Գլխավոր Լրահոս

Դրամը դոլարի օգտին է խաղում

Դրամը դոլարի օգտին է խաղում

Ազգային արժույթի նկատմամբ վստահության նվազումը ռիսկեր է ստեղծում ինչպես բանկերի, այնպես էլ ազգային տնտեսության համար։ Անցած տարի դրամի 7,8% արժեզրկումը հանգեցրել է ավանդների դոլարիզացիայի 0,6-տոկոսային կետով ավելացման։ Բացի այդ՝ դրամի թուլացումը բանկերին ստիպել է վարկավորումն իրականացնել հիմնականում արտարժույթով։

2012թ. բանկային համակարգում ավանդների ծավալն աճել է 18,5%-ով՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով Դ1,2 տրլն։ Արտարժութային ավանդներն այս ընթացքում ավելացել են 18,3%-ով՝ մինչև ֌845 մլրդ, ազգային արժույթով ավանդները՝ 18,6%-ով՝ հասնելով Դ366 մլրդ-ի։ Թեև դրամային ավանդների ծավալի աճը եղել է առաջանցիկ, ավանդների դոլարիզացիայի մակարդակը տարվա վերջին կազմել է 70,4% (2011թ. վերջին ցուցանիշը 69,8% էր)։ Իհարկե, մեկ տարվա ընթացքում ավանդների դոլարիզացիան ավելացել է ընդամենը 0,6-տոկոսային կետով, սակայն պետք է հաշվի առնել, որ բավական մեծ է ներկայիս մակարդակը։

Եթե հաշվի առնենք, որ անցած տարի դրամն արժեզրկվել է 7,8%-ով, ապա բանկային համակարգում դոլարիզացիան կարող էր է՛լ ավելի մեծ լինել։ Աճը որոշակիորեն զսպել է բանկերի որդեգրած տոկոսադրույքային քաղաքականությունը։

Մեկ տարուց ավելի ժամկետով դրամային ավանդների միջին տոկոսադրույքն անցած տարի ավելացել է 1,3-տոկոսային կետով՝ կազմելով 12,39%։ Բանկերն հիմնականում բարձրացրել են ժամկետային ավանդների տոկոսադրույքները, ինչի հետևանքով նրանց ծավալն աճել է մոտ 40%-ով կամ Դ54 մլրդ-ով։ Ժամկետային ավանդների աճը հիմնականում ապահովել են տնային տնտեսությունները՝ նրանց ավանդների ծավալն աճել է ֌46 մլրդ-ով կամ 52%-ով։

Ձեռնարկությունները 2012թ. չեն վստահել ազգային արժույթին և միջոցները նախընտրել են պահել արտարժույթով. ձեռնարկությունների արտարժութային ժամկետային ավանդների ծավալն աճել է 78%-ով։

Համաձայն հայաստանյան օրենսդրության՝ ցպահանջ է ավանդը, թե ժամկետային, ավանդատուի կողմից գումարը հետ ստանալու պահանջի դեպքում բանկերը պարտավոր են անմիջապես վերադարձնել այն։ Նման պայմաններում փոխարժեքային ռիսկերը բավական փոքր են։ Պարզ ասած՝ դրամի կտրուկ արժեզրկման դեպքում ավանդատուն ցանկացած պահի կարող է դրամային ավանդը վերաձևակերպել արտարժութայինի։

Թեև օրենսդրական այդ դրույթը նվազեցնում է արտարժութային ռիսկերը, տնային տնտեսությունները մեծ ռիսկի չեն գնացել և նախապատվությունը, այնուամենայնիվ, տվել են արտարժութային ավանդներին։ 2012թ. մեկ տարուց ավելի ժամկետով արտարժութային ավանդների միջին տոկոսադրույքը նվազել է 0,25-տոկոսային կետով. նույնիսկ այս պայմաններում բնակչության արտարժութային ժամկետային ավանդների ծավալն ավելացել է Դ79 մլրդ-ով կամ 27,8%-ով։

Ավանդների դոլարիզացիան իր ազդեցությունն է թողել նաև բանկային համակարգի վարկային պորտֆելի վրա, որն անցած տարի աճել է 26,5%-ով՝ դեկտեմբերի վերջին կազմելով Դ1,6 տրլն։ Բանկերի դրամային վարկերի ծավալն աճել է 15,8%-ով՝ տարեվերջին կազմելով Դ573 մլրդ։ Դոլարային վարկերի ծավալն ավելացել է 33,3%-ով՝ դեկտեմբերի վերջին կազմելով շուրջ Դ1 տրլն։ Արտարժութային ավանդների աճի առաջանցիկ տեմպի հետևանքով վարկերի դոլարիզացիան մեկ տարում ավելացել է 3,3-տոկոսային կետով՝ դեկտեմբերի վերջին կազմելով 64,3%։

Թեև անցած տարի արտարժութային վարկերի 24%-ն ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ, որում փոխարժեքային ռիսկերը թույլ են (արտադրանքն ամբողջովին արտահանվում է), բանկերը վարկավորել են նաև ոլորտներ, որոնք ենթակա են արտարժութային ռիսկերի։

Այսպես՝ բանկերը Դ18 մլրդ-ի վարկ են տրամադրել էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման և բաշխման ոլորտի ընկերություններին։ Հասկանալի է, որ այդ ընկերությունների եկամուտները դրամային են, և դրամի արժեզրկման պայմաններում փոխարժեքային ռիսկերը փոխհատուցվելու են սակագների միջոցով։

Մյուս ոլորտը, որի եկամուտները դրամային են, մանրածախ առևտուրն է, որին 2012թ. բանկերը տրամադրել են Դ26 մլրդ-ի արտարժութային վարկեր։ Այս ոլորտում նույնպես, դրամի արժեզրկման պայմաններում, արտարժութային ռիսկերը տեղափոխվելու են սպառողների ուսերին։

Բանկերն արտարժութային ռիսկերի տակ են դրել նաև սպառողներին. անցած տարի սպառողական քարտերով տրամադրվել են Դ23 մլրդ-ի արտարժույթով վարկեր։ Եթե սպառողական վարկերի դեպքում արտարժութային ռիսկերը կարճաժամկետ են, ապա դոլարային հիփոթեքային վարկերի դեպքում վարկառուն առնվազն 10 տարի անընդհատ կրելու է արտարժութային ռիսկերը։ Բանկերն անցած տարի ազգային արժույթով տրամադրել են Դ3,3 մլրդ-ի, արտարժույթով՝ Դ13,8 մլրդ-ի հիփոթեքային վարկեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում