Կուսակցությունների կայուն ֆինանսավորման անհրաժեշտությունը Հայաստանում

Հայկ Խանումյան
Կուսակցությունների կայուն և շարունակական ֆինանսավորումը ժողովրդավարական համակարգերի հիմնասյուներից է։ Հայաստանի օրենսդրությամբ կուսակցությունները կարող են ֆինանսավորվել անդամավճարներից, ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից, քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից, ինչպես նաև պետական բյուջեի հատկացումներից։ Վերջինիս իրավունքից օգտվում են միայն այն քաղաքական ուժերը, որոնք համապետական ընտրություններում հավաքում են առնվազն 3% (կուսակցությունների համար) և 5% (դաշինքների համար) ընտրողների քվեն։
2024-ի ՀՀ պետական բյուջեից կուսակցություններին տրամադրված ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 520 մլն դրամ։ Այդ գումարի ամենամեծ բաժինը՝ 268 մլն դրամ, հատկացվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Նրան հաջորդել են «Հայաստան» դաշինքը, ինչպես նաև արտախորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը, լինելով խորհրդարանական ուժ, պետական ֆինանսավորում չի ստացել, քանի որ Ազգային ժողով է մուտք գործել օրենքի ուժով՝ ընտրություններում չհաղթահարելով դաշինքների համար սահմանված շեմը։
Կուսակցությունների պետական ֆինանսավորման պրակտիկան տարածված է ամբողջ աշխարհում։ Ֆինանսավորման հիմքը հիմնականում համընդհանուր ընտրություններում ստացած ձայներն են, սակայն մի շարք երկրներում՝ մասնավորապես Եվրոպայում, հաշվի է առնվում նաև մասնակցությունը Եվրախորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ խրախուսելով կուսակցությունների ակտիվությունը տարբեր մակարդակներում։
Խորհրդարանական կառավարման մոդելով երկրներում, որտեղ օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժերն առանցքային դեր են խաղում քաղաքական որոշումների կայացման գործում, կուսակցությունների ֆինանսավորումն առավել կարևոր է։ Գերմանիան այս առումով ցուցադրական օրինակ է, որտեղ կուսակցություններին պետական ֆինանսավորում տրամադրվում է երկու ձևով.
- ուղիղ՝ ըստ ստացած քվեների քանակի, երբ կուսակցություններին պետական ֆինանսավորման չափը որոշվում է խորհրդարանական, եվրոպական և տեղական վերջին ընտրություններին ստացած ձայները բազմապատկելով 0,85-0,70 եվրոյով,
- կուսակցությունների հետ առնչվող քաղաքական հիմնադրամների կողմից։
Օրինակ, 2023-ին քրիստոնեա-դեմոկրատներին հարող «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ստացել է 226,7 մլն եվրո, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը՝ 202 մլն եվրո, Կանաչների կուսակցության «Հենրիխ Բյոլ» հիմնադրամը՝ 74,6 մլն եվրո, լիբերալներին առնչվող «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամը՝ 84 մլն և այլն։ Այս հիմնադրամները գործում են պետական գերատեսչությունների հովանու ներքո՝ վարելով քաղաքական հետազոտություններ, մշակելով քաղաքականություն և իրականացնելով միջազգային համագործակցություն։ Եթե համեմատենք այս բոլոր գումարները Ֆրանսիայի կուսակցություններին տրվող գումարների հետ (2024-ին՝ 66 մլն եվրո), կստացվի, որ Գերմանիայում կուսակցություններին և կուսակցական հիմնադրամներին ավելի քան տասն անգամ ավելի հանրային միջոցներ են հատկացվում։
Գերմանիան այսպիսով ցույց է տալիս, որ կուսակցություններին և նրանց հարակից հաստատություններին մատչելի պետական ֆինանսավորումը կարող է նպաստել քաղաքականության բարձր որակին, քաղաքական ներուժի զարգացմանը և գաղափարական մրցակցության ամրապնդմանը։ Հատկանշական է, որ աջ ծայրահեղական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը 2018-ին կուսակցական հիմնադրամ էր բացել, բացառվել է այս գործընթացից՝ հանրային միջոցների չարաշահման և ժողովրդավարական արժեքների վտանգման հիմքով։
Հայաստան vs այլ երկրներ
Հայաստանում կուսակցական դաշտը ձևավորվել է միայն խորհրդային միակուսակցական համակարգի փլուզումից հետո՝ 1990-ի Գերագույն խորհրդի ընտրությունների արդյունքում։ Դրանից հետո կուսակցությունների դերը աստիճանաբար աճել է՝ կապված խորհրդարանական ընտրակարգի փոփոխությունների հետ։ Ներկայում Հայաստանում քաղաքացիական պասիվ ընտրության իրավունքը (առաջադրվելու իրավունք) հնարավոր է իրացնել միայն կուսակցության ցանկում ընդգրկվելու միջոցով։ Կուսակցական համակարգը ներթափանցել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դաշտ, հատկապես խոշորացված համայնքներում։
Սակայն քաղաքական կյանքում նկատվում է ցիկլային աղճատում. իշխանությունից հեռացող կուսակցությունները հաճախ դուրս են մնում քաղաքական դաշտից՝ կորցնելով ֆինանսական հնարավորություններն ու կադրային պոտենցիալը։ Օրինակ՝ ՀՀՇ-ն 1998-ից հետո, ՀՀԿ-ն՝ 2018-ից հետո կորցրին իրենց քաղաքական դիրքերը, էապես թուլացան նրանց կառույցները։ Այդ երևույթն ուղեկցվում է քաղաքական փորձառության մերժմամբ, ինստիտուցիոնալ հիշողության կորստով և քաղաքական անգործունակությամբ։
Ժողովրդավարական զարգացած երկրներում կուսակցական ռոտացիան ավելի հավասարակշռված է։ ԱՄՆ-ում իշխանությունից դուրս մնացած քաղաքական գործիչները տեղափոխվում են համալսարաններ, վերլուծական կենտրոններ, խորհրդատվական կառույցներ։ Ֆրանսիայում ակտիվ է քաղաքական ռոտացիան համապետական և տեղական մարմինների միջև, ինչը հնարավոր է շնորհիվ եռաստիճան ուժեղ ՏԻՄ համակարգի (շրջան, դեպարտամենտ, համայնք)։
Հայաստանում, թեև առկա են քաղաքական հիմնադրամների ստեղծման որոշ փորձեր (օրինակ՝ ՀՅԴ-ի «Հրայր Մարուխյան» հիմնադրամը, ՀՀԿ-ի «Լույս» հիմնադրամը, Ժառանգության հետ առնչվող «Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնը»), սակայն դրանք հիմնականում գոյատևում են/էին օտարերկրյա դրամաշնորհների հաշվին։ Չկա պետական ֆինանսավորման համընդհանուր մեխանիզմ, ինչն անհրաժեշտություն է՝ քաղաքական գաղափարների մշակման և քաղաքական վերարտադրության համար։
Վերանայել կուսակցությունների ֆինանսավորման քաղաքականությունը Հայաստանում
Այս ամենի լույսի ներքո կարելի է պնդել, որ Հայաստանի քաղաքական համակարգի կայունացման, կուսակցությունների ինստիտուցիոնալացման և ժողովրդավարության խորացման համար անհրաժեշտ է պետական ֆինանսավորման կտրուկ՝ գոնե 15-20 անգամ ավելացում։ Այդ միջոցները կուսակցություններին հնարավորություն կտան․
- պահպանել և զարգացնել մասնագիտական կադրային բազա,
- ստեղծել և ամրապնդել քաղաքական դպրոցներ և հետազոտական կենտրոններ,
- իրականացնել հանրային միջոցառումներ, քաղաքական քննարկումներ և կրթական ծրագրեր։
Միայն քաղաքականության պրոֆեսիոնալացումը, գաղափարական մրցակցության խթանումը և շարունակական ակտիվության ապահովումը կարող են հիմք լինել կայուն ժողովրդավարության, վստահելի կառավարման և հանրային քաղաքականության որակյալ մշակման համար։
Այս իրավիճակի լույսի ներքո ակնհայտ է, որ անհրաժեշտ է վերանայել և վերաձևակերպել կուսակցությունների ֆինանսավորման քաղաքականությունը Հայաստանում։ Եթե նպատակ ունենք ունենալ կայուն, գաղափարապես հագեցած և ինստիտուցիոնալ առումով ամուր կուսակցական համակարգ, ապա պետք է ձեռնարկել մի շարք խորքային բարեփոխումներ։
Առաջին հերթին հարկավոր է էականորեն ընդլայնել պետական ֆինանսավորման ծավալները։ Ներկայում կուսակցություններին հատկացվող հանրային միջոցները ոչ միայն համեստ են, այլև բավարար չեն այնպիսի գործառույթների իրականացման համար, ինչպիսիք են քաղաքական կրթությունը, փորձագիտական աշխատանքը կամ տեղական կառույցների զարգացումը։ Հետևաբար, կուսակցությունների ֆինանսավորման տարեկան բյուջեն անհրաժեշտ է բազմապատկել առնվազն 15-20 անգամ՝ համահունչ ընտրողների թվին և կուսակցությունների ստացած ձայներին։ Սա ոչ թե շռայլություն է, այլ ժողովրդավարական համակարգի կենսունակության պահապան։
Բացի այդ, պետք է ներդնել քաղաքական հիմնադրամների պետական ֆինանսավորման մեխանիզմ։ Ինչպես ցույց է տալիս գերմանական փորձը, կուսակցություններին առնչվող վերլուծական, կրթական և հետազոտական հաստատությունները կարող են էականորեն նպաստել քաղաքական մշակույթի ձևավորմանը և հանրային քաղաքականության որակյալ մշակմանը։ Նման հիմնադրամների ֆինանսավորումը կարելի է իրականացնել ոլորտային գերատեսչությունների՝ օրինակ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կամ Արտաքին գործերի նախարարության միջոցով՝ ըստ հիմնադրամների ծրագրային ուղղվածության։
Կուսակցությունների կայունացման ևս մեկ առանցքային պայման է կադրային ներուժի զարգացումը։ Պետական միջոցներից պետք է հատուկ գումարներ ուղղվեն քաղաքական դպրոցների ստեղծման, կուսակցական կադրերի վերապատրաստման և ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաների ներդրման նպատակով։ Սա ոչ միայն կապահովի քաղաքական մրցակցության որակական աճ, այլև կկանխի իշխանափոխությունից հետո կառույցների փլուզումը։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ձևավորել բազմաաղբյուր ֆինանսավորման համակարգ։ Սա ենթադրում է, մի կողմից, անդամավճարների ներգրավման խթանում, մյուս կողմից՝ թափանցիկ նվիրատվությունների համակարգի հաստատում։ Բացի այդ, կարելի է օրինականացնել կուսակցությունների կողմից իրականացվող որոշ ծառայություններ կամ ձեռնարկատիրական գործունեության ձևեր՝ պայմանով, որ դրանք ունենան հստակ հաշվետվություն և ենթարկվեն վերահսկողության։
Թափանցիկությունն ու հաշվետվողականությունը նոր ֆինանսավորման համակարգի հաջողության գլխավոր նախապայմաններն են։ Հետևաբար, ֆինանսավորման աճին պետք է զուգակցի անկախ վերահսկող մարմինների կողմից իրականացվող խիստ վերահսկողությունը՝ կանխելու համար չարաշահումները և ապահովելու հանրային միջոցների արդյունավետ օգտագործումը։
Այս բոլոր քայլերի իրագործման պարագայում կարելի է ակնկալել՝
- կուսակցությունների վերարտադրության և գաղափարական կայունության բարձրացում,
- քաղաքական մասնակցության ընդլայնում հատկապես տեղական մակարդակում,
- փորձառու կադրերի պահպանում և նորացման հավասարակշռում,
- հանրային քաղաքական քննարկումների ակտիվացում և քաղաքական մշակույթի խորացում։
Եզրափակելով՝ պետք է ընդգծել, որ կուսակցությունների ֆինանսավորումը պետք է դիտարկվի ոչ թե որպես հավելյալ բեռ բյուջեի վրա, այլ որպես ռազմավարական ներդրում պետության ժողովրդավարական ապագայի համար։ Առանց ֆինանսական կայունության՝ անգամ լավագույն մտադրություններով կուսակցությունները չեն կարող կայուն զարգանալ, մրցակցել գաղափարների դաշտում, և առավել ևս՝ առաջարկել հանրությանը վստահելի ու գործունակ կառավարում։
Հայկ Խանումյանը հանրային գործիչ է, Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության հիմնադիրը։ 2020-2022 թթ. եղել է Արցախի տարածքային կառավարման նախարարը։
Civilnet










