Գլխավոր Լրահոս

Ջրհեղեղից մեկ տարի անց. ի՞նչ պատկեր է Ալավերդի համայնքում

Ջրհեղեղից մեկ տարի անց. ի՞նչ պատկեր է Ալավերդի համայնքում

Սիրանուշ Ադամյան

2024-ի մայիսին Լոռու մարզում Դեբեդ գետի, իսկ Տավուշի մարզում Աղստև գետրի վարարման պատճառով մեծ ավերածություններ եղան։ Լոռիում, օրինակ, փլուզվեցին կամուրջներ, ճանապարհներ, բազմաթիվ տներ հեղեղվեցին։ Առանձնապես տուժեցին Ալավերդու Սանահին կայարան թաղամասը, Ախթալա կայարանի տարածքում գտնվող տներ, Քարկոփ բնակավայրը։ ՍիվիլՆեթը աղետից մեկ տարի անց այցելել է տուժած բնակավայրեր՝ հասկանալու, թե ինչ է արվել։

Ի՞նչ է փոխվել ջրհեղեղից մեկ տարի անց

Ախթալա կայարանի տարածքում հիմնական կամրջի փոխարեն տեղադրված է պողպատե ժամանակավոր կամուրջ, որով կարող են նաև բեռնատարներ երթևեկել։ 

Կայարանի տարածքում է Արթուր Բեգջանյանի տունը, որին անցած տարի էինք այցելել։ Իրենց տունն ու այգին գրեթե ամբողջությամբ վնասվել է ու դարձել բնակության համար ոչ պիտանի։ Այսօր էլ նրանք շարունակում են այլ տեղ ապրել։ Մեկ տարի առաջ ու հիմա՝ Արթուր Բեգջանյանը ցույց է տալիս իր տունը, որը նույն վիճակում է։ Տանը որոշ աշխատանքներ են կատարել՝ այն պատրաստելով նորոգման համար, բայց կառավարությունը դեռ չի փոխհատուցել նրանց կրած վնասների համար. պատճառն այն է, որ սեփականության վկայական չունեն։

Լուսանկարներ՝ Բեգջանյանների տնից

«Տունը սեփական չի, որովհետև պատկանել ա երկաթգծին, ամուսնուս որպես երկաթուղայինի աշխատողի, տուն են տվել։ Այստեղ ապրել ենք շուրջ 30 տարի։ Իմ խնդրանքն է, որ ինչ-որ մեկը, ինչ-որ բարերար ձեր միջոցով մեզ կարողանա օգնել, մենք աշխատող մարդիկ ենք, ընդամենը պետք ա, որ մի քիչ աջակցեն, տունը մի քիչ բարելավենք, որ կարողանանք էս երեք անչափահասների հետ տեղափոխվենք մեր տուն»,- ասում է Արթուրի կինը՝ Արմինե Միրզոյանը։

Առ այսօր այլ տեղ են բնակվում, պետությունը մինչև դեկտեմբեր վճարել էր վարձը, հիմա բարեկամի տանն են մնում, քանի որ վարձի գումարը չեն կարող տալ։ Խնդրի լուծման համար դիմել են տարբեր մարմիններ, նաև վարչապետի աշխատակազմ, սպասում են դրական արձագանքի։

Ինչ պատկեր է Քարկոփում

Ջրհեղեղից մեծապես տուժած Քարկոփ գյուղում առաջին քեֆ ուրախությունն այս տարվա փետրվարին է եղել, նշել են գյուղացիներից մեկի ծննդյան տարեդարձը։ Ալվարդ Բեջանյանի խոսքով՝ անգամ Նոր տարուն մարդիկ դեռ անտրամադիր էին։ Գյուղում տուն չկար, որ ջրհեղեղից տուժած չլիներ։ 

Կառավարությունը փոխհատուցել է տները վերանորոգելու համար մետրի դիմաց տալով 60,000 դրամ, 1, 2 մլն դրամ էլ՝ որպես գույքի գումար։

Ալվարդ Բեջանյանը փոխհատուցած գումարով իր տունն է վերանորոգել, մնացել է տան մի փոքր հատվածը կարգի բերել։

