Գլխավոր Լրահոս

Զեկույցը նշում է կապիտալ ծախսերի թերակատարումը, տնտեսագետը՝ կարևորում թվերը տարվա կտրվածքով

Զեկույցը նշում է կապիտալ ծախսերի թերակատարումը, տնտեսագետը՝ կարևորում թվերը տարվա կտրվածքով

Արշալույս Մղդեսյան

Կապիտալ ծախսերի թերակատարումը Հայաստանում 2025-ի առաջին եռամսյակում առանձին ոլորտներում կազմել է 30-ից 67%։ Սա ըստ «Լույս» հիմնադրամի հինգշաբթի հրապարակած զեկույցի`«տնտեսության պոտենցիալը կրճատող գործոն» է։ Կառավարությունը, սակայն, այլ բացատրություն ունի:

Ծախսերի «հետևողական» թերակատարում

Թեև հարկային մարմինները զեկուցում են բյուջեի եկամուտների հավաքագրման առաջանցիկ տեմպերի մասին, ծախսերի, մասնավորապես կապիտալ ծախսերի ոլորտում, արձանագրվել է կտրուկ անկում, փաստում է ընդդիմադիր ՀՀԿ-ի մտակենտրոն «Լույս» հիմնադրամի հետազոտությունը։

Ըստ այդմ՝ Հայաստանի պետբյուջեի ընդհանուր եկամուտները առաջին եռամսյակում կազմել են 597,4 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 102,1%-ով ավելի։ Դրական այս տարբերությունը, ըստ զեկույցի, հիմնականում պայմանավորված է այլ եկամուտների գծով ակնկալվածից բարձր մուտքերով, որոնց կատարողականը հասել է 149,6%-ի։

Միևնույն ժամանակ, «Լույս» հիմնադրամի փորձագետներն ուշադրություն են հրավիրում պաշտոնական դրամաշնորհների գծով 22,9 տոկոսանոց թերակատարման վրա։ Սա, ըստ զեկույցի հեղինակների, ոչ թե եռամսյակային, այլ համակարգային խնդիր է, քանի որ «գործող կառավարության իշխանավարման ողջ ընթացքում պատկան մարմինները հետևողականորեն թերակատարել են դոնորների հետ նախապես համաձայնեցված պայմանները»։

Կապիտալ ծախսերի քրոնիկ թերակատարումից ժամանակին դժգոհել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանատվությունը դնելով պետական գնումներին մասնակցող ընկերությունների վրա: 

«ՀՀ-ում գործող շինարարական ընկերություններն իրենց հզորություններով պատշաճ ժամանակում, որակով ու ծավալներով չեն կարողանում լիարժեք իրականացնել այն ծրագրերը, որոնք առաջարկվում են պետության կողմից»,- 2021-ին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մատնանշած խնդիրը չորս տարի անց՝ գոնե եռամսյակի կտրվածքով, դեռ մնում է ակտուալ:

Ամենախոցելի բնագավառը` կապիտալ ծախսեր

Այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 576,2 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 29,6%-ով կամ 242,1 մլրդ դրամով պակաս։ «Լույս» հիմնադրամի փորձագետները նշում են, որ ամենախոցելի բնագավառը կապիտալ ծախսերն են, որ եռամսյակի կտրվածքով թերակատարվել են 67,1%-ով։

Թերակատարված ընդհանուր գումարի 62,4% բաժին է ընկել ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով ծախսերին, իսկ 37,6%-ը՝ ընթացիկ ծախսերին։ «Այս հարաբերակցությունը վկայում է, որ կառավարությունն ի զորու չէ իրականացնել երկարաժամկետ կապիտալ ներդրումներ, որոնք հիմք են հանդիսանում տնտեսական աճի համար»,- եզրակացնում են հիմնադրամի փորձագետները։

Ուսումնասիրության ուշադրություն է դարձվում պաշտպանության ապահովման ծրագրի կատարմանը։ Ընդհանուր առմամբ, 2025-ին կապիտալ ծախսերը կազմում են 733 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 6,6%-ը, որի 55,8%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին:

Եռամսյակի կտրվածքով ծրագրված ընդհանուր կապիտալ ծախսերի 228,9 մլրդ դրամի ցածր կատարողականը, ըստ «Լույս» հիմնադրամի, առավելապես պայմանավորված է հենց այս ոլորտում կատարված ծախսերով, որոնք կազմել են ծրագրված 170,2 մլրդ դրամի ընդամենը 29,9%-ը։ «Լույս» հիմնադրամի վերլուծաբաններն ընդգծում են այս պարադոքսը, հատկապես այն հանգամանքի լույսի ներքո, որ 2025-ի բյուջեն ներկայացնելիս իշխանությունը հենց պաշտպանության գծով կապիտալ ծախսերի համար մեծ գումարների հատկացումը շեշտում էր որպես կարևոր առավելություն։

«Ստացվում է, որ կարևորը միջոցները հատկացնելն է, ոչ թե նախատեսված աշխատանքները կատարելը»,- նշվում է զեկույցում։

Ծախսերի թերակատարում` բոլոր պետական մարմիններում

Համաձայն հետազոտության` ծախսերի թերակատարում է նկատվել գրեթե բոլոր պետական մարմիններում։ Առավել ցայտուն են պաշտպանության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով թերակատարումները՝ համապատասխանաբար 57,5, 53, 48,9 և 36,7%։

«Կասկածից վեր է, որ գործող իշխանությունը պարզապես ի զորու չէ ապահովել պետական կարևորագույն ծրագրերի արդյունավետ իրականացումը»,- նշում են հիմնադրամի վերլուծաբանները։

Դրանք ներառում են «ՀՀ պաշտպանության ապահովում», «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում», «Գյուղատնտեսության խթանում», «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» և «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրերը։

2025-ի առաջին եռամսյակում պետական բյուջեն ունեցել է 21,2 մլրդ դրամ հավելուրդ՝ ծրագրված 233,3 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,9 մլրդ դրամ փաստացի պակասուրդի դիմաց։

«Լույս» հիմնադրամի փորձագետները նշում են, որ հավելուրդի հիմնական պատճառը ծախսերի ցածր կատարողականն է, այլ ոչ թե եկամուտների արդյունավետ կառավարումը։

«Լույս»-ի գնահատականի շուրջ

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանն այլ կարծիքի է կապիտալ ծախսերի կատարման վերաբերյալ։ Նա նշում է, որ վերջին տարիներին դրանց արդյունավետությունն էականորեն բարձրացել է, իսկ առաջին եռամսյակի արդյունքները չեն կարող լիակատար պատկեր տալ տարեկան կատարման մասին։

Ֆանյանը մատնանշում է երկու հիմնական գործոն, որոնք ազդում են կապիտալ ծախսերի եռամսյակային ցուցանիշների վրա։ Առաջինը տեխնիկական բնույթի է՝ կապված վարչական գործընթացների հետ։ Ինչպես բացատրում է տնտեսագետը, հաճախ նախագծերի ընդունման-հանձնման ակտը և վճարումը տեղի են ունենում որոշակի ժամանակային տարբերությամբ։ 

«Օրինակ, եթե առաջին ամսվա ընթացքում ընդունել են գործը, վճարումը կարող է կատարվել երկրորդ ամսվա ընթացքում, ինչը վիճակագրության մեջ առաջին եռամսյակում արտացոլելու է ցածր կատարողականություն»,- ասում է տնտեսագետը:

Երկրորդ գործոնը վերաբերում է մրցութային գործընթացներին։ Ֆանյանի բացատրությամբ՝ հաճախ մրցույթներ են հայտարարվում, բայց մասնակիցներ չեն լինում, ինչի արդյունքում անհրաժեշտ է նոր մրցույթ հայտարարել, որն ուշացնում է նախագծերի իրականացումը և ազդում կապիտալ ծախսերի ժամանակային բաշխման վրա։

Ըստ նրա՝ ճշգրիտ գնահատականի համար անհրաժեշտ է դիտարկել ամբողջ տարին. «Սովորաբար չորրորդ եռամսյակում կապիտալ ծախսերի ծավալի կտրուկ թռիչք է նկատվում, քանի որ բյուջետային տարվա ավարտին են կատարվում հիմնական վճարումները արված գործի դիմաց»։Ամիսներ առաջ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ կապիտալ ծախսերի կատարման արդյունավետությունը 2024-ին բարձրացել է մինչև 95,8%՝ համեմատած 2021-ի` 92,5%-ի և 2022%-ի 94,9%-ի հետ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում