«Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունները կարող են հասցվել ռազմավարական գործընկերության մակարդակի»

Հնդկաստանի պաշտպանության նախարարության խորհրդատու դոկտոր Սվաստի Ռաոն Սիվիլնեթի հետ զրույցում անդրադառնում է Հնդկաստանի և Հայաստանի միջև արագ ընդլայնվող ռազմական համագործակցությանն ու դրա զարգացման հեռանկարներին։
Որո՞նք են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանական համագործակցության ոլորտները, որոնք ներկայում զարգանում են:
Ինչպես գիտեք, Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունները զգալիորեն խթանվել են 2020 թվականից հետո: Հատկապես վերջին երկու-երեք տարիներին Հնդկաստանը դարձել է Հայաստանի հիմնական պաշտպանական մատակարարներից մեկը: Փաստորեն, Հնդկաստանը Հայաստանի թիվ մեկ պաշտպանական մատակարարն է, մինչդեռ Ֆրանսիան զբաղեցնում է երկրորդ տեղը: Հետևաբար, ներկայում մեր երկկողմ հարաբերությունների ամենակարևոր բաղադրիչը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունն է:
Հնդկաստանը հպարտությամբ է առաջարկում Հայաստանին ժամանակակից տեխնոլոգիական համակարգեր՝ շատ մրցունակ գներով: Գիտեք, արևմտյան սարքավորումները իսկապես թանկարժեք են, մինչդեռ հնդկական սարքավորումները որակով են, բայց ավելի մատչելի: Այս առումով կարծում եմ, որ ստացվել է փոխշահավետ համագործակցություն: Վերջերս ռազմական առճակատում ունեցանք Պակիստանի հետ, երբ վերջինս ահաբեկչական հարձակում գործեց հնդկական տարածքի նկատմամբ, և համոզված եմ, որ հայ գործընկերներն ուշադիր հետևեցին հնդկական օդային պաշտպանության համակարգերի, հատկապես տեղական արտադրության օդային պաշտպանական համակարգերի արդյունավետությանը:
Այսպիսով, լինի օդային պաշտպանություն, քարշակային հրետանային համակարգեր, ռադարային սարքավորումներ, թե զինամթերք՝ այս պաշտպանական համագործակցության ծավալը նշանակալի է, և համոզված եմ, որ այն շարունակելու է ընդլայնվել:
Ինչպե՞ս է Հնդկաստանի պաշտպանական արտահանման քաղաքականությունը ազդել նրա ռազմական գործընկերության վրա Հայաստանի հետ:
Ներկայում Հնդկաստանում կատարվում է մի փոփոխություն, որը շատերի ուշադրությունից դուրս է մնում. մինչդեռ Հնդկաստանը տասնամյակներ շարունակ համարվել է աշխարհի ամենամեծ պաշտպանական ներմուծողը, ներկայիս կառավարությունն ու պաշտպանության նախարարությունը ձգտում են դառնալ պաշտպանական սարքավորումների զուտ արտահանող:
Հնդկաստանն արդեն արտահանել է շուրջ 2,8 մլրդ դոլարի պաշտպանական սարքավորումներ մինչև 2024 թվականը։ Մեր նպատակն է այս ծավալը հասցնել 5,6 մլրդ դոլարի այս տասնամյակի ավարտին: Այսպիսի թիրախներով Հայաստանի նման երկրները կարևոր նշանակություն են ստանում: Բացի Հայաստանից և Հարավարևելյան Ասիայի մի քանի երկրներից, ինչպիսիք են Ֆիլիպիններն ու Վիետնամը, որոնց նույնպես մատակարարում ենք BrahMos թևավոր հրթիռը, Հայաստանը միակ երկիրն է, որտեղ մենք արտահանում ենք իսկապես առաջադեմ հնդկական համակարգեր: Մեր մյուս պաշտպանական արտահանումները հիմնականում երկրորդական կամ կրկնակի նշանակության սարքավորումներ են:
Այս առումով Հայաստանը մեզ թույլ է տալիս ցուցադրել մեր առաջադեմ տեխնոլոգիական համակարգերի արդյունավետությունը: Սա կարևոր փոփոխություն է Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերական քաղաքականության մեջ: Բացի այդ, ինչպես հայտնի է, պաշտպանության նախարարությունը ստեղծել է երկու առաջատար պաշտպանական արդյունաբերական միջանցք Հնդկաստանում, որտեղ ես իրականացնում եմ խորհրդատվական գործունեություն: Այս շրջանակներում մենք արդեն բովանդակալից քննարկումներ ենք ունեցել հայկական կողմի հետ:
Հատկապես կցանկանայի ընդգծել, որ սա հնարավորություն է համախոհ գործընկերների համար՝ ներդրումներ կատարելու Հնդկաստանում: Նույնիսկ եթե նրանք չցանկանան ուղղակի ներդրում կատարել, կարող են տրամադրել տեխնոլոգիա՝ մենք կապահովենք ֆինանսավորումը: Ի վերջո, նպատակն է արտադրել Հնդկաստանի համար, մեր գործընկերների համար և համատեղ արտադրել ամբողջ աշխարհի համար: Հետևաբար, հնարավորությունները բացարձակապես անսահման են, և մեզ անհրաժեշտ են հենց այսպիսի՝ նույն տեսլականով գործընկերներ՝ բովանդակալից համագործակցության համար:
Ի՞նչ դեր են խաղում տարածաշրջանային անվտանգության հետ կապված մտահոգությունները Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանական հարաբերությունների ձևավորման գործում:
Պաշտպանական արդյունաբերության համագործակցությունը, որը ծավալվում է միայն վերջին երկու տարվա ընթացքում, միայն մի մասն է ընդհանուր պատկերի, թե ինչպես է Հնդկաստանը դիտարկում իր քաղաքականությունը Հարավային Կովկասում: Կան նաև այլ պատճառներ:
Մենք պարզ տեսնում ենք, որ կա նաև աշխարհաքաղաքական մերձեցում, քանի որ Ադրբեջանը, ինչպես գիտեք, աջակցություն է ստանում Թուրքիայից, աջակցություն է ստանում Պակիստանից: Ադրբեջանը շատ բացահայտորեն հնդկական շահերի դեմ է աշխատել, երբ վերջերս մենք ահաբեկչական հարձակման ենթարկվեցինք Պակիստանի կողմից։
Այնպես որ, առկա է ծագող համագործակցություն Հունաստանի, Հնդկաստանի, Հայաստանի միջև, որն աջակցություն է ստանում Ֆրանսիայից, և կա լայն աշխարհաքաղաքական մերձեցում: Խոսքը ոչ միայն պաշտպանական արդյունաբերության ոլորտում հարաբերությունների մասին է, այլև տարածաշրջանային հանգամանքների:
Երկրորդը այն կապն է, որը Հայաստանը մեզ առաջարկում է, քանի որ Հայաստանը միջազգային Հյուսիս-Հարավ միջանցքի բաղկացուցիչ մասն է։ Մենք նաև եռակողմ ձևաչափով համագործակցում ենք Հայաստանի և Իրանի հետ՝ առավել արդյունավետ ուսումնասիրելու այդ կապի հնարավորությունները, որովհետև այս պահին Հնդկաստանը ձգտում է ընդլայնել իր ներկայությունը Եվրոպայի տարբեր շրջաններում՝ մասնավորապես Կենտրոնական Եվրոպայում, Միջերկրածովյան տարածաշրջանում, ինչպես նաև Հարավային Կովկասում։ Այս համատեքստում Հայաստանը մեզ համար դառնում է ռազմավարական դարպաս։
Այս հարաբերությունը պարունակում է բոլոր ճիշտ բաղադրիչները։ Այն արագությունը, որով զարգացել են մեր երկկողմ կապերը, վկայում է այս հարաբերության մեծ ներուժի մասին։ Կարծում եմ՝ այս տարվա ընթացքում մենք կկարողանանք բարձրացնել այդ հարաբերությունների մակարդակը՝ գոնե հասցնելով ռազմավարական գործընկերության, որպեսզի այն համապատասխանի երկու երկրների հարաբերությունների բնույթին։