Առաջին լուսանկարում Ալվարդ Բեջանյանի տան չվերանորոգված հատվածն է, երկրորդում՝ նորոգված

Քարկոփի մեկ այլ բնակիչ Մհեր Խառապյանն էլ տնակում էր ապրում. ջրհեղեղից հետո այն պիտանի չէր բնակության համար։ Նրան գյուղում տրամադրել են բնակարան, որը վերանորոգվում է պետության տրված գումարով. գումարն էլ փոխանցվում է փուլ առ փուլ։ 

«Վարպետի փող է տալիս, շինանյութի փող է տալիս, որ առնես, հիմա մի փուլ է մնացել, պիտի ես վարպետի փող տամ, չորրորդ փուլով պիտի պրծնեմ տան վերանորոգումը։ Չգիտեմ՝ կկարողանանք, թե չէ, պարտքի տակ չմնամ»,- ասում է Մհերը։

Քարկոփում ևս տեղադրված է ժամանակավոր կամուրջ։ Մարդիկ միայն ուզում են, որ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի Դեբեդը հունից այլևս դուրս չգա ու նաև բակերն ու փողոցները բարեկարգվեն։

Քարկոփի կամուրջը

Ի՞նչ պատկեր է Ալավերդու Սանահին կայարան թաղամասում

Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասը ևս շատ էր տուժել ջրհեղեղից։ Շենքերի առաջին հարկերը լցվել էին ջրով։ Այստեղ մարդկանց մի մասը արդեն վերականգնել է տունը, մի մասն էլ դեռ վերականգնում է։ 

«Մարդ կա չի մնում, չի եկել, որ էս մարդը խոսեց, դեռ վարձով ա մնում, կողքիս հարևանն ա, նորից Սարահարթում էլի վարձով ա մնում, կիսատ ա դեռ, կա մեկը, որ էլի ուրիշ տեղ ա մնում, էլի վարձով են ապրում։ Մեկինը էլի փաստաթղթերի հետ ա կապված խնդիրը»,- ասում է թաղմասի բնակիչներից Ռիտա Թանթուշյանը, որի տունը ևս ներկայում վերանորոգվում է։ Նրանք շենքի երկրորդ հարկում ևս բնակարան ունեին. ասում է՝ եթե դա չլիներ, իրենք էլ պիտի ստիպված այլ տեղ վարձով մնային այսքան ժամանակ։

Ռիտա Թանթուշյանը իր վերանորոգվող տանը

Սանահինի փլուզված կամրջի փոխարեն կրկին ժամանակավոր կամուրջ է տեղադրված։ Թե երբ կկառուցվեն հիմնական կամուրջները, հայտնի չէ։ 

Ընդհանուր առմամբ ի՞նչ է արվել աղետի հետևանքները վերացնելու համար

Ալավերդի համայնքում ընդհանուր առմամբ աղետից տուժած 142  ընտանիքներից 101-ը փոխհատուցում է ստացել, 12-ին մերժել են աջակցությունը սեփականության վկայագիր չունենալու պատճառով։ Բնակարանի գնման վկայագրի շահառու է  24 ընտանիք։ Հինգը մերժում է ստացել։

Ալավերդու համայնքապետարանից ՍիվիլՆեթից հայտնում են, որ ջրհեղեղի հետևանքների վերացման և կանխարգելման նպատակով իրականցվել են ու շարունակում են իրականացվել գետի մաքրման և հուների վերականգնման աշխատանքներ։

Կառավարությունն իրականացրել են գնումների մի շարք մրցույթներ՝ հենապատերի վերականգնման, խմելու նոր ջրագծի կառուցման, թաղամասերի ասֆալտապատման, հեղեղված բազմաբնակարան շենքերի վերանորոգման  համար։ Արդեն իսկ կառուցվել են նոր կոյուղագծեր։ Հայտարարված մրցույթներում շահողներն արդեն հայտնի են։

«Առաջիկա օրերին կսկսվեն Թումանյան փողոցի հենապատերի, Թումանյան թաղամասի ասֆալտապատման և Սանահին կայարան թաղամասի խմելու ջրագծի կառուցման աշխատանքները»,- հայտնել են համայնքապետարանից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում