայտնաբերվել։
Հափիի խոսքով՝ ՀԲ հայաստանյան վարկային պորտֆելում մեծ տեղ է հատկացվում կոռուպցիայի դեմ պայքարին, ուստի ծրագրերը կազմելիս ուշադրություն է դարձվում տարբեր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի գնահատմանը։ «Այդ մոտեցումը մենք կիսել ենք կառավարության հետ և պորտֆելը զերծ է կոռուպցիոն ռիսկերից»,- ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, Հափին նշեց, որ տնտեսության աճի արագ տեմպ ապահովելու և աղքատությունը հաղթահարելու համար առանցքային նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարը։ «Մենք կոռուպցիան դիտարկում ենք համակարգային տեսակետից։ Դրա դեմ պայքարը ներառում է գործողությունների լայն շարք՝ օրենքի գերակայություն ապահովում, պետական համակարգի ու պետական ֆինանսների կառավարման և հաշետվողականության թափանցիկություն»,- ասաց ՀԲ ներկայացուցիչը։
Civilnet