Ի՞նչ կարող եք ասել Հայաստան-Հունաստան-Հնդկաստան հարաբերությունների մասին պաշտպանության ոլորտում։
Ինչպես արդեն նշեցի, Հնդկաստանը շատ սերտ գործընկեր է Հունաստանի համար, նաև՝ Ֆրանսիայի։ Ես իսկապես տեսնում եմ մեծ ներուժ այս երկրների միջև։ Դրանք բոլորն էլ մտածելակերպով մոտ երկրներ են՝ Հնդկաստանի գործընկերներ։ Հնդկաստանն ու Ֆրանսիան արդեն իսկ ունեն պաշտպանության արդյունաբերական ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում քննարկվում են համատեղ արտադրության հնարավորությունները միջազգային շուկայում։
Հայաստանն այստեղ ստանում է առանցքային դեր, քանի որ Հնդկաստանը Հայաստանի խոշորագույն պաշտպանական մատակարարն է, իսկ երկրորդ տեղում Ֆրանսիան է։ Տրամաբանական է, որ Հնդկաստանն ու Ֆրանսիան միասին արտադրեն և սպառազինություններ մատակարարեն Հայաստանին։ Հունաստանն էլ մեր նորաստեղծ ռազմավարական գործընկերն է այս ոլորտում, և նա էլ դառնում է մեզ համար կարևոր խաղացող։
Հունաստանի ներգրավվածությունը լիովին տրամաբանական է։ Իմ կարծիքով՝ եթե ստեղծվի նման շրջանակ, որտեղ համախոհ երկրները համատեղ կարող են արտահանել և մատակարարել, ապա դա կլինի փոխշահավետ լուծում բոլոր կողմերի համար։ Դա նաև կխթանի վստահության և հուսալիության մթնոլորտը, որն էլ պաշտպանական արդյունաբերության ամենակարևոր հիմքերից մեկն է։ Այս առումով ես մեծ ներուժ եմ տեսնում Հնդկաստանի, Հունաստանի և Ֆրանսիայի եռակողմ համագործակցության մեջ՝ միտված Հայաստանի պաշտպանական դիմակայունության ամրապնդմանը։
Ի՞նչ կարող եք ասել Հայաստան-Հունաստան-Հնդկաստան համագործակցության համատեքստում պաշտպանության ոլորտում տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ։
Տեխնոլոգիայի փոխանցումը մնում է բավականին տեխնիկական և բարդ հարց։ Շատ հաճախ, երբ խոսում ենք տեխնոլոգիայի փոխանցման մասին, նկատի չունենք մտավոր սեփականության ամբողջական փոխանցումը։ Որոշակի բաղադրիչներ են փոխանցվում՝ ոչ ամբողջը։ Կարծում եմ՝ այստեղ էլ հաջող համագործակցության հիմքը դրվում է հենց համախոհ, վստահելի ու հուսալի գործընկերների միջև։
Այսօր պաշտպանության ոլորտում համագործակցությունը չի սահմանափակվում պարզապես առքուվաճառքով։ Խոսքը նաև համատեղ արտադրության մասին է, ամբողջական արտադրական ենթակառուցվածքի ձևավորման մասին։ Տեխնոլոգիաների փոխանցումը դրա մի մասն է։ Բայց կարծում եմ՝ անհրաժեշտ է ունենալ ավելի խորքային քննարկումներ այս թեմայի շուրջ, քանի որ այն հաճախ կարող է սխալ ընկալվել։ Ոչ մի երկիր տեխնոլոգիայի 100-տոկոսանոց փոխանցում չի անի, բայց կարելի է ձևավորել աստիճանաբար զարգացող մոդելներ։
Ինչպես արդեն նշել եմ, մեր նպատակը պետք է լինի վստահության ու հուսալիության ամրապնդումը՝ ներգրավելով ավելի շատ գործընկերների։ Հենց այդ պատճառով էլ պաշտպանության արդյունաբերական միջանցքի գաղափարը շատ հաջողված է․ մենք միավորում ենք տարբեր երկրների տեխնոլոգիաները և ներդրումները՝ ստեղծելով ավելի մրցունակ արտադրանք գլոբալ շուկայում։
Հարցազրույցի անգլերեն տարբերակը՝ այստեղ
Զրուցեց Արշալույս Մղդեսյանը
Civilnet










